Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Նորին Սրբությունը, շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով, բարեմաղթեց արդյունաշատ առաքելություն Հայաստանում: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ երկու երկրների սերտ գործակցությունը պայմանավորված է հայ և հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամությամբ, ապա անդրադարձավ Հնդկաստանում եկեղեցական կառույցների և մասնավորապես Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի գործունեությանը: Նորին Սրբությունը, ի դեմս դեսպանի, իր գնահատանքը հայտնեց Հնդկաստանի իշխանություններին կրթական հաստատության նկատմամբ դրսևորվող ուշադրության համար։

Իր հերթին նորանշանակ դեսպանը, անդրադառնալով հայերի պատմական ներկայությանը Հնդկաստանում և հայ-հնդկական հարաբերություներին ու ներկայիս գործակցությանը, տեղեկացրեց Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան իր այցի մասին՝ նկատելով, որ այն նաև յուրօրինակ կամուրջ է երկու երկրների մշակութային կապերի զորացման գործում:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հնդկաստանում հայ համայնքի կյանքին և հայկական եկեղեցիների բարվոք վիճակին։ Խոսվեց նաև Հայաստանի և Արցախի առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման խնդիրների մասին:




Լրահոս