ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն ասում է, որ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ակցիան՝ սադրանքը, ինչի պատճառով արդեն երկրորդ օրն է՝ փակ է Բերձորի միջանցքը, նաեւ ռուս խաղաղապահների դեմ է ուղղված:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշում է, որ ադրբեջանցիները ցանկանում են հասնել նրան, որ խաղաղապահները ուժ կիրառեն, ինչից հետո ի լուր աշխարհի կհայտարարեն, թե «ռուսներն ագրեսոր են»:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակ մնալը մի շարք հումանիտար խնդիրներ է ստեղծել Արցախի համար: Ստեղծված իրավիճակը հանգեցնում է հումանիտար աղետալի հետեւանքների. դադարեցվել են սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի եւ անհրաժեշտ պարենի մատակարարումները, հազարավոր մարդիկ գտնվում են մեկուսացման մեջ, շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին ձմեռային ցուրտ պայմաններում՝ հնարավորություն չունենալով միանալ իրենց ընտանիքներին, այդ թվում՝ 270 երեխաներ այս պահին կտրված են իրենց ընտանիքներից։
-Պարո՛ն Զաքարյան, արդեն տեւական ժամանակ է՝ Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ տրանսպորտային հանգույցը փակ է: Ի՞նչ գնահատական կտաք այդ ամենին:
-Կատարվածն իհարկե Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիայի ձեւերից մեկն է: Երբ փակվում են կենսական նշանակություն ունեցող հաղորդակցության ուղիները, ապա դա հավասարազոր է ագրեսիայի: Բնականաբար, բոլորս էլ լավ հասկանում ենք, որ որեւէ բնապահպանական նշանակություն չունի ադրբեջանցիների պահանջը, եւ նրանց նպատակը նոր զիջումներ պահանջելն է, օրինակ՝ Զանգեզուրի միջանցքը, Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվելը եւ այլն: Սա անթույլատրելի է, եւ սրա մասին մենք բազմիցս խոսել ենք, ու պետք է միջազգային հանրությանը եւս մեկ անգամ ներկայացնել: Ռուսական խաղաղապահ առաքելության գործողությունները եւս զգուշավոր են, բայց նրանք կարեւորագույն անելիք ունեն, եւ հույս ունենք՝ իրագործման ճանապարհին լուրջ հետեւանքներ չեն լինի:
-Արցախի խորհրդարանական ուժերը երեկ հայտարարություն էին տարածել, որտեղ նշվում էր, թե իրավիճակից ելքերի համար պետք է քայլեր իրականացնեն նաեւ ՀՀ իշխանությունները: Հասցեակա՞ն են արդյոք նրանց հայտարարությունները:
-Այո, հասցեական են, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հեղինակներից մեկը նաեւ ՀՀ, այսպես կոչված, կառավարությունն է, որը, որպես կողմ, պետք է լիարժեք ապահովի Արցախի՝ դեպի աշխարհ կապող միակ ճանապարհի անվտանգ կիրառումը:
-Տեսակետ կա, որ սա կարող է հենց ռուս խաղաղապահների դեմ քայլ լինել, ոչ թե Արցախի կամ Հայաստանի: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Ես ասացի նաեւ դրա մասին, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը, որպես իր պատասխանատվության գոտում տեղի ունեցած արտակարգ պատահար եւ ագրեսիա, ունի հստակ առաքելություն եւ անելիք: Կարծում եմ՝ ռուսական կողմը դա շատ լավ գիտակցում է, եւ չեմ բացառում այն հանգամանքը, որ Ադրբեջանը հակառուսական տրամադրություն ունեցող երկրների հորդորով է նման գործողությունների գնում, ինչը ստվեր է գցում Ռուսաստանի Դաշնության խաղաղարար առաքելության որակի եւ վստահելիության վրա: Իմ կարծիքով՝ ադրբեջանցիները գնում են նրան, որ ռուսական խաղաղապահ ուժերի կողմից ագրեսիա կիրառվի, այնտեղ անգամ ադրբեջանական հատուկ ստորաբաժանումների ուժեր են, եւ նրանք հատուկ մտածված սադրանքներ ունեն: Չպետք է թույլ տալ, որ դրանք ավելի լուրջ բանի վերածվեն:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԳՆԱՃՆ ԱՐԱԳԱՑԵԼ Է՝ 9.9% ԿԱԶՄԵԼՈՎ
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում նաեւ 2022 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկումն է:
Ըստ այդմ՝ հաշվետվությունից տեղեկանում ենք, որ 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արտաքին առեւտուրը նշանակալի աճ է գրանցել: Ապրանքների արտահանումն աճել է 63.8%-ով՝ պայմանավորված արտաքին որոշ շուկաներում (հատկապես՝ ՌԴ-ում) ՀՀ ապրանքների նկատմամբ պահանջարկի աճով, ՌԴ-ում ՀՀ ապրանքների գնային մրցունակության ավելացմամբ, ինչպես նաեւ արտահանման ներուժի աճով, իսկ ներմուծումն աճել է 61.6%-ով՝ պայմանավորված բարձր տնտեսական ակտիվության, պահանջարկի բարձր աճի եւ արտահանման հնարավորությունների մեծացման պայմաններում ներմուծվող ապրանքների բարձր պահանջարկով։
2022 թվականի առաջին 9 ամիսներին համաշխարհային ապրանքահումքային շուկաներում գների աճով, ինչպես նաեւ ՀՀ տնտեսությունում համախառն պահանջարկի ավելացմամբ պայմանավորված՝ 12-ամսյա գնաճն արագացել է՝ 2022 թվականի սեպտեմբերին կազմելով 9.9%: 2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,031.5 մլրդ դրամ (9,931.6 մլն ԱՄՆ դոլար):
ՀՀ պետական պարտքում 2,495.2 մլրդ դրամը (6,147.0 մլն ԱՄՆ դոլարը) կազմել է արտաքին պարտքը, 1,536.3 մլրդ դրամը (3,784.6 մլն ԱՄՆ դոլարը)՝ ներքին պարտքը: ՀՀ կառավարության պարտքը 2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 3,89 մլրդ դրամ (9,397.9 մլն ԱՄՆ դոլար), որից արտաքին պարտքը՝ 2,278.6 մլրդ դրամ (5,613.3 մլն ԱՄՆ դոլար), իսկ ներքին պարտքը՝ 1,536.3 մլրդ դրամ (3,784.6 մլն ԱՄՆ դոլար): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ պետական բյուջեի ծախսերն աճել են 7.4%-ով կամ 100.3 մլրդ դրամով:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ԷԼԻ Է ԱՃԵԼ
2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 մլրդ 31 մլն դրամ կամ 9 մլն դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը կառավարության կողմից ներկայացված հաշվետվությունից տեղեկացավ, որ, ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով արտահայտված, ՀՀ պետական պարտքի ցուցանիշները, նախորդ տարեվերջի համեմատ, փոփոխվել են անհամաչափորեն, համապատասխանաբար նվազել 9%-ով եւ աճել 7.7%-ով: Դա պայմանավորված է եղել 2021 թվականի տարեվերջի եւ 2022 թվականի սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ ձեւավորված դոլար / դրամ փոխարժեքների տարբերությամբ, որը փոփոխվել է 15.5%-ով՝ 480.14-ից նվազելով մինչեւ 405.93: Դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքի աճը հիմնականում պայմանավորված է ՀՀ կառավարության պարտքի 630 մլն դոլարի աճով: Արտաքին պետական պարտքի հիմնական մասը ՀՀ կառավարության պարտավորություններն են: Կառավարության արտաքին պարտքի բաղադրիչներն են արտաքին վարկերը եւ փոխառությունները, որոնց ծավալը կազմել է 1 մլրդ 685 մլն դրամ, ոչ ռեզիդենտների կողմից ձեռքբերված պետական գանձապետական պարտատոմսերը, որոնց ծավալը կազմել է 44 մլրդ դրամ: 2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ ներքին պետական պարտքը, նախորդ տարեվերջի համեմատ, աճել է 298 մլրդ դրամով (24.2%-ով), եւ դրա տեսակարար կշիռը ՀՀ պետական պարտքի կառուցվածքում աճել է՝ 27.9%-ից հասնելով 38.1%-ի:
ԴՊՐՈՑՆԵՐԸ ՉԵՆ ԳՈՐԾԻ
«Մենք արդեն մի քանի օր գտնվում ենք շատ լուրջ ճգնաժամի մեջ, այսօր էլ շարունակել է Ադրբեջանը իր ոչ մարդկային մոտեցումը մեր նկատմամբ եւ դադարեցրել է գազի մատակարարումը»,- հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը: «Դա նշանակում է, որ մենք պետք է շատ խնայողական մոտենանք մեր բոլոր էներգիայի ծախսերին: Պետք է ամեն ինչ անենք, որ փորձենք պահպանել մեր ապրելաձեւը, բայց, մյուս կողմից, հասկանալի է, որ ճգնաժամն իրականություն է դարձել բոլորիս համար: Մենք բոլորս պատրաստ ենք պայքարի, նույն կարծիքի ենք, որ այս վիճակում պետք է ցույց տանք՝ ով է արցախցին, ոնց ենք մենք դիմանում բոլոր մարտահրավերներին եւ չենք վախենում ոչ մեկից: Այո, ծանր է լինելու, բայց մենք անցնելու ենք եւ հաղթելու ենք: Մենք ստիպված ենք լինելու դպրոցները փակել. վաղվանից չեն աշխատելու այն դպրոցները եւ համալսարանները, որտեղ չկան փայտի վառարաններով տաքացնելու հնարավորություն: Մենք ունենք հնարավորություն պահելու էներգիայի մի մասը տարբեր տեղերում, բայց ամբողջը չենք կարող: Խնդրում եմ բոլորիդ խնայողական լինեք, որովհետեւ չգիտենք, թե որքան երկար է տեւելու այս իրավիճակը: Մենք ամեն ինչ անում ենք, որ այս ամենի մասին իմանա ամբողջ աշխարհը, աշխարհը տեսնի իսկական դեմքը Ադրբեջանի, որ հասկանան, որ անհնար է իրենց հետ ապրել՝ ինչ-որ ձեւով հարաբերություն ունենալով»,- ասաց Ռուբեն Վարդանյանը: Նա կոչ արեց արցախցիներին լինել ուժեղ եւ հավատալ, որ հաղթահարելու են այս իրավիճակը: «Ադրբեջանցիներն ամենամեծ սխալն են արել, որովհետեւ այս տարբերակով իրենք ոչ մեկին չեն կարող ապացուցել, որ մենք կարող ենք իրենց հետ ինչ-որ ձեւով համախմբվել եւ իր հետ միասին ինչ-որ բան անել»,-ընդգծեց Արցախի պետնախարարը: