ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՑԱՆՑ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովին է ներկայացվել կառավարության հեղինակած «Հաշտարարության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթը, որը միտված է հաշտարարության ինստիտուտի կայացմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացմանը:

 

Նախագծով սահմանվել են հաշտարարության առցանց իրականացման հնարավորություն, հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության մարմինների ձեւավորման կարգ եւ լիազորությունների վերաբերյալ հստակ իրավակարգավորումներ, հաշտարարությունը խթանող գործիքակազմեր, հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկման հիմքերը, առիթները, կարգը եւ մի շարք այլ հարցեր։

Մշակվել է ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթ, որով նախատեսվում են հետեւյալ հիմնական կարգավորումները.

-որոշ ընտանեկան գործերով նախքան դատարան դիմելը սահմանվել է պարտադիր հաշտարարություն իրականացնելու պայման: Մասնավորապես՝ առաջարկվել է ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճար) բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, ծնողական իրավունքների իրականացման, երեխայի մերձավոր ազգականների՝ երեխայի հետ շփվելու արգելքները վերացնելու, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ գործերով մինչեւ դատարան դիմելը նախատեսել պարտադիր հաշտարարության պահանջ: Նշված վեճերով կողմերը կկարողանան դատարան դիմել միայն այս արտադատական կարգը պահպանելուց հետո: Օրենքի նախագծով առաջարկվել են նաեւ նշված կանոնի գործողության որոշ բացառություններ, օրինակ՝ եթե հնարավոր չլինի հաշտարար նշանակել, ապա կողմը կկարողանա առանց արգելքի դիմել դատարան։  Պարտադիր հաշտարարության ինստիտուտի սահմանման առումով կարեւոր է նշել, որ կողմերը չեն զրկվում դատական պաշտպանության իրավունքից եւ հնարավորություն ունեն դիմել դատարան վեճի լուծման արտադատական կարգի իրացումից հետո: Կարեւոր է միայն մասնակցել հաշտարարի հետ առաջին հանդիպմանը, եւ եթե կողմը հրաժարվի հաշտարարությունից, նա կարող է, ամեն դեպքում, դրանից հետո դիմել դատարան։ Նման մոտեցումը համահունչ է ինչպես ներպետական սահմանադրական, այնպես էլ կոնվենցիոն իրավակարգավորումներին եւ ՄԻԵԴ դատական պրակտիկային։

-Սահմանվել է առցանց հաշտարարության իրականացման հնարավորություն՝ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ։

-Սահմանվել է հաշտարարի թեկնածուի ընտրության եւ նշանակման էլեկտրոնային կարգ։

-Սահմանվել են նաեւ հաշտարարների որակավորման գործընթացի կատարելագործմանն ուղղված իրավակարգավորումներ։ Հստակ սահմանվել են հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինները, վերջիններիս լիազորությունները։

-Նախատեսվել են հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթները, հիմքերը, կարգապահական վարույթի առանձնահատկությունները:

Հարկ է նշել, որ նախագծով առաջարկվում են նաեւ մի շարք այլ կարգավորումներ՝ կապված հաշտարարական գաղտնիքի պահպանման, կողմերի հետ փոխկապակցվածության բացահայտման, դատարանի կողմից հաշտարարության նշանակման վերաբերյալ։

Նախագծերի ընդունումից հետո՝ առավելագույնը մեկ տարվա ընթացքում, Արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է լինելու գործող հաշտարարների վերապատրաստման եւ նոր հաշտարարների ներգրավման ու որակավորման գործընթացին: Այս գործընթացին փորձելու ենք ներգրավել նաեւ միջազգային գործընկերներին՝ հաշտարարների ուսուցումն ու որակավորումը միջազգային չափանիշներին համապատասխան իրականացնելու համար: Բացի այդ, կմշակվի հաշտարարության էլեկտրոնային հարթակը, որի միջոցով կիրականացվի հաշտարարների հաշվառումը, ընտրությունը եւ նշանակումը։ Իսկ օրենքի ընդունումից հետո մեկ տարի անց արդեն կսկսի գործել ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարության ինստիտուտը:

 

 

 

ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը Ազգային ժողովին ներկայացրեց ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը սահմանելու մասով ՀՀ կառավարության համար լիազորող նորմերի սահմանումը: Ազգային ժողովի նիստի ժամանակ Ղուլարյանը նշեց, որ  հետխորհրդային տարիներին բնակֆոնդի անվտանգ շահագործման ուղղությամբ համակարգված լայնածավալ աշխատանքներ չեն իրականացվել։

 

Բազմաբնակարան շենքերի սեփականատերերի կողմից եւս պարտադիր նորմերը չեն կատարվել անհրաժեշտ ծավալով եւ որակով։ Խնդիրների լուծումն ավելի շուտ կրել է իրավիճակային բնույթ։ Դրա հետեւանքով զգալիորեն մեծացել է բնակֆոնդի մաշվածությունը։ Մասնավորապես՝ մարզերից եւ Երեւան քաղաքից հավաքագրված տվյալների համաձայն՝ հանրապետությունում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (3-րդ եւ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) ավելի քան 600 բազմաբնակարան շենք: Այսինքն՝ առկա տվյալների համաձայն՝ անբավարար տեխնիկական վիճակում է գտնվում հանրապետության մոտ 19 հազար բազմաբնակարան շենքերի 3,2 տոկոսը։ հանրապետության բնակավայրերում առկա է նաեւ քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 1200 անհատական բնակելի տուն (որից մոտ 1000-ը՝ բնական աղետների հետեւանքով)։

Հայեցակարգի հիմնական նպատակն անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման համար 2021-2023 թվականների ընթացքում իրավական հիմքերի ստեղծումն է հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրում ներառված իրավական ակտերի մշակման միջոցով, հիմնախնդրի կանոնակարգման համար լուծումների առաջադրումը, պետական քաղաքականության հիմնական մոտեցումների հստակեցումը եւ այդ մոտեցումների արդյունավետությունը, հասցեականությունը, առաջնահերթությունների ապահովումը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (ուժեղացման եւ վերակառուցման՝ 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող եւ քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման նպատակով սահմանել լիազորող նորմեր կառավարության համար:

 

 

 

ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՈՒՄ

2021թ. փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավար նշանակված, ՔՊ կուսակցության Դիլիջանի տարածքային կառույցի ղեկավար Դավիթ Սարգսյանը շարունակում է Դիլիջան քաղաքի հողերը մեծ թափով,  շուկայականից ցածր գներով օտարել, այդ թվում՝   Երեւանի բնակիչների։ Նախկինում փաստերով գրել եմ Դիլիջանի հողերը մայրաքաղաքի բնակիչներին վաճառելու մասին։ Դիլիջան քաղաքում  բնակավայրերի հողերի քառակուսի մետրի շուկայական  նվազագույն գինը  10 հազար դրամ է,  իսկ քաղաքի հողերը էժան գներով   օտարելու հետեւանքով  Դիլիջան համայնքի բյուջե չեն մտնում միլիոնավոր դրամներ։ Դիլիջանի բնակիչները հայտնում են, որ վաղն իրենց տղաները տնամերձ հող չեն ունենալու, որ տուն կառուցեն, որովհետեւ համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը  հողերը  թափով  ծախում է։   Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը   տեղեկացնում է, որ Դիլիջանի համայնքի ղեկավարի 2022թ. հուլիսի 29-ի թիվ 536-Ա որոշմամբ 2022թ. օգոստոսի 30-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 765.0քմ հողամաս Դիլիջան քաղաքի Վասիլեւի փողոցի թիվ 46/9 հասցեում արտադրական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 5355000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 5355000 դրամ առավելագույն գնով հաղթել է Երեւանի Դավիթաշեն 3-րդ թաղ. շ. 24 բն. 9  հասցեի բնակիչ Նունե Աղասինի Էլիզբարյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 10 արձանագրությունը:

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2022թ. հուլիսի 29-ի թիվ 536-Ա որոշմամբ 2022թ. օգոստոսի 30-ին աճուրդի է  ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 835.9քմ հողամաս  Դիլիջան քաղաքի Վասիլեւի փողոցի 128/3 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 5851300 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 6143865 դրամ առավելագույն գնով հաղթել է  Երեւանի Սասնա ծռեր փողոցի շ. 2 բն. 221 հասցեի բնակիչ Լեւոն Սարգսյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել  է թիվ 6 արձանագրությունը: Դիլիջանի համայնքի ղեկավարի 2022թ. հուլիսի 29-ի թիվ 536-Ա որոշմամբ 2022թ. օգոստոսի 30-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 148.0քմ հողամաս  Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 4/4 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 1036000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 1139600 դրամ առավելագույն գնով հաղթել է Երեւանի Արտաշատի խճուղի թիվ 90 հասցեի բնակիչ Արշակ Սարգսի Սարգսյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 9 արձանագրությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

 

 




Լրահոս