Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց է բարձրացնում իր երկրի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման հնարավորության հարցը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» հաղորդման համար լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որից մի հատված շաբաթ օրը հեռարձակվել է «Ռոսիա 24» հեռուստաալիքով, ՌԴ առաջնորդն ասել է, որ հանրապետության տարածքում արդեն տեղակայվել են 10 ինքնաթիռներ, որոնք ունակ են մարտավարական միջուկային զենք կրել։
«Ալեքսանդր Գրիգորեւիչը իրավացի է, ասում է՝ լավ, լսեք, չէ որ մենք քո ամենամոտ դաշնակիցներն ենք։ Ինչո՞ւ են ամերիկացիները դա անում իրենց դաշնակիցների հետ, տեղակայում նրանց տարածքում, սովորեցնում, ի դեպ, նրանց անձնակազմին, օդաչուներին անհրաժեշտության դեպքում օգտագործել սպառազինության այս տեսակը»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
«Մենք պայմանավորվել ենք, որ նույնը կանենք՝ առանց խախտելու մեր պարտավորությունները, ընդգծում եմ՝ առանց միջուկային զենքի չտարածման մեր միջազգային պարտավորությունները խախտելու, մենք արդեն օգնել ենք մեր բելառուս գործընկերներին եւ սարքավորել նրանց ինքնաթիռները՝ Բելառուսի ՌՕՈՒ ինքնաթիռները։ 10 ինքնաթիռ պատրաստ է օգտագործել այս տեսակի զենքի կիրառման համար»,- ասել է Պուտինը։
Բացի այդ, ՌԴ նախագահը հայտնել է, որ Ռուսաստանը Բելառուսին «Իսկանդեր» հրթիռային համակարգեր է փոխանցել։ «Այն նույնպես կարող է կրող լինել (տակտիկական միջուկային զենքի)։ Ապրիլի 3-ից մենք կսկսենք անձնակազմերի պատրաստումը, իսկ հուլիսի 1-ին Բելառուսի տարածքում կավարտենք տակտիկական միջուկային զենքի հատուկ պահեստարանի կառուցումը»,- ասել է Պուտինը։
Միաժամանակ, ՌԴ նախագահը բացատրել է, որ Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք չի փոխանցում Բելառուսին։ «Մենք հիմնականում անում ենք այն ամենը, ինչ նրանք (ԱՄՆ-ը) անում են տասնամյակներ շարունակ: Նրանք ունեն որոշակի երկրներում (մարտավարական միջուկային զենք) եւ պատրաստում են կրիչներ ու պատրաստում իրենց անձնակազմերը»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը «վաղուց իր մարտավարական միջուկային զենքը տեղակայել էր իր դաշնակից երկրների, ՆԱՏՕ-ի երկրների տարածքում, Եվրոպայում՝ վեց երկրներում։ Եթե հիշողությունս չի դավաճանում, ապա դրանք են՝ Գերմանիան, Թուրքիան, Նիդեռլանդները, Բելգիան, Իտալիան եւ Հունաստանը»: