ArmLur.am-ի տեղեկություններով, քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են բուհերի միավորման հետ կապված հարցերը:
Ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանը խիստ նկատողություն է տվել ԿԳՄՍ նախարար Դումանյանին այն բանի համար, որ վերջինս առանց բուհերի հետ քննարկելու, շրջանառել է Բրյուսովի անվան պետական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը մանկավարժական համալսարանին միացնելու կառավարության որոշման նախագիծը:
Վարչապետն անընդունելի է համարել կրթական համակարգի բարեփոխումների գործընթացում թափանցիկության բացակայության, ակադեմիական համայնքի ներգրավվածության բացառման՝ ԿԳՄՍ նախարարի որդեգրած քաղաքականությունը: Միևնույն ժամանակ, ԿԳՄՍՆ-ին հանձնարարական է տրվել կասեցնել վերոհիշյալ երեք բուհերի միավորման գործընթացը, ձևավորել մասնագիտական խումբ միավորման գործընթացները քննարկելու և ռազմավարությունից բխող՝ ըստ ոլորտների խոշորացված բուհեր ձևավորելու վերաբերյալ հիմնավորված առաջարկություններով հանդես գալու համար:
Ակնհայտ է, որ վարչապետը ընդունելի է համարել սույն գործընթացում ԲՊՀ աշխատակազմի և ուսանողների կողմից ներկայացված հինգ կետանոց առաջարկը և լուծում տվել ԲՊՀ ու ՀՖԿՍՊԻ բարձրացրած խնդիրներին, ինչը մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու, որ ԿԳՄՍ նախարարն իր տեղում չէ:
Լիդա Եղիազարյան