Հայաստանը մերժե՞լ է Իրանի հետ ռազմական փոխօգնության հուշագրի ստորագրումը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Թվում էր՝ Հայաստանը հետպատերազմյան տարիների ընթացքում  պետք է առավել սերտացներ հարաբերությունները ռազմավարական եւ բնական դաշնակիցներ Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Հատկապես, երբ ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով ՀՀ քաղաքացիներին վախի մթնոլորտում են պահում՝ գուժելով էսկալացիայի վտանգի, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին։ Մինչդեռ իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցել ցեղասպանների հետ, փոխարենը մերժում է դաշնակիցների օգնությունը: Ընդամենը վերջերս հայտնի դարձավ, որ պաշտոնական Երեւանը մերժել է ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելու առաջարկը: Մենք տեղեկություններ ունենք, որ ՀՀ իշխանությունները մերժել են նաեւ Սյունիքում Իրանի հետ համատեղ զորավարժությունների, ինչպես նաեւ ռազմական փոխօգնության հուշագիր ստորագրելու առաջարկը։

Եղե՞լ է արդյոք Հայաստանի եւ Իրանի համատեղ զորավարժությունների առաջարկ․ հարցին ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադաշխան Զոհուրին խուսափողական պատասխան էր տվել՝ փետրվարի սկզբներին ՀՀ-ում հրավիրված երկկողմ հարաբերություններին նվիրված գիտաժողովում։ ՀՀ-ում Իրանի դեսպանի կարծիքով` ռազմական ոլորտին առնչվող հարցերը հրապարակային դարձնելը Հայաստանի եւ Իրանի շահերից չի բխում։ Դիվանագետը նշել էր, որ հարգանքով է վերաբերվում բոլոր այն որոշումներին, որոնք կայացվում են Հայաստանի եւ Իրանի կողմից ռազմական ոլորտում, եւ ցանկացած որոշում կամ քայլ, որը ձեռնարկվում է, ունի իր տրամաբանական արդյունքը: «Եթե դա բխում է երկրի շահերից, ապա համապատասխան նախարարը, տվյալ դեպքում՝ Սուրեն Պապիկյանը, անհրաժեշտության դեպքում կհնչեցնի։ Նույնը վերաբերում է նաեւ Իրանի բարձրաստիճան զինվորականներին։ Թե ինչ են նրանք մտադիր ձեռնարկել, ինչը՝ ոչ, իրենք պետք է ասեն»,- ասել էր դեսպանը։

Եղե՞լ է արդյոք ռազմական փոխօգնության հուշագիր ստորագրելու առաջարկ, եւ ի՞նչ է պատասխանել պաշտոնական Երեւանը։

Մեր այս հարցը լսելով՝ ԱԳՆ-ից հորդորեցին գրավոր ձեւակերպել, խոստացան պատասխանել, սակայն այդպես էլ պատասխան չեղավ։ Ուշագրավ է, սակայն, որ Թեհրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի խուսափում պարբերաբար ցուցադրել իր վերաբերմունքը Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ու հայտարարում է, որ կտրականապես դեմ է տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության եւ Զանգեզուրի միջանցք կոչվածին։

Տեղական լրատվամիջոցները հաղորդեցին, որ նախօրեին իրանական ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սարդար Մոհամմադ Փաքփուրն է այցելել Հայաստանին եւ Ադրբեջանին սահմանակից շրջաններում տեղակայված իրենց ստորաբաժանումներին, զրուցել զինվորականների հետ, գնահատել նրանց մարտական պատրաստվածության մակարդակը, զգոնությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս