ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Երիտասարդական թատրոնի եւ իրանական «Թանդիս» թատերախմբի համագործակցության արդյունքում փետրվարի 26-ին Երեւանում կներկայացվի «Յոթ գեղեցկուհիներ» բեմադրությունը: Փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացման ռեժիսոր, սցենարիստ եւ գլխավոր դերակատար Համիդ Շեյխին պատմեց, որ «Թանդիս» թատերախումբը ստեղծվել է համավարակի տարածման տարիներին: Այն հաջողության է հասել Իրանում եւ երկու տարի շարունակ ճանաչվել  է ամենաարդյունավետ գործող ստեղծագործական թիմ:

 

««Յոթ գեղեցկուհիներ» ներկայացումը սիրվել է Իրանում: Հայերի ու պարսիկների  մշակութային ու պատմական ընդհանրությունները շատ են, ուստի որոշեցինք նաեւ հայ հանդիսատեսին բեմադրությունը դիտելու հնարավորություն ընձեռել: Ներկայացման մեջ ընդգրկված են ինչպես պարսիկ, այնպես էլ հայ դերասաններ»,- նշեց ռեժիսորն ու հիշեցրեց՝ երկու ազգերը դարեր շարունակ ապրել են  կողք կողքի, եւ պատահական չէ, որ ներկայացմամբ անդրադարձել են Սասանյանների ժամանակաշրջանին, երբ հայերն ու պարսիկները, կարող ենք ասել, նույն երկրում են ապրել:

Համիդ Շեյխին բեմադրության մեջ մարմնավորում է Սասանյանների դինաստիայի Վահրամ 5-րդ արքային, որն իշխել է եւ՛ Հայաստանին, եւ՛ Պարսկաստանին:  Ներկայացմամբ ցույց են տվել այն շրջանը, երբ արքան ամուսնանում էր տարբեր երկրների արքայադուստրերի հետ:

«Հայերին արյունակից եղբայրներ ենք համարում եւ բեմադրությամբ, որը հայերեն ու պարսկերեն է, փորձել ենք ներկայացնել եւ՛ հայերի, եւ՛ պարսիկների, եւ՛ ռուսների ու այլ երկրների մշակույթները: Այդ շրջանին հատուկ հագուստների միջոցով կոլորիտային միջավայր ու մթնոլորտ ենք ստեղծել»,-շեշտեց նա:

Ռեժիսոն ասում է, որ շատ երկրներում է եղել, սակայն Հայաստանում իրեն զգում է, ինչպես տանը:

Նա հույս ունի, որ Հայաստանի հետ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա, եւ ինքը հայ արտիստների մասնակցությամբ կբեմադրի նաեւ «Շարզադ» ներկայացումը, որը Պարսկաստանում մեծ հաջողություն է ունեցել:

Երիտասարդական թատրոնի եւ «Թանդիս»-ի համագործակցությունը կայացել է  Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի, «Հայաստան» կրթամշակութային ակումբի աջակցությամբ, որը կամուրջ է Հայաստանի եւ այլ երկրների  կրթամշակութային կառույցների միջեւ:

 

 

 

 

 

ՈՐՏԵ՞Ղ Է ՆՇԵԼ 31-ԱՄՅԱԿԸ ՏԱԹԵՎԻԿ ԱԴՈՒՄՅԱՆԸ

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը երեկ նշել է ծննդյան 31-րդ տարեդարձը: Դերասանուհին տարեդարձը նշել է ընտանիքի հետ Եգիպտոսում: Օրվա առթիվ դերասանուհին կիսվել է հետաքրքիր գրառմամբ եւ լուսանկաներով:

 

«Փետրվարի 23: Այդ օրը ծնվեց մի աղջիկ, եւ ինչպես բոլոր նորածինները, նա էլ չգիտեր՝ ինչ կյանք է իրեն սպասում առջեւում: Ի՞նչ դասեր եւ փորձություններ, ի՞նչ վերելքներ եւ հիասթափություններ, ի՞նչ ճանապարհներ եւ խոչընդոտներ: Այդպես անցան օրեր, օրերը դարձան ամիսներ, ամիսները՝ տարիներ, տասնամյակներ: Մի բան, սակայն, միշտ մնում էր անփոփոխ. աղջկան կյանքի տարբեր փուլերում շրջապատում էին լավ մարդիկ, հարազատներ, իսկապես սիրող եւ գնահատող, հոգատար մարդիկ: Այդ աղջիկը ես եմ, եւ ես այդ մարդկանց երախտապարտ եմ անկեղծ սեր եւ ուժ պարգեւելու համար: Երախտապարտ եմ ինձ, հպարտ եմ ինձնով, քանի որ այնքա՜ն բանի միջով եմ անցել, որ երբեւիցե միգուցե այդ մասին չբարձրաձայնեմ: Այսօր ես կանգնած եմ այստեղ եւ գիտեմ, որ ապագան նույնպես լի է փորձություններով… եւ ավելի, քան երբեւէ, ես լի եմ վճռականությամբ: Ես հավատում եմ ինձ եւ հավատում եմ , որ գեղեցիկ է ուժը, եւ ուժի մեջ է գեղեցկությունը: Շնորհավո՜ր ծնունդդ, ուժեղ մարդ»,- գրել է նա:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

 

ԵՐԿՈՒ ՄԱՍՆԱԿԻՑ

Հայաստանի աթլետիկայի հավաքականը երկու ներկայացուցիչ կունենա Եվրոպայի ձմեռային առաջնությանը:

Ստամբուլում կայանալիք Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կմասնակցեն 2 եռացատկորդ` Լեւոն Աղասյանը եւ Յանա Սարգսյանը: Մարզիկները մրցավայր կմեկնեն փետրվարի 28-ին: Տղամարդկանց որակավորման փուլը կկայանա մարտի 2-ին, իսկ եզրափակիչը` մարտի 3-ին, կանանց որակավորման փուլը՝  մարտի 3-ին, եզրափակիչը` մարտի 4-ին:

Աթլետիկայի Եվրոպայի ձմեռային առաջնությունը կկայանա մարտի 2-5-ը Ստամբուլում: 26 մրցաձեւերում իրենց ուժերը կփորձեն 593 մարզիկներ 47 երկրից:

 

 

 

 

 

ԿԱՐԻԵՐԱՆ ԱՎԱՐՏԵՑ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը սոցիալական ցանցերում արած գրառումով հայտարարել է Իսպանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։

36-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ Իսպանիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն իր հետ զրույցում տեղյակ է պահել, որ մտադիր չէ իրեն հրավիրել ազգային թիմ։ Ռամոսը 180 հանդիպում է ացկացրել Իսպանիայի հավաքականում եւ այդ ցուցանիշով ռեկորդակիրն է։ Նա 23 գոլ է խփել ազգային թիմում։ Նա դարձել է աշխարհի չեմպիոն եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

 

 

 

 

 

ՆՈՐ ԴԵՐԱՍԱՆՆԵՐ՝ ՍԻԹՔՈՄՈՒՄ

Մարտի 7-ից Արմենիա TV-ի եթերում կթողարկվի «Սյուրպրիզ» սիթքոմի երկրորդ եթերաշրջանը: Գրիգոր Դանիելյանի խոսքով` այս եթերաշրջանում, բացի գլխավոր «սյուրպրիզից», կա նաեւ այլ «սյուրպրիզ»:

Իրենց դերասանական կազմին են միացել Մարիամ Ալեքսանյանը, Վաչե Երիցյանը եւ Լեռնո Հարությունյանը:

 

 

 

 

«ՌԵԱԼԻ»-Ն ՉԵՆ ՕԳՆԻ

Մադրիդի «Ռեալի» 30-ամյա ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան եւ 22-ամյա բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոեսն առաջիկա հանդիպումներում չեն կարողանա օգնել իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին. հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։Նրանք ոտքի մկանային վնասվածքներ են ստացել «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։ «Ռեալն» Անգլիայում հաղթել էր 5:2 հաշվով, Ալաբան փոխարինվել էր 27-րդ րոպեին, Ռոդրիգոն՝ 81-րդ րոպեին։

Նշվում է, որ Ալաբան բաց կթողնի մեկ ամիս, Ռոդրիգոն՝ 10 օր։

Նրանք չեն կարողանա մասնակցել Մադրիդի «Աթլետիկոյի» (փետրվարի 25) եւ «Բարսելոնայի» (մարտի 2) դեմ հանդիպումներին  Իսպանիայի առաջնությունում։




Լրահոս