ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված եւ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսական հանցագործության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
Մասնավորապես, օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համակարգչային տեխնիկայի բնագավառում գործունեություն իրականացնող ՍՊ ընկերության պատասխանատու անձինք հարկեր չվճարելու նպատակով ընկերությունում որպես աշխատողներ գրանցել են միայն աշխատակիցների մի մասին եւ հարկային հաշվարկներում ցածր են հայտարարագրել վարձու աշխատողներին վճարված աշխատավարձերը։
Քննչական եւ ՀՀ ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ հարկ վճարողների սպասարկման վարչությունում հաշվառված հիշյալ ՍՊ ընկերության սեփականատերը եւ գլխավոր հաշվապահը, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով 2022 թվականի փետրվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չեն ձեւակերպել մի քանի տասնյակ վարձու աշխատողների։ Նրանց համար նույն ժամանակահատվածում հաշվարկված եւ վճարված աշխատավարձերը չեն հայտարարագրել ՀՀ ՊԵԿ ներկայացված, օրենքով սահմանված հաշվարկներում։
Բացի այդ, հարկերը պակաս վճարելու նպատակով ընկերությունների պատասխանատու անձինք հարկային մարմին ներկայացրած եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկներում էականորեն ցածր են հայտարարագրել նաեւ գրանցված վարձու աշխատողների աշխատավարձերը, ինչի հետեւանքով, քննության տվյալներով եւ կատարված հարկային պարտավորությունների հաշվարկներով, պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկ։
Քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՔԿ քննիչների եւ ՀՀ ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության աշխատակիցների մասնակցությամբ ընկերության պատասխանատու անձանց բնակության հասցեներում, գործունեության վայրերում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են բազմաթիվ փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, համակարգիչներ, հիշողության կոշտ սկավառակներ եւ այլն։
Քրեական վարույթով համակողմանի եւ պատշաճ քննություն ապահովելու համար ստուգվում են նաեւ նշված ընկերության կողմից իրականացված գործունեության եւ ներգրավված դրամական միջոցների օրինականությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համակարգչային տեխնիկայի բնագավառի գործունեության անվան տակ ապօրինի գործունեությունը քողարկելու հնարավորությունը:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ առերեւույթ հանցանքին ներգրավված անձանց շրջանակն ամբողջացնելու, բոլորի արարքներին իրավական գնահատական տալու, պետությանը պատճառված վնասի ամբողջական չափը հստակեցնելու եւ այն վերականգնելու ուղղությամբ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ տրվել են հանձնարարություններ:
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության եւ համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության հետ համատեղ կատարված քննչական եւ օպերատիվ-հետախուզական լայնածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով համակարգչային եղանակով հափշտակություններ կատարելու դեպքեր:
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի 34-ամյա եւ Էջմիածին քաղաքի 31-ամյա բնակիչները, մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնության գալով առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություն կատարելու շուրջ, Facebook.com կայքում գրանցված տարբեր անվանումներով օգտահաշիվների միջոցով ներկայացել են որպես «Իդրամ» ՍՊ ընկերության աշխատակիցներ։ Նշված հավելվածով բոնուսներ կամ արտոնյալ կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ մտացածին խոստումներ ներկայացնելով եւ այլ պատրվակներով՝ վերջիններս քաղաքացիներից ստացել են նրանց անվամբ նույնականացված «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակներին ապօրինի հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ տվյալները եւ դրանց միջոցով նրանց անվամբ, առանց այդ քաղաքացիների գիտության ու համաձայնության, թվով 21 վարկային պայմանագրեր են կնքել եւ հափշտակել դրանցով հաստատված ընդհանուր 9.200.000 ՀՀ դրամ գումարը:
Ենթադրյալ հանցագործությունը կատարած վերոնշյալ անձինք, միջոցներ ձեռնարկելով միմյանց այլուրեքությունն ապահովելու համար, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 2-ից մինչեւ օգոստոսի 24-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային տվյալն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրելու միջոցով կատարել են համակարգչային հափշտակություններ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 31 եւ 34-ամյա տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Նշված 2 անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, որով նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ենթադրյալ հանցագործության մեջ ներգրավված մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:
ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ
Ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախույզները ապօրինի հրազեն եւ թմրանյութ պահելու վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացնելու համար պետք է մեկնեին մայրաքաղաք եւ համագործակցեին քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության եւ Կենտրոնական բաժնի ծառայողների հետ: Հունվարի 30-ին՝ ժամը 20:20-ին, Երեւանի Հերացու փողոցում ձերբակալվեցին եւ, «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին տեղափոխվեցին Ջերմուկում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող 32-ամյա մի տղամարդ եւ նրա երեւանցի 30-ամյա ընկերը: Մինչ այդ մի քաղաքացի իջել էր մեքենայից եւ հեռացել Համալսարանական հիվանդանոցի ուղղությամբ: Ճշտվեց նաեւ նրա ինքնությունը. Ջերմուկում հաշվառված 30-ամյա տղամարդ էր: Քիչ ավելի ուշ նա նույնպես ձերբակալվեց եւ տեղափոխվեց նույն բաժին: Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում խուզարկություն կատարվեց մեքենայում: Պայուսակում կար «Բերետայի» նմանվող մարտական ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով, իսկ վարորդի դռան պահոցում` «Մակարով» տեսակի ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով: Սրահում հայտնաբերվեցին նաեւ Մարիխուանայի նմանվող զանգվածներ: Առաջին երկու ձերբակալվածները կալանավորվել են: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
400 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
Արցախի նյութական վնասների հարցերի կոմիտեից փետրվարի 7-ին ԱՀ դատախազությանը հաղորդվել էր, որ «2020թ. սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետեւանքով նյութական վնաս կրած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց աջակցության միջոցառման» շրջանակներում քաղաքացի Է.Խ.-ի կողմից տեղեկություններ էին ներկայացվել ԱՀ կադաստրի եւ պետական գույքի կառավարման կոմիտե պատերազմի հետեւանքով 400.000 դրամի չափով գույքային վնաս կրելու վերաբերյալ, որի հիման վրա կազմված հայտի քննարկման արդյունքում, համապատասխան պետական հանձնաժողովի որոշման հիման վրա, Է.Խ.-ին տրվել է 4.000.000 դրամի չափով դրամական աջակցություն:
Արցախի դատախազությունից հայտնում են, որ նկարագրված դեպքի հանգամանքները եւ պատճառները պարզելու համար հիշյալ հաղորդումը ԱՀ դատախազության կողմից ուղարկվել է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար: