ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով ինչպես է արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արցախի խորհրդարանն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: Երեկ ուշ երեկոյան Արցախի խորհրդարանում գումարված արտահերթ նիստի ընթացքում միաձայն ընդունված հայտարարությամբ արցախցի պատգամավորները պնդում են՝ Հայաստանի ղեկավարը կոպտորեն խախտում է ՀՀ անկախության հռչակագրի ու Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին։

Ուշ գիշերին հրավիրված նիստի ընթացքում ելույթ ունեցան Արցախի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք կոշտ քննադատում, դատապարտում էին Արցախի հարցով վարչապետ Փաշինյանի հայտարարությունները:

Փաշինյանի հայտարարությունների մասին իրենց ուղերձը հղեցին նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը: «Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների պահվածքն ու դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի համար ճակատագրական հարցերում Ադրբեջանի ցանկություններին անվերապահ ենթարկվելու տրամաբանությամբ, անընդունելի են: Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ են եղել Արցախի պետականությունը կասկածի տակ դնելու ՀՀ իշխանությունների անհասկանալի քայլերը: Մեզ հասանելի խողովակներով փորձել ենք զգուշացնել նման վարքագծի կործանարար հետևանքների մասին: Ոչ ոք բարոյական իրավունք չունի որոշելու մեր ու մեր զավակների ապագան: Արցախը չի ընդունել և չի ընդունելու այն մոտեցումները, որոնք այսօր ներկայացվել են ՀՀ վարչապետի կողմից և, ինչպես նախկինում է պայքարել, այնպես էլ հիմա, բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու է իր հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքի համար», – նշված է հայտարարության մեջ:

Հայտարարություն է տարածել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը. «Եղել և հաստատապես շարունակում եմ լինել Արցախի իմ քույրերի ու եղբայրների կողքին՝ հավատարիմ իմ մարտական ընկերների շիրիմների առջև տված երդմանս՝ կիսատ չթողնել համատեղ սկսած գործը: Խոսքերից զատ, այսօր, առավել քան երբևէ, կարևոր են քայլերը, գործերը և համախմբվածությունը՝ անկախ ամենատարբեր տարաձայնություններից ու ամբիցիաներից, որոնք ոչինչ են մեր ժողովրդի գլխին կախված արհավիրքի կողքին», – նշել է իր խոսքում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս