Մինչև Փաշինյանը հերքում է, Արցախի բարձագույն ղեկավարությունն անհանգստության նոտա է հղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչև Նիկոլ Փաշինյանը շտապում է հերքել իր իսկ ասած միտքը, թե հանուն խաղաղության պատրաստվում է ինչ-որ քայլերի դիմել, ըստ երևույթին՝ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, Արցախի իշխանություններից անհանգստության նոտաներ են հնչում։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է հայտարարություն տարածել, որտեղ մասնավորապես ասվում է, որ ոչ մի հանգամանք չի կարող մեզ շեղել մեր ընտրած ճանապարհից՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ու անսակարկելի հիմքով Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումից:

«Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ, նախ, Արցախի ժողովուրդն է որոշում իր սեփական ճակատագիրը սեփական հայրենիքում, և, երկրորդ, մենք ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու ժողովուրդ չունենք:
Մենք բազմիցս հայտարարել ենք ու հիմա էլ վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Մյուս կողմից, հարկ է բոլորս գիտակցենք, որ այս դժվարին իրավիճակում մեր պայքարի ուղին երկար է և լի մարտահրավերներով, սակայն, վստահ եմ, համազգային ջանքերով մենք ի վերջո հասնելու ենք մեր նպատակներին»,- ասված է Հարությունյանի տարածած հայտարարության մեջ:

Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու անթույլատրելիության մասին նաև Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն է գրել՝ ընդգծելով․ «Արցախ-ը երբեք չի լինի Ադրբեջան-ի կազմում, անկախ նրանից, թե ով և ինչպես է դա ցանկանում»։

Հիշեցնենք, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ իշխանական ամբողջ ապարատը, իրար հերթ չտալով այս պահին գրում են ու փորձում են հերքել, թե Փաշինյանը փաստաթղթի մասին ինչ-որ բան է ասել։
Նա, նշենք, այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մասավորապես նշել էր․ «Ինձ վրա պատասխանատվություն եմ վերցնում՝ գնալու ծանր որոշումների՝ հանուն խաղաղության»։

Հավելենք նաև, որ այս պահին Երևանում իրական քաոս է։ 10 հազարավոր մարդիկ են հավաքվել Ազգային ժողովի դարպասների մոտ ու Հանրապետության հրապարակում։
Նկատենք, որ եթե անգամ Արցախի ղեկավարությունն է բացեիբաց հայտարարություններ անում, նշանակում է՝ պահն իրոք օրհասական է ու ծայրահեղ լուրջ։

Սևակ Վարդումյան




Լրահոս