Երեւանի քաղաքապետարանն իր ենթակայության տակ գտնվող Դրամատիկական թատրոնի դերասաններ, ՀՀ ժողովրդական արտիստներ Գուժ Մանուկյանի եւ Լուսինե Կիրակոսյանի աշխատանքային պայմանագրերը գալ տարվա հունվարի մեկից լուծում է՝ պայմանավորված վերջիններիս խաղացանկի պակասով եւ ամսական իննսուն հազար դրամ աշխատավարձ չվճարելու խնայողությամբ։
Առերեւույթ իրավական հարթությունում իրավաչափ թվացող գործատուի այս իրավական ակտն իր մեջ պարունակում է ՀՀ հիմնական օրենքի կոպտագույն խախտում եւ հանցագործ անտարբերություն դեպի մարդը, որը Սահմանադրության ուժով բարձրագույն արժեք է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լեվ գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Լեւոն Բաղդասարյանը. «Արձանագրենք, որ մի քանի սերունդ ապրել ու դաստիարակվել են այս տաղանդավոր դերասանների խաղով, որոնք տասնամյակներ շարունակ եղել եւ կան Դրամատիկականի զարդը։ Անգամ եթե խաղաժամ չունեն կամ քիչ ունեն, անգամ համր բարձրանալով բեմ՝ արդեն իսկ դահլիճի կողմից արժանանում են ծափողջյունների։ Տասնամյակներ շարունակ ապրելով, արարելով Դրամատիկականում, թող ներվի, որպես անտեր իր, հեռացնում եք իրենց տնից ընդամենը մի ծանուցման կտրոնով։ Ասել կուզի` խոշտանգում եք…
Ծանուցում գրող պաշտոնյա՛, բումերանգի օրենքով վաղն օգտագործվելու ես ու դառնաս մոռացված, միայնակ։ Նրանք, իրավամբ, ժողովրդի սիրելին են ու պետք է մնան այնքան, որքան կարողանում են եւ ցանկանում, իսկ քաղաքացիների վճարած գույքահարկերից, տեղական հարկերից առաջացած գումարով, հարգելի՛ քաղաքային իշխանություն, պարտավոր եք վճարել մի քանի սերունդի կողմից սիրված դերասաններին։ Ի դեպ, նրանց աշխատավարձը կարող եք վճարել ձեր՝ տասնյակներով ծառայողական ավտոմեքենաներից օրական ընդամենը տասը գրամ բենզին էկոնոմիա անելով։
Հայցում եմ ետ կանչել Գուժ Մանուկյանին եւ Լուսինե Կիրակոսյանին ուղարկված ծանուցումները՝ աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ։
Այնուամենայնիվ, եթե քաղաքապետարանը գտնում է, որ հնարավորություն չունի վաստակ ունեցող դերասաններին վճարելու իննսուն հազար դրամ աշխատավարձ, իմ կողմից ղեկավարվող կառույցը պարտավորվում է յուրաքանչյուր ամիս քաղաքապետարանի համապատասխան հաշվեհամարին փոխանցելու Գուժ Մանուկյանի եւ Լուսինե Կիրակոսյանի աշխատավարձերը։
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի՝ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից անակնկալ ազատման մասին:
ՏՈՄԱՆ ԵՎ ՊՈՆՉԸ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ
Դերասան Պոնչ Իսպիրյանը «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է համատեղ լուսանկար դերասանուհի Տոմա Պետրոսյանի հետ: Վերջիններս լուսանկարում հանդես են եկել թագավորական հագուստով, որոնց կից Պոնչը խնդրել է հետեւորդներին վերնագրել նկարը, եւ հեշթեգերով ավելացրել է թագուհի եւ թագավոր:
Նշենք, որ Տոման եւ Պոնչը Women’s Club-ի անդամներ են, ավելին՝ արդեն երկար ժամանակ է, ինչ տարբեր հարթակներում խոսակցություններ են գնում Տոմայի եւ Պոնչի սիրավեպի մասին, չնայած որ զույգը կարծես չի էլ թաքցնում այդ փաստը, քանի որ բավականին ակտիվ համատեղ լուսանկարներով կիսվում են համացանցում: Զույգն իրենց հարաբերությունների մասին պաշտոնապես չի հաստատել:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆՈՐ ԿԵՐՊԱՐ
Իվետա Մուկուչյանն իր սոցիալական ցանցի էջում նոր հրապարակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ից՝ մեկնաբանելով առաջին կերպարը, որով ներկայացել էր հանդիսատեսին:
«Ինստագրամ» սոցիալական հարթակում հրապարակված կադրում Իվետան, Գարիկ Պապոյանն ու Կարինա Իգնատյանը կանգնած են կողք կողքի: Իվետան կրում է բազմագույն շրջազգեստ եւ բաճկոն՝ իր տեսքն ամբողջացնելով հագուստի գույների եւ սեւի համադրությամբ կոշիկներով: «Եվս մեկ անմոռանալի երեկո եվրատեսիլյան պատմության մեջ: Ուրախ եմ, որ այդ պատմության մի մասն էի։ Թե՛ բեմում, թե՛ բեմից դուրս աշխատել եմ իրական պրոֆեսիոնալների հետ, որոնց աշխատանքի արդյունքն էլ երեկվա աննկարագրելի շոուն էր: Շնորհակալ եմ վստահության եւ նույնիսկ մանրուքներին այսքան մեծ ուշադրություն դարձնելու համար: Անդրադառնալով առաջին կերպարիս՝ նշեմ, որ այն ինձ համար մեծ նշանակություն ունի: Նախքան մրցույթը ամիսներ շարունակ երազում նման պատկերներ էի տեսնում՝ աչքեր, սիրտ: Մրցույթի համար Չարլզ դե Վիլմորինի՝ լեգենդար համարվող կերպարից եվրատեսիլյան կերպար ստանալու որոշում կայացրինք, որն իդեալական ձեւով կարված կլինի հատուկ ինձ համար՝ համապատասխանելով բեմին եւ գործընկերներիս կերպարներին», – հրապարակումը մակագրել է երգչուհին: Հիշեցնենք, որ Իվետա Մուկուչյանը Գարիկ Պապոյանի, Կարինա Իգնատյանի եւ ռոբոտ Ռոբինի հետ վարում էր «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը:
ԱՌԱՋԱՐԿ
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի պաշտպան Յոշկո Գվարդիոլին։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը գերմանական «ՌԲ Լայպցիգին» 20-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 110 միլիոն եվրո՝ ներառած բոնուսները։ «Մանչեսթեր Սիթին» նաեւ առաջարկել է 20 տոկոս Գվարդիոլի հաջորդ տրանսֆերից։ Խոսեպ Գվարդիոլան արդեն զրուցել է ֆուտբոլիստի հետ։
Գվարդիոլը 2021 թվականից է հանդես գալիս «ՌԲ Լայպիցգում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ. հունիս։ Transfermarkt-ը Գվարդիոլի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։
ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել իտալական «Ռոմայի» 59-ամյա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։ Ֆեդերացիան Մոուրինյոյին առաջարկել է համատեղել աշխատանքը ազգային թիմում եւ «Ռոմայում»։ Սպասվում է, որ առաջիկա օրերին կհեռացվի Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը։ Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Պորտուգալիան 0:1 հաշվով պարտվել էր Մարոկկոյի թիմին։