«ՈՒԱԶ»-ը ձորն է սահել ձնաբքի պայմաններում, երբ շտապել է օգնել այլ զինծառայողների. ՊՆ-ն մանրամասնում է ողբերգական վթարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը:

Այս մասին հայտնում են պաշտպանական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մանրամասնելով Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հանգամանքները, որի մասին քիչ առաջ հայտնել էինք:

Նշվում է, որ 2 զինծառայող տարբեր վնասվածքներով տեղափոխվել է կայազորային հոսպիտալ. վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

«Մեքենայի անձնակազմը, եղանակային չափազանց վատ պայմաններում փորձելով ստորաբաժանման մյուս զինծառայողներին օգնության հասնել, խնդիրը կատարելու համար ցուցաբերել է անձնուրացություն: Ցավոք սրտի, դժբախտ պատահարի հետևանքով վերոհիշյալ զինծառայողները մահացել են:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում դժբախտ պատահարի հետևանքով մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս