ԱԽԹԱԼԱՅՈՒՄ ՇԱ՞Տ ԿԱՆ ՄԻԱՍԵՌԱԿԱՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 26-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի տնօրեն, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դատաքննությունը, որի ընթացքում մեղադրողի  միջնորդությամբ տեղի ունեցավ  վկաների կրկնակի  հարցաքննությունը:
Այս անգամ նրանք 2-ն էին. մեկը զորակոչիկ էր, մյուսը Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ հայտարարություն տված Վահրամ Փարսադանյանը: Նիստն այս անգամ սկսվեց ժամը 14-ին եւ ավարտվեց 20:30-ին մոտ, երբ օրն արդեն մթնել էր: Դատաքննությունը բուռն ընթացք ուներ: 2-րդ վկայի հարցաքննության ընթացքում դահլիճից պարբերաբար հնչում էին բարձր ձայներ, գրեթե ամեն ինչ լսվում էր միջանցքում: Մասնավորապես,  երբ  դատախազ Ամիրզադյանը հարցրեց, թե բացի այս դեպքը, Ախթալայում նման դեպքերի մասին հարցաքննվողը լսել է, թե ոչ, լսվեց վկայի պատասխանը. «Այո՛, շատ եմ լսել, միասեռականներ շատ կան»: Դուրս գալուց հետո փորձեցինք նրանից որեւէ տեղեկատվություն ստանալ, սակայն նա խուսափեց խոսելուց, իսկ այն հարցին, թե ինչու ասաց, որ Ախթալայում միասեռականները շատ են, Վահրամ Փարսադանյանը նշեց. «Էնա լիքն են, էլի, կամ էն պատատակին թափած են»: Հետաքրքիր է նաեւ մեկ այլ հանգամանք. այս վկան շարունակում է աշխատել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում, ինչը ենթադրում է, որ նա կարող է ենթարկվել որոշակի ճնշումների: Մեր այս դիտարկմանը մեղադրող դատախազը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ցանկացած անձ կարող է իր վրա ճնշվածություն զգալ, եւ վկան ինքն էլ ճնշվածություն կզգար, որ աշխատելով կոմբինատում` գալիս է, ցուցմունք է տալիս այն մարդու դեմ, որը տնօրենն է, սեփականատերն է»: Դատախազի խոսքով` վկայի հայտարարությունն ու ցուցմունքն ամբողջովին համընկնում էին, այդպիսով եւս մեկ անգամ ապացուցողական բազան հիմնավորվեց: Ամիրզադյանը նշեց, որ հնարավոր է` պաշտպանական կողմը եւս որեւէ վկայի կրկին հարցաքննելու միջնորդություն ներկայացնի: Դատական հաջորդ նիստը հոկտեմբերի 28-ին է:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս