«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է, բայց ինքն էլ մեծ հաճույքով հագնում է, նշանակում է՝ Սահմանադրությունը լավ բան է»,- երեկ՝ կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ, ասել է «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը:
«Մենք հավաքվել ենք, որ պետական պաշտոնյաներին ասենք, որ կա հասարակության մի խավ, որի դարդերը, ցավերը ոչ միայն ուշադրության չեն արժանանում, այլեւ իշխանությունները փորձում են նրանց տարրալուծել, կորցնել, որովհետեւ մինչեւ հիմա մեզ փախստականի կարգավիճակ չեն տալիս: Մենք պետք է պահանջենք, որ մեզ տան փախստականի կարգավիճակ: Մեր հարցերով ոչ ոք չի զբաղվում՝ ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ «Դիմադրություն» շաժումը։ Նիկոլ Փաշինյանն անպայման պետք է հեռանա, ինչպես նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան է ստորագրել, նույնկերպ պետք է հանձնի իշխանությունը ու գնա։ Դա մեր ազգի համար հրամայական է։ Իսկ «Դիմադրություն» շարժման հարթակում երբեք չհնչեց Արցախի փախստականների մասին հարց, Արցախի անկախության կամ կարգավիճակի հարց։ Ընդհակառակը, անում էին անհասկանալի հայտարարություն, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում. սա կարգավիճակ չէ, քաղաքական կատեգորիա չէ։ Ինչո՞ւ չեն հայտարարում Արցախի անկախության մասին. որովհետեւ չեն ուզում նոյեմբերի 9-ի այդ տխրահռչակ որոշմանը դեմ դուրս գալ»,- հայտարարել է Լեւոն Հայրյանը։
Նա ընդգծել է, որ իրենց բողոքի ակցիաները հիմնականում երկու կարգախոսով են անցկացվելու՝ հայկական կարգավիճակ՝ Արցախի համար, եւ փախստականի կարգավիճակ՝ Արցախի օկուպացված տարածքներից տեղահանվածների համար: Մեր երազանքն առաջին հերթին միացումն է Հայաստանին»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ միջազգային հանրությունը պահանջում է, որպեսզի Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցվի, Լեւոն Հայրյանն ասաց. «Մեկ անգամ արդեն իջեցրել ենք նշաձողը՝ համաձայնելով միացումի փոխարեն անկախ Արցախի Հանրապետության գաղափարին։ Արցախի ինքնորոշման իրավունքի նշաձողն իջեցնելու ցանկություն հայտնող որեւէ քաղաքական գործիչ իրեն հայ համարելու իրավունք չունի։ Միջազգային իրավունքի մեջ հստակ գրված է՝ եթե մի տարածքի ժողովուրդ որոշում է ինքնորոշվել, դա չի վերաբերում սահմանների անձեռնմխելիությանը։ Սահմանների անձեռնմխելիությունն առաջանում է այն ժամանակ, երբ մի պետություն հարձակվում է մյուսի վրա։ Այսինքն՝ մեր քաղաքական դասը, սա իմանալով, դիտավորյալ բանակցությունները վարում էր այդ ուղղությամբ, փոխանակ Կոսովոյի նախադեպով միջազգային դատարաններում հայց ներկայացներ եւ պահանջեր ճանաչել ինքնորոշման իարվունքը»,- նշել է նա։
Հայրյանը նաեւ հավելել է, որ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցում այսօր պահանջում են Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն հակառակ հայտարարություններով ու գործողություններով են հանդես գալիս։ Որպես օրինակ նա բերեց պատերազմից հետո Ֆրանսիայի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու բանաձեւի ընդունումը։ Հայրյանը նշել է, որ արդեն վաղը արցախցիները կառավարության շենքի մոտ նստացույց կսկսեն։
Ն. Հ.
ՏՈՒԳԱՆՔՆԵՐ
Հայաստանում քաղաքաշինության բնագավառում խախտում անելու համար մեծ տուգանքներ կնշանակվեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդ նպատակով Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կարվեն: Մեզ հայտնի դարձավ, որ Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների, քաղաքաշինական նորմերի էական խախտումներով, հասարակական եւ արտադրական շենքերում կամ շենքերին կից շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելու, վերականգնելու, ուժեղացնելու, արդիականացնելու, վերազինելու, ընդլայնելու, հիմնանորոգելու կամ տեղադրելու համար տուգանել 500 հազար դրամից մինչեւ 1 մլն դրամի չափով:
Ավելին, սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների, քաղաքաշինական նորմերի էական խախտումներով հողամասում, ինչպես նաեւ բնակելի, հասարակական եւ արտադրական շենքերում կամ շենքերին կից շենք, շինություն կամ այլ կառույց քանդելը կամ ապամոնտաժելու համար եւս տուգանքի կնշանակվի՝ 500 հազար դրամից մինչեւ 1 մլն դրամի չափով: Իսկ կառուցապատումը-շինարարությունը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում չավարտելու դեպքում տուգանքի չափը կկազմի շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոս: Բացի այս, տուգանքի նշանակելուց հետո՝ չիրականացված աշխատանքների համար կառուցապատման-շինարարության տեւողության նորմերով հաշվարկված նոր ժամկետում կառուցապատումը-շինարարությունը չավարտելու համար տուգանքի չափը կկազմի շինարարության նախահաշվային արժեքի 10 տոկոսը:
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՄԵՂՄԱՑՐԵԼ ԵՆ
Տուրիստական սեզոնին որոշ երկրներ կորոնավիրուսի սահմանափակումները մեղամացրել են, բայց կան նաեւ եվրոպական երկրներ, որտեղ մուտքի թույլտվություն ստանալու համար պարտադիր է ամբողջական պատվաստման սերտիֆիկատն ու Covid-19 թեստի բացասական արդյունքը: Մեր հայրենակիցների մեծ մասը ամառային հանգիստը նախընտրում է անցկացնել Հունաստանում: Ի՞նչ պետք է իմանան Հունաստան մեկնողները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա մայիսի 1-ից մինչ այժմ, քանի դեռ թույլ է տալիս համաճարակաբանական իրավիճակը, բոլոր զբոսաշրջիկները, անկախ իրենց ծագման երկրից, այլեւս պարտավոր չեն ներկայացնել պատվաստման կամ COVID-19-ից ապաքինման վկայական, բացասական վկայական թեստի արդյունք, ինչպես նաեւ անցնել արագ թեստավորման ընթացակարգ ժամանելուն պես: Ուժի մեջ շարունակում է մնալ PLF հարթակում էլեկտրոնային ձեւի լրացնելը, սակայն այն պարտադիր չէ: Նշենք, որ այս հարթակի միջոցով զբոսաշրջիկին, իր ընտանիքի անդամներին հնարավորություն է տրվում տրամադրել կորոնավիրուսի բացասական կամ դրական տեստեր: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հունաստանում սրճարաններ, պանդոկներ, թանգարաններ եւ այլ հասարակական վայրեր այցելելու համար բացասական թեստի արդյունքն ու պատվաստման վկայականներ չեն պահանջվում: Դրանք անհրաժեշտ են միայն բժշկական եւ կրթական հաստատություններ այցելելու համար: Փակ տարածքներում, սուպերմարկետներում եւ տրանսպորտում շարունակում է պարտադիր մնալ շնչառական պաշտպանության բարձր աստիճանով դիմակներ կամ, որպես այլընտրանք, կրկնակի դիմակի կրումը:
ԲՈՒԺԿԵՏԻ ՇԵՆՔԸ՝ ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ
«ժողովուրդ» թերթը գրել էր, որ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ հեռավոր Բարեկամավան գյուղի բուժկետի սուր խնդիր է առկա։ Բուժկետի տանիքի կեսը երկու տարի առաջ ուժգին քամի քշել-պոկել է, մեկ հարկ ունեցող շենքի կեսը արդեն երկու տարի ծածկ չունի, անձրեւները լցվում են բուժկետի ներս, որի պատերի վերին անկյուններում մեծ բորբոս, մեծ սնկեր են աճում։ Համացանցում բարեկամավանցիների ահազանգից հետո ՀՀ առողջապահության նախարարությունից ոչ պաշտոնապես արձագանքել են, որ Բարեկամավանի բուժկետը գտնվում, գործում է Տավուշի մարզպետարանի ենթակայության ներքո, բուժկետի շենքի վերանորոգման խնդիրն էլ Տավուշի մարզպետարանը պետք է լուծի։ Բուժկետի ներսում հակասանիտարական վատթար վիճակ է, պատերի սվաղը թափված է, կառույցի ճակատային մասում եւս սվաղը թափված է։ Բարեկամավանի բուժկետը գործում է հարեւան գյուղի՝ սահմանամերձ Կոթիի բժշկական ամբուլատորիային կից, Բարեկամավանի բուժեկտն ունի մեկ աշխատակից՝ բուժքույր Նազիկ Մեհրաբյանը, որն իր առողջության համար վտանգավոր պայմաններում է աշխատում։ Հակասանիտարական այդ պայմաններում են սահմանամերձ Բարեկամավանի բնակիչները բուժօգնություն եւ խորհրդատվություն ստանում, պատվաստումների ենթարկվում, այդ անմխիթար պայմաններում է պահվում բուժկետի գույքը եւ դեղորայքը։
Բարեկամավանի վարչական ղեկավար Գարիկ Աբազյանի խոսքով՝ գյուղի բուժկետի շենքը պատկանելություն չունի, այսինքն՝ փաստաթղթերով չի պատկանում համայնքին, պետությանը, ինչը դժվարեցնում է շենքի վերանորոգման գործը։ Գ. Աբազյանի խոսքով՝ մոտ 20 տարի առաջ գյուղում բուժկետ են գործարկել, որը տեղակայելու համար որպես ազատ շենք գտել են այդ կառույցը։
Մեր հրապարակումից հետո Բարեկամավանի բուժկետի նորոգման խնդրով սկսել է հետաքրքրվել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։ Հարց է ծագում՝ Տավուշի մարզպետարանը, որի ենթակայությամբ է գործում Բարեկամավանի բուժկետը, տարիներ շարունակ խնդրին տեղյակ չի՞ եղել, եթե բուժկետի շենքը ո՛չ համայնքին, ո՛չ պետությանը, ո՛չ էլ որեւէ կազմակերպության չի պատկանում, տարիներ շարունակ ինչպե՞ս են գումարներ դուրս գրվել այդ կառույցի ձմեռային ջեռուցման համար։ Եթե բուժկետի շենքի պատկանելիությունը անհայտ է, ինչպե՞ս է 2005թ.-ին, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Վորլդ վիժն» եւ «Ապավեն համայնքներին» կազմակերպությունների միջոցով Բարեկամավանի բուժկետը վերանորոգվել, կահավորվել եւ վերազինվել, 3 կազմակերպությունների մասնակցությամբ այդ ծրագիրը ներկայացնելուց, իրականացնելուց առաջ պետք է պարզվեր, թե փաստաթղթով ում հաշվեկշռում գտնվում այդ շենքը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ