Ժամկետային զինծառայողը, ոտնաձայներ լսելով, մտածել է, թե մոտեցողը հակառակորդն է․ ՔԿ֊ն՝ ողբերգական դեպքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին` ժամը 23:40-ի սահմաններում, զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայողը, ոտնաձայներ լսելով, մտածել է, թե մոտեցողը հակառակորդի ԶՈՒ զինծառայող է և խախտելով մարտական հերթապահության կրման վերաբերյալ ՀՀ ՊՆ համապատասխան հրամանով սահմանված կանոնները՝ իրեն ամրակցված «АКМ» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել ծառայակցի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ստացել է հրազենային մահացու մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ կրակոցներ արձակած զինծառայողը, ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցանք կատարած լինելու կասկածանքով, ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն:

ՀԻշեցնենք, որ ArmLur.am-ն այսօր հայտնել էր, որ մեր բացառիկ տեղեկությունների համաձայն` իրավապահ համակարգը բացահայտել է, թե ով է կրակել ժամկետային զինծառայողին: Քննություն են տանում հասկանալու համար, թե զինվորին դիտավորյա՞լ են սպանել, թե՞ պատահականություն է եղել: Նախնական տեղեկություններով ոտնաձայներ են լսվել, դիրքում խուճապային իրավիճակ է եղել եւ հնչել է կրակոց:




Լրահոս