ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՋՆՈՐԴԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խաչատրյանների ընտանիքում պրոֆեսիոնալ եւ «ոչ պրոֆեսիոնալ» երաժիշտների պակաս չի զգացվել։ Երգում ու նվագում էին մեծից փոքր։ Էդգարն ասում է, որ նման ձայնային լավ տվյալներ ժառանգել է մայրիկից: Հայրը նվագում էր փողային գործիքներ, մայրն էլ հրաշալի կատարում էր ժողովրդական երգեր, չնայած երաժշտական կրթություն չուներ։

 

Սիրված երգիչ Էդգար Խաչատրյանի հետ զրուցում ենք նրա անցած ուղու, մանկավարժական գործունեության ու հայ երգարվեստի մասին։

-Էդգա՛ր, չնայած երիտասարդ տարիքիդ՝ բավականին հարուստ կենսագրություն ունես. համերգային ուղիդ սկսվում է Հարավային Կորեայից մինչեւ Եգիպտոս, Սիրիա, Դուբայ, Թուրքիա, Ռուսաստան, Ուկրաինա, Բելգիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Իտալիա, Դանիա, ԱՄՆ: Այս երկներում ներկայացրել ես հայկական ժողովրդական երգը։

-Դե, ինչպես նշեցիք, մեր ընտանիքում երաժիշտների պակաս չէր զգացվում, ու զարմանալի կլիներ, որ ես այլ ուղի ընտրեի։ Մեղմ ասած, այլընտրանք լինել չէր կարող. ես պիտի երգեի։ Երգել եմ դեռ փոքր տարիքից։ Այն օրը ձեռքս ընկավ մի ձայնագրություն՝ 1993 թ.-ի, ու ես արդեն այդ տարիներին պրոֆեսիոնալ բեմեր էի բարձրանում։ Սովորել եմ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի ժողերգ բաժնի նախապատրաստական կուրսում՝ Հովհաննես Բադալյանի դասարանում: Մեկ տարի սովորելուց հետո մեկնեցի Հայոց բանակ։ Երբ վերադարձա, շատերը խորհուրդ տվեցին, որ ուսումս շարունակեմ որպես օպերային երգիչ։ Եվ այստեղ էլ ինձ բախտը ժպտաց. ընդունվեցի Սերգեյ Դանիելյանի դասարան, որն աշխարհահռչակ երաժիշտ Գեղամ Գրիգորյանի ուսուցիչն էր։ Որպես մենակատար 2002 թ. ընդունվել եմ Գուսանական երգի պետական անսամբլ, իսկ 2005-ին՝ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ: Ինձ համար շատ պարտավորեցնող ու հաճելի է այն փաստը, որ 2011 թ. արժանացա ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի՝ հայ ազգային երգարվեստում նշանակալի ավանդի համար: 2012 թվականից մասնակցել եմ Հանրային հեռուստատեսության «Երգ երգոց» ծրագրին, որտեղ ձայնագրել եմ տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ ավելի քան 130 կատարում։

-Էդգա՛ր, Մշակույթի նախարարության կողմից արժանացել ես Ոսկե մեդալի, քանի որ հայ երգը լավագույն կերպով ներկայացրել ես աշխարհի տարբեր բեմերում։ Զգացողություններիդ մասին կխոսե՞ս։

-Անկեղծ պետք է ասեմ՝ մեծ պատիվ է ինձ համար հայ երգը ներկայացնել այլ երկրներում, հատկապես եղել են շատ դեպքեր, որ հանդիսատեսի շարքերում հայեր քիչ են եղել, ու դահլիճի ծափահարությունից դու արդեն հասկացել ես, որ երգդ ու ասելիքդ տեղ են հասել։ Անկեղծ պետք է ասեմ, որ հայ հանդիսատեսը շատ տարբերվող է, առավել խիստ է, բծախնդիր ու ամենաճիշտ դատավորը։ Եթե օպերային դահլիճի, «Արամ Խաչատրյան» համերգասրահի հանդիսատեսը քեզ ծափահարում է 15-20 վայրկյան անընդմեջ, ուրեմն դու հաղթել ես։

-Այսօր «երգիչների» մի ստվար զանգված կա, որ երգում է անհասկանալի ելեւէջներով, ադրբեջանական, թուրքական մելիզմներով ու ասում, որ հանդիսատեսը դա է պահանջում։ Ճի՞շտ է այն պնդումը, որ հանդիսատեսն ինչ ուզում է, ուրեմն դա պետք է մատուցենք։

-Իհարկե ոչ։ Ես համաձայն չեմ այդ մտքի հետ. հանդիսատեսին դու ինչ տալիս ես, դա է պահանջում։ Մի փոքրիկ դրվագ պատմեմ. եղել են դեպքեր, երբ ես երգել եմ ռեստորաններում ու պանդոկներում, բայց անգամ այդ դեպքում ես երբեք չեմ երգել այնպիսի երգեր, որոնք անհասկանալի ելեւէջներ ունեն։ Օրինակ՝ ամեն երգից առաջ մի փոքր պատմում էի երգից, ու մարդիկ հաջորդ անգամ գալիս էին ու հենց այդ երգն էին պատվիրում։ Սա մի փոքր դետալ է։ Իսկ, ընդհանրապես, արվեստագետը պետք է իր հետեւից տանի ժողովրդին, ոչ թե գնա նրա հետեւից այն դեպքում, երբ այդ գործի պրոֆեսիոնալն է։ Դու պարզապես իրավունք չունես իրենց քամու տակ ծալ-ծալ լինելու։ Թող ինձ լսեն 200 հոգի, բայց թող ինձ լսեն ճաշակ թելադրող մարդիկ։ Ոչ մեկին չեմ վիրավորում, բայց պետք է միշտ քամուն, գետին հակառակ լողաս ու ճիշտ արվեստ ներկայացնես։

-Էդգա՛ր, այս տարիների ընթացքում համագործակցել ու աշխատել ես տարբեր դիրիժորների հետ, նաեւ օպերային նվագախմբի, Հայաստանի ազգային նվագարանների անսամբլի, սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Դու ժողովրդակա՞ն Էդգարին ես սիրում, թե՞ օպերային։

-Անկեղծ պետք է պատասխանեմ. շատ տարբեր են այդ երկու Էդգարները, բայց եկեք չառաձնացնեմ։ Ինձ ճանաչում են՝ ժողովրդականի Էդգար։ Ես պարզապես ժողովրդական ու դասական վոկալը միքս եմ արել։ Կարելի է ասել՝ հետաքրքիր երգելաոճ եմ ներմուծել, ու ինձ ճանաչում են հենց այդպես՝ ուրույն ձեռագրով ու ոճով։

-Գիտեմ, որ պարբերար եղել ես ժյուրիի անդամի կարգավիճակում ու հաճախ գնահատել ես նաեւ քո ընկերներին։ Դժվար չէ՞ օբյեկտիվություն պահպանել։

-Իհարկե դժվար է. ժյուրիի անդամ լինելու համար նախ պետք է լինել չափազանց լավ պատրաստված ու պրոֆեսիոնալ, մեծ պաշար պետք է ունենալ երաժշտության ոլորտում, հատկապես որ հիմա շատ են աղավաղում դասական երգերը: Իսկ երբ նույն անդամի կարգավիճակում քո կողքին են ոլորտի պրոֆեսոնալները՝ Արզաս Գրիգորյանը, Նորայր Դավթյանը, Դավիթ Ղազարյանը, Ժիրայր Ալթունյանը, դու պարզապես իրավունք չունես սխալ դատելու։

-Էդգա՛ր, այժմ ապրում ու գործունեություն ես ծավալում ԱՄՆ-ում՝ տարածելով հայկական ժողովրդական եւ դասական երգարվեստը: Ամերիկայում բավականին բարդ է, քանի որ շուկան շատ բազմաժանր է։ Քեզ հաջողվու՞մ է պահել այն նշաձողը, որ սահմանել էիր Հայաստանում։

-Ամեն ինչ ժամանակի հետ գալիս է։ Դժվար է, բայց ոչ անկարելի։ Գիտե՞ս՝ ինչի նման է. երբ սարի վրայից փոքր ձնագունդը գլորվում է ու հետո դառնում է մեծ ձնակույտ։ Նախորդ տարի՝ դեկտեմբերի 2-ին, մեծն Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված երեկո էր։ Ես այդ համերգի ընթացքում կատարեցի բավականին բարդ ու ոչ այդքան լսված երգեր։ Եվ որքան մեծ էր զարմանքս, երբ դահլիճում շատերը գիտեին այդ երգերը ու ինձ հետ հավասար ձայնակցում էին։ Մյուսը Սայաթ-Նովա երգչախմբի յուրահատուկ համերգն էր Գլենդելում, որտեղ ես ներկայացնում էի մեծն կոմպոզիտորներ Խաչատուր Ավետիսյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործություները սինֆոջազ օրկեստորի հետ միասին։ Դահլիճը լեփ-լեցուն էր, ու ամեն կատարումից հետո քեզ եկող ծափերը վկայությունն էին, որ մաքրամաքուր հայ երգը միշտ իր տեղն ու դերն ունի։ Դու պարզապես պետք է կարողանաս այս բազմաժանր շուկայում տեղդ գտնել։

-Գիտեմ, որ Հայաստանում մանկավարժական գործունեություն չէիր ծավալում, բեմը հայրենիքում առաջնային պլանում էր։ ԱՄՆ-ում, սակայն, մի փոքր փոխվել են դերերը. մանկավարժ Էդգար Խաչատրյանն է առաջ եկել։

-Անկեղծ պետք է ասեմ, որ մի քանի տարի առաջ մանկավարժությունը ընդհանրապես չէր ձգում, բայց հիմա զգում եմ, որ գիտելիքներս պետք է փոխանցեմ սերունդներին. ասելիք ունեմ։ Երբեմն նայում եմ հեռուստատեսային մրցույթներ ու, անկախ ինձանից, ուզում եմ էկրանից այն կողմ մի բան ասել։ Այժմ արդեն ունեմ իմ աշակերտները, որոնց հետ անհատական պարապում եմ։ Եվ, ի ուրախություն ինձ, Գլենդելի մի քանի տարբեր դպրոցներից պարբերաբար հրավիրում են վարպետության դասեր անցկացնելու։ Հայ երեխաներին ծանոթացնում եմ Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Խաչատուր Ավետիսյանի եւ այլոց անցած ուղին։ Բայց հիմա այլ պլաններ էլ ունեմ. մի քանի երգիչների հետ ուզում եմ ձայնագրել «Ես այն անձի դուռը կերթամ, ով խոսում է հայերեն» երգը, որի հիման վրա էլ կնկարահանվի տեսահոլովակ։ Նման երգերը պետք է շատ հնչեն։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

 

ՎՍՏԱՀ ԳԻՏԻ ԵՐԵԽԱՅԻ ՍԵՌԸ

Ալեքսիս Օհանյանը վստահ է, որ կրկին աղջիկ է ունենալու: Օրերս հայտնի դարձավ, որ Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը սպասում են իրենց երկրորդ երեխային։ Հեռուստալրագրող Քրիս Ուոլեսին տված հարցազրույցում Օհանյանն ասել է, որ «համոզված է», որ երեխան աղջիկ է լինելու:

«Համոզված եմ, որ աղջկա հայր եմ դառնալու»,- ասել է նա՝ պատասխանելով Ուոլասի հարցին։ Օհանյանը խոստովանել է, որ դեռ չգիտեն երեխայի սեռը, բայց կանխատեսել՝ «…եթե մենք 50 երեխա էլ ունենանք, նրանք բոլորն աղջիկ կլինեն»։

Զույգն իր երկրորդ հղիության մասին հայտարարել էր 2023 թվականի Met Gala-ի ժամանակ՝ մայիսի 1-ին՝ միաժամանակ Instagram-ում հրապարակելով Ուիլյամսի լուսանկարը, որտեղ երեւում էր նրա փորը։ Ավելի ուշ Ուիլյամսը նշել է, որ իրենք դստեր՝ Ալեքսիս Օլիմպիայի հետ նորությամբ կիսվել են գալայից անմիջապես առաջ, քանի որ նա «գաղտնիքներ պահել չի կարող»։

Ուիլյամսն իր Instagram-ում տեսանյութ է տարածել, որում նա եւ Օհանյանն իրենց դստերը՝ Օլիմպիային, ասում են, որ նա մեծ քույր է դառնալու։

 

 

 

 

 

ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴ

K-pop NewJeans խումբը Գինեսի ռեկորդ է գրանցել՝ Spotify-ում հասնելով 1 միլիարդ լսումի: Նախկինում ռեկորդը պատկանում էր BTS-ի Չոնգուկին եւ BLACKPINK-ի Լիսային։ Հինգ հոգուց բաղկացած աղջիկների խմբին 219 օր է պահանջվել հսկայական թվին հասնելու համար:

Չոնգուկը վերջին արտիստն էր, որը սահմանեց ռեկորդը՝ 409 օրում հասնելով 1 միլիարդ լսումի։ Այս արդյունքը գրանցվել էր 2023 թվականի մարտի 27-ին: Լիսան նշաձողին հասել էր 2022 թ.-ի հոկտեմբերի 26-ին 411 օրվա ընթացքում: Որպես համեմատություն նշենք, որ Մայլի Սայրուսի «Flowers»-ը՝ նրա «Endless Summer Vacation» ալբոմի առաջատար սինգլը, հունվարի 12-ին՝ թողարկումից ընդամենը 112 օրվա ընթացքում, հատել էր մեկ միլիարդի շեմը: Բայց չմոռանանք, որ Սայրուսը ձայնագրում է իր ութերորդ ալբոմը եւ 2006 թվականից ելույթ է ունենում միջազգային երաժշտական ասպարեզում։ Իսկ NewJeans-ը դեռ պետք է թողարկի իր դեբյուտային ալբոմը:

 

 




Լրահոս