Պարոն Խզմալյանը թող պատասխանի, թե ինչու են նման որոշում կայացրել:Մենք չեն համաձայնել նախագծի հետ եւ մեր համաձայնությունը չենք տվել: Արդեն որոշված է, Կառավարությունն ընդունել է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի պարի պետական անսամբլ»-ի տնօրեն Էրիկ Չանչուրյանը` անդրադառնալով Կառավարության սեպտեմբերի 16-ի նիստի այն որոշմանը, որով «Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ», «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ները միաձուլվում և ձևավորում են «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ:
Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց համար անակնկալ է եղել ԿԳՄՍ նախարարության նման որոշումը, եւ նրա հարցադրումներին ի պատասխան Արա Խզմալյանն ասել է, թե այսպես ավելի արդյունավետ կլինի աշխատանքը:
Իսկ ահա մեր զրուցակիցը չի կիսում փոխնախարարի կարծիքը. «Ես ոչինչ ասել չեմ կարող, պետությունն արդեն որոշել է իր քայլերը»:
Հավելենք, որ որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» անվանմամբ ստեղծվող նոր ՊՈԱԿ-ի կազմում կհամախմբվեն հայկական ժողովրդական արվեստը ներկայացնող երաժշտական և պարային խմբերը, ինչն իր հերթին կնպաստի արտաբյուջետային միջոցների աճին, պետական ֆինանսավորման արդյունավետ կիրառման ապահովմանը:
Ներկայում Հայաստանում գործող պետական կարգավիճակ ունեցող 6 մշակութային կազմակերպություն չունեն իրենց հիմնական գործառույթներից բխող գործունեությունը (փորձեր և համերգներ) իրականացնելու մշտական հարթակներ և տեղակայված են այլ կառույցներին պատկանող տարածքներում։ Այսպես՝ Հայաստանի պարի պետական անսամբլը գործում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը՝ «Ա․Խաչատրյան համերգասրահ»-ի նկուղային հարկում, Թ․Ալթունյանի անվ․ երգի-պարի պետական համույթը՝ Հայաստանի երգչախմբային ընկերությունում:
Ներկայում, ՊՈԱԿ-ների թվակազմը ունի հետևյալ պատկերը․
«Հայաստանի պարի պետական անսամբլ» ՊՈԱԿ՝ 71 հաստիք
«Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ՝ 88 հաստիք
«Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ» ՊՈԱԿ՝ 52 հաստիք:
Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմ կընդգրկվեն նաև ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող ևս 3 ստեղծագործական խումբ, որոնք այժմ գործում են «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի ներքո՝ «Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբ»-ը, «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթ»-ը և «Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթը»:
Լիդա Եղիազարյան