ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգի նախագիծը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախադպրոցական կրթության բովանդակային վերանայման համատեքստում իրավական ակտի ընդունումը հիմք կհանդիսանա առկա ներուժի զարգացման համար և հնարավորություն կստեղծի մանկավարժներին հաղորդակից դարձնելու ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներին: Բացի դրանից՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում կբարձրանա մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշը, որը շարունակական ազդեցություն կունենա տարրական դասարաններում սովորողների կրթական արդյունքի վրա:
Համաձայն նախագծի՝ վերապատրաստման դասընթացն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության սահմանած ժամկետում՝ առկա կամ հեռավար եղանակով: Համայնքային և պետական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստումներն իրականացվում են պետական միջոցների հաշվին: Ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենները և մանկավարժական աշխատողները կարող են մասնակցել վերապատրաստմանը՝ հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին:
Ուսումնական հաստատության տնօրենների վերապատրաստման իրականացումը
Տնօրենի վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է ԿԳՄՍ նախարարի հաստատած ժամանակացույցով նախատեսված ժամկետին համապատասխան: Նախարարի հրամանով հաստատվում և նախարարության պաշտոնական կայքում հրապարակվում են տվյալ ուստարում վերապատրաստումների ժամանակացույցը և վերապատրաստող կազմակերպությունների ցանկը:
Տնօրենների վերապատրաստման մոդուլները մշակում է վերապատրաստող կազմակերպությունը՝ վերապատրաստման դասընթացի չափորոշչի և ծրագրի հիման վրա, ու ներկայացնում է նախարարություն՝ հաստատման: Վերապատրաստման դասընթացի վկայական ստանում է ընդհանուր ժամաքանակի առնվազն 80%-ին մասնակցած և չափորոշչին ու ծրագրին համապատասխան ամփոփիչ աշխատանք հանձնած տնօրենը:
Մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության և դասընթացի երաշխավորում
Մանկավարժական աշխատողին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և վերապատրաստման ամբողջ ծրագրի կամ նրա առանձին բաժինների հիման վրա կազմված դասընթացների ընտրությունն իրականացնում և դրանց գործունեությունը 3 տարի ժամկետով երաշխավորում է նախարարությունը՝ գնահատման արդյունքների հիման վրա: Կազմակերպությունը կարող է երաշխավորվել վերապատրաստման ամբողջական ծրագրի կամ դրա որևէ բաժնի մասով։
Ցանկում կարող են ընդգրկվել իրավաբանական անձի կարգավիճակ և պետական գրանցում ունեցող ՀՀ պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունները` նախադպրոցական ուսումնական հաստատություններ, հանրակրթական դպրոցներ, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտական կազմակերպություններ, ինչպես նաև կրթության ոլորտում իրենց կանոնադրությամբ ամրագրված վերապատրաստումների իրավունք և փորձ ունեցող հիմնադրամներ, ընկերություններ, հասարակական, միջազգային, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ:
Ցանկի ձևավորման կամ համալրման նպատակով նախարարությունը տարեկան առնվազն մեկ անգամ հայտարարում է մրցույթ: Կազմակերպությունն իր գործունեությունը պետք է իրականացնի նախարարի սահմանած` նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին վերապատրաստման չափորոշչին, ծրագրին և կազմակերպության կողմից մշակված վերապատրաստման թեմատիկ պլանին համապատասխան:
Վերապատրաստման իրականացումը
Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցով նախատեսված ժամկետին համապատասխան՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ: Համատեղությամբ աշխատող մանկավարժական աշխատողը վերապատրաստման ներկայացվում է հիմնական աշխատավայրից:
Ուսումնական հաստատությունը հրապարակված ցանկից ընտրում է վերապատրաստող կազմակերպություն` պայմանագիր կնքելու համար: Վերապատրաստման դասընթացի առնվազն երկու երրորդին մասնակցած և առնվազն 9 միավոր հավաքած մանկավարժական աշխատողին դասընթացի ավարտից հետո տրվում է վկայական՝ 5 տարի ժամկետով:
Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հունիսի 18-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։