Ձերբակալվել են ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավարը և ՍԱՏՄ երկու պաշտոնյաներ․ ինչ է բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՍՊ ընկերության կողմից ՌԴ արտահանման ենթակա մեկ բեռնատար հավի ձվի խմբաքանակի տեղափոխման հետ կապված խնդիրների պատճառով ձվի պիտանելիության ժամկետն անցել է, և այն հետ է վերադարձվել ՀՀ՝ ոչնչացման նպատակով: Սակայն ՍՊԸ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն, իր օգտին ապօրինի գործողություն
կատարելու, այն է՝ ժամկետանց հավի ձուն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ ոչնչացնելու գործընթացը կազմակերպելու համար, 2022 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավար Ա. Մ.-ին տվել է 250.000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն հիշյալ ժամկետանց ձվի խմբաքանակը փաստացի չի ոչնչացրել, այլ փոխարենը պիտանելիության ժամկետն անցած ավելի հին ձվի չնչին խմբաքանակ է ոչնչացրել: Դրանից հետո ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Գ. Պ.-ն կազմել է արձանագրություն այն մասին, թե իբր արտահանման ենթակա ժամկետանց ձվի ամբողջ խմբաքանակը ոչնչացվել է, ինչն
այնուհետև հաստատել է իր ստորագրությամբ, որի դիմաց մարզային տեսչական մարմնի ղեկավարի դրդմամբ ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ-ից որպես կաշառք ստացել է մեկ արկղ ձու:

Սահմանված կարգի խախտմամբ ոչնչացման գործընթացի կազմակերպման հետևանքով ժամկետանց ձվի որոշ մասը ըստ էության իրացվել է, ինչով էական վնաս է պատճառվել հասարակության օրինական շահերին:

26.12.2022թ.-ին ՀՀ ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավար Ա. Մ.-ն, ՍԱՏՄ երկու պաշտոնատար անձինք և ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս