ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը, թե «Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը»:
Ֆրանսիայի ԱԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում հրապարակված պատասխանի մեջ նշվում է.
«Դուք գիտե՞ք, որ 1997 թ. հունվարի 1-ից Ֆրանսիան, ԱՄՆ-ի և Ռուսատանի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է։ Խումբը հարթակ է ապահովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար, որպեսզի Հարավային Կովկասում, ի վերջո, կայունություն հաստատվի»:
Օգոստոսի 24-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է որպես Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական։
ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ Ռիքերը միաժամանակ կատարելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթներն ու հանդես է գալու որպես Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակության գլխավոր բանակցող։
Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան էլ, օգոստոսի 25-ին մեկնաբանելով Բլինքենի նշանակումը, այդ քայլը որակել է իբրև «տարածաշրջանում ստեղծված իրողություններից հեռու մոտեցում»:
«Գրեթե չգործող Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման»,- ընդգծել է նա:
ԱՄՆ պետդեպարտամենտից օգոստոսի 26-ին պատասխանել են ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ ադրբեջանական կողմի հնչեցրած հայտարարությանը՝ նշելով. «Մենք հանձնառու ենք նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ երկխոսության զարգացմանը տարբեր մակարդակներում, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ համագործակցության միջոցով փորձելու ենք հասնել երկու երկրների միջև համապարփակ խաղաղ կարգավորման»:
ՄԽ ամերիկացի համանախագահի նշանակմանը Բաքվի կոշտ արձագանքին՝ ի պատասխան, արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանն էլ նշել է՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորմանը, եւ այս մանդատը որեւէ մեկը չի չեղարկել»: