Ուզում եմ ներողություն խնդրել հատկապես այն երեխաներից, ովքեր հեռու են գտնվում ծնողներից․ Արայիկ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ:

Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

2023թ.-ը դիմավորում ենք արտակարգ պայմաններում: Անցնող տարվա ամբողջ ընթացքում Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության հանդեպ իրականացված բազմաթիվ ագրեսիաներից ու սադրանքներից բացի, Ադրբեջանը դեկտեմբերի 12-ին նաեւ փակեց Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ մեզ կանգնեցնելով նոր մարտահրավերների առջեւ:

Տարաբնույթ դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու ճանապարհին մեր ժողովուրդը դարձավ ավելի ուժեղ ու ամրակուռ՝ մեկ անգամ եւս վերահաստատելով սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու, արարելու կամքն ու վճռականությունը:

Մեր ժողովուրդը նման զրկանքների պակաս չի ունեցել դարերի եւ հատկապես վերջին տասնամյակների ընթացքում, սակայն կարողացել է վճռական ու միասնական պայքարի միջոցով հաղթահարել մարտահրավերները: Ուստի, վստահ եմ, որ այս ծանրագույն ճգնաժամն էլ ենք անցնելու պատվով:

Թանկագի՛ն բարեկամներ,

Այս տոնական օրը ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ միմյանց սատարելու եւ առկա մարտահրավերներին արժանապատվորեն դիմագրավելու համար:

Ամանորի այս գիշերը մեր շատ ընտանիքներ կիսված են: Ուզում եմ ներողություն խնդրել հատկապես այն երեխաներից, ովքեր հեռու են գտնվում ծնողներից՝ Արցախի կյանքի ճանապարհը բացելու նպատակով մեր կողմից գործադրված ջանքերի դեռեւս անարդյունավետության համար:

Ուզում եմ հիշենք եւ մեր խոնարհումը բերենք Հայրենիքի նվիրյալների հիշատակին. այն կարող ենք վառ պահել միայն հայկական Արցախով, Արցախում ապրելով եւ պայքարելով: Համոզված եղեք, որ, հայրենիքի այս գողտրիկ անկյունում ապրելով ու ծառացող դժվարությունները հերոսաբար հաղթահարելով, մեզանից յուրաքանչյուրը յուրովի կարեւոր առաքելություն է կատարում՝ հանուն հայ ժողովրդի լինելության եւ նրա ապագայի:

Ուզում եմ նաեւ խորին երախտագիտություն հայտնել մեր քույրերին ու եղբայրներին Մայր Հայաստանում եւ Սփյուռքում, բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են, մեր կողքին, իրենց աջակցությունն ու զորակցությունն են ցուցաբերում Արցախին այս դժվարին օրերին:
Խաղաղություն, բարօրություն, վճռականություն, հույս ու հավատ բոլորիս:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»։




Լրահոս