Ի՞ՆՉ ԿԱՍԿԱԾՆԵՐ ՈՒՆԵՆ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ երեկ Արտաշատի քննչականի պատուհանից ցած նետված տղամարդու հարազատները կասկածեր ունեն, որ իրենց հարազատին քննչականի շենքի պատուհանից ցած են նետել: Ըստ մեզ հասած լուրերի՝ հարազատները պնդում են, որ իրավապահները ներկայացնեն մինչ պատուհանից ցած նետվելու տեսաձայնագրությունը, ինչ են զրուցել քննչականում իրենց հարազատի հետ, եւ ինչ է կատարվել, որից հետո Միսակ Պողոսյանը գնացել է այդ քայլին:
ArmLur.am-ը հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Արտաշատի քննչական բաժնի պատուհանից մեղադրյալը իրեն ցած էր նետել եւ մահացել: Ավելի ուշ դեպքի մասին պաշտոնապես հայտնեց կոմիտեն՝ նշելով. «2023թ. ապրիլի 27-ին մեղադրյալը ցատկել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության երրորդ հարկի միջանցքի լուսամուտից եւ մահացել։
ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի եւ 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի բնակիչ Միսակ Պողոսյանին 2022 թվականի սեպտեմբերի 30-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ներկայացվել է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերով շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր, մասնավորապես՝ շուրջ 200 «Կանեփ» տեսակի բույս աճեցնելու, ինչպես նաեւ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 277 գրամ քաշով մի քանի տասնյակ փաթեթներով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի շրջանառության համար։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել բացակայելու արգելը։ Ավելի ուշ օպերատիվ նոր տվյալների իրացման արդյունքում նրա ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է տետրահիդրոկաննաբինոլ բուսական խառնուրդ տեսակի թմրամիջոց։
Ելնելով դրանից՝ մեղադրանքը լրացվել է, նրա նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կալանքի երկամսյա ժամկետը լրանալուց հետո վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, որը, սակայն, դատարանի որոշմամբ, մերժվել է, եւ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Դրանից հետո պարզվել է, որ Մ. Պողոսյանը քննությամբ դեռեւս չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել եւ վերցվել է 2023թ. ապրիլի 25-ին նրա անձնական խուզարկությամբ:
Քրեական վարույթով ձեռք բերված նոր տվյալների հիման վրա՝ դատախազի որոշմամբ՝ նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել, ինչից հետո մեղադրանք առաջադրելու եւ դատարան ներկայացնելու նպատակով քննիչի կողմից Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել Մ. Պողոսյանին ներկայացնելու վարույթն իրականացնող մարմնին։
Ոստիկանության ծառայողները, ի կատարումն քննիչի հանձնարարության, 2023թ. ապրիլի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն են ուղեկցել Մ. Պողոսյանին։ Վարչության երրորդ հարկում՝ միջանցքում, ուղեկցող ոստիկանների հետ պաշտպանին սպասելու ընթացքում Մ. Պողոսյանը, նախնական տվյալներով, փախուստի դիմելու նպատակով հանկարծակի ցատկել է շենքի 3-րդ հարկի պատուհանի տակ գտնվող սեղանի վրա եւ պատուհանից ցած նետվել։ Ստացած վնասվածքներից վերջինս մահացել է։
Դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 506-րդ հոդվածի 1-ին մասի (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը) հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի, ինչպես նաեւ դիակի արտաքին զննություն, որի արդյունքում մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԲԺՇԿԻՑ  ԳՈՒՄԱՐԻ  ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ եւս մեկ հայցադիմում ապրիլի 17-ին ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ՀՀ քաղաքացի, ակնաբույժ Ա.Ս.-ից եւ վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձելու 4 անշարժ գույք Երեւան քաղաքում, 8 շարժական գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 606 մլն 102 հազար 500 դրամ,
9 մլն 912 հազար 752 դրամ գումար՝ որպես ապօրինի եկամուտների եւ միջոցների մնացորդ,
386 մլն 919 հազար 865 դրամի չափով գումար, որը 1996-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվել անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել:
ԿԵՂԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ
Տավուշի մարզում ապրիլի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 06։15-ի սահմաններում Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 55-ամյա կինը ահազանգել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին եւ հայտնել, որ անհայտ անձը գաղտնի մտել է իր տուն, իր հետ հայերեն խոսելով՝ ասել, որ ինքը թուրք է։
Տանտիրուհին ոստիկաններին հայտնել է, որ ժամը 04։00-ի սահմաններում անծանոթ տղամարդը մտել է իր տուն, իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ, ապա ձեռքերով հարվածել իր մարմնի տարբեր մասերին եւ իրենից գողացել  1-ական ոսկյա եւ արծաթյա մատանիներ, 1 զույգ ոսկյա ականջօղեր, ապա հայերեն ասել, որ ինքը հայ չէ, ադրբեջանցի է, եւ որ կատարվածի մասին պետք է լռի ու աղմուկ չբարձրացնի, ապա դիմել է փախուստի։
Իրավապահները տաք հետքերով, նշված հանցագործություն կատարելու կասկածանքով, հայտնաբերել ու ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Արտյոմ Ղ.-ին։
Վերջինս փաստերի ճնշման տակ ոչ միայն խոստովանել է իր կողմից կատարված արարքը, այլեւ նրա մոտ հայտնաբերվել են տուժողից գողացված զարդերը։
ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզական բաժնի եւ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից Երեւան քաղաքում իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել են, առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության, մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցն այլ անձին հանձնելու մի շարք դեպքեր։
Այսպես, 2023 թվականի ապրիլի 7-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կանգնեցվել եւ ստուգվել է շուրջ 9 տասնյակից ավելի ՀՀ ներմուծված, հիմնականում վրացական պետհամարանիշերով ավտոտրանսպորտային միջոց:
Ավտոմեքենաներից 5-ը եղել է հանձնված այլ անձի, իսկ մեկ դեպքում էլ խախտված է եղել հետագա արտահանման պարտավորությունը։ Նշված տրանսպորտային միջոցները տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության հատուկ պահպանման տարածք, այնուհետեւ՝ ՊԵԿ մաքսային հսկողության գոտի։
Իրավախախտումների վերաբերյալ կազմվել են մաքսային կանոնների խախտման արձանագրություններ` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 308-րդ եւ 309-րդ հոդվածի հատկանիշներով, եւ նյութերը փոխանցվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն։
Պետական եկամուտների կոմիտեն եւս մեկ անգամ իրազեկում է, որ, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 264-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները Միության մաքսային տարածքում պետք է գտնվեն հայտարարատուի փաստացի տիրապետման եւ օգտագործման տակ, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածով: Ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները կարող են հայտարարատուի կողմից փոխանցվել այն անձին, որին սեփականության իրավունքով պատկանում է տրանսպորտային միջոցը, ինչպես նաեւ առանց մաքսային մարմնի թույլտվության եւ առանց մաքսային հայտարարագրի թույլատրվում է անդամ պետության ֆիզիկական անձի կողմից ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը փոխանցել նրա ծնողներին, երեխաներին, ամուսնուն կամ կնոջը։ Նշված արարքների խախտումը նախատեսում է վարչական պատասխանատվություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 308-րդ հոդվածի համաձայն, մաքսային արժեքի 20 տոկոսի չափով։




Լրահոս