ՆԱԽԱԳԻԾ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը վերջերս նոր նախագիծ էր հեղինակել, որով առաջարկում է հետեւյալը. բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, վարկն ամբողջությամբ չպետք է տրամադրի կառուցապատողին, այլ դրա 25 տոկոսը փոխանցի, մնացած 75 տոկոսը վճարի, երբ բնակարանը կառուցվի եւ հանձնվի սեփականատիրոջը։

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն իսկ ընդունվել է ԱԺ-ում:

«Ժողովուրդ» օրաթերթը վերջին օրերին դժգոհություններ է ստանում կառուցապատմամբ զբաղվող ընկերություններից, որոնք պնդում են, որ այս նախագիծը մեծ վնաս է հասցնելու կառուցապատման ոլորտին: Կառուցապատողները նշում են, որ եթե գումար չստանան, չեն կարողանա աշխատանքը կատարել: Նրանք մտադիր են մինչեւ անգամ բողոքի ակցիա կազմակերպել՝ ընդդեմ պատգամավորի հեղինակած նախագծի:

Ժողովուրդ օրաթերթը այս առիթով զրուցել է պատգամավոր Գեւորգ Պապոյանի հետ:

-Պարո՛ն Պապոյան, կխնդրեմ մանրամասնել՝ ինչ է իրենից ներկայացնում նախագիծը, ինչու այսքան մեծ աղմուկ բարձրացրեց այն:

-Այսօր Հայաստանում նորակառույց շենքերում մարդիկ բնակարան գնելիս շատ հաճախ բնակարանների գնման իրավունքը գնում են, երբ շենքը դեռ պատրաստ չէ: Օրինակ՝ մարդը կարող է շենքի 12 կամ 14-րդ հարկում բնակարան գնել, բայց այդ պահին շենքը կառուցված լինի մինչեւ երկրորդ հարկ: Փաստացի կառուցապատողների 90%-ը երկու եղանակով է աշխատում՝ կա՛մ գումարի մեծ մասը սառած է լինում հաշվին՝ մինչեւ բնակարանը իրենց տան, կա՛մ փուլային ձեւով, այսինքն՝ կատարում է 20% աշխատանք, 20%-ը բացում է գումարից եւ այլն: Եվ կան կառուցապատողների խումբ, հիմնականում այդ աղմուկ բարձրացնողներն են, որոնք, ըստ էության, գումարի 100% հասանելիություն են ստանում: Այսինքն՝ օրինակ՝ շենքի 14-րդ հարկում բնակարան եք գնում, ձեզ տունը պետք է տան 2 տարի հետո, բայց կառուցապատողն ամբողջ գումարը այդ պահին վերցնում է: Այս դեպքերում կարող է ռիսկ առաջանալ, որ կառուցապատողը, հնարավոր է, սնանկանա, կամ կառուցապատողը կարող է խաբեությամբ զբաղվել ու շինարարության կեսից դադարեցնել գործընթացը: Հատկապես հիմա, երբ Կենտրոնական բանկը գնահատել է, որ 25% -ով գները ուռճացվել են Հայաստանում, շատ հնարավոր է, որ գանք ուղղակի շուկայական իրավիճակի, եւ որոշ կառուցապատողներ կա՛մ սնանկանան, կա՛մ իրենց գործունեությունը առաջ չգնա: Այս պահին մինչեւ 60.000 շենք է նախատեսվում կառուցել: Որպեսզի մենք մարդկանց այս պահին եւ ապագայում պաշտպանենք, իմ նախագծով մենք առաջարկում ենք, որ 2024 թվականից՝ 30%-ը, իսկ 2025 թվականից 50%-ը սառեցվի այդ գումարի, եւ իրենք այդ գումարների հասանելիությունը ունենան այն ժամանակ, երբ շենքը կառուցած կլինեն: Սա բերելու է նաեւ նրան, որ գները կարող է իջնեն շատ պարզ պատճառով. այսօր նրանք ունեն ամբողջ գումարի հասանելիություն եւ, բնականաբար, կարիք չունեն, այսպես ասած, շատ բնակարաններ վաճառելու, իսկ այն դեպքում, երբ իրենք գումարի մի մասին կունենան հասանելիություն, որպեսզի կարողանան շինարարությունը արագ տեմպերով ավարտին հասցնել եւ ֆինանսավորվել, իրենք պետք է մի փոքր իջեցնեն գները, որպեսզի ավելի շատ վաճառեն:

-Պարո՛ն Պապոյան, կառուցապատողներն ահազանգում են, որ նախագիծը մեծ վնաս է հասցնելու ոլորտին, քանի որ եթե կառուցապատողները չստանան ամբողջական գումարը, չեն կարող աշխատանքը կատարել մինչ վերջ: Դուք այս ռիսկերը հաշվի առե՞լ եք:

-Իրականում այդպիսի ռիսկ չկա: Ուրեմն, կառուցապատողների մեծ մասը գումարի 30-50%-ը այսօր ստանում է, եւ նրանց մոտ որեւէ ռիսկ չկա: Ուղղակի կան մի քանի կառուցապատողներ, որոնք ունեն 100% հասանելիություն, եւ, պատկերացրե՛ք, օրինակ, դուք հիպոտեկով բնակարան եք ձեռք բերել, կառուցապատողը 100% հասանելիություն է ստացել ձեր գումարին եւ հետո սնանկացել. ո՞վ է բնակարանը ձեզ տալու: Ես առաջարկում եմ այնպիսի մեխանիզմ, որ դուք ցանկացած պարագայում ունենաք բնակարան, ընդ որում՝ իմ առաջարկի հիման վրա ես կարող եմ նաեւ ասել, որ գները կիջնեն:

-Մինչ նախագիծն ԱԺ բերելը քննարկում անցկացրե՞լ եք կառուցապատողների հետ:

-Այո, անցկացրել եմ: Կառուցապատողներն են առաջարկել 55% սահմանաչափ դնել. ես առաջին տարբերակում 75% էի առաջարկել, հետո ընդառաջ եմ գնացել ու ավելի եմ իջեցրել՝ մինչեւ 50%, որ որեւէ խնդիր չլինի, ընդ որում՝ 2025 թվականից: Կառուցապատողներն ասում են, որ 23-25% հարկ են վճարում, մոտավոր 25% շահույթ են ստանում, տոկոսավճարներ են ստանում, որոշակի կապիտալ ունեն, ու այս հանրագումարը իրենց կարծիքով 50-55% է կազմում, եւ մենք հենց այս տարբերակով էլ առաջ ենք շարժվում, այսինքն՝ սա կառուցապատողների հետ հանդիպման արդյունքում ձեւավորված առաջարկ է: Այդ քննարկմանը մասնակցել է նաեւ Կառուցապատողների ասոցիացիան, որտեղ 70% կառուցապատողներ են, եւ, մոտավորապես, եւս 20 այդ պահին դժգոհ կառուցապատող, որոնց դժգոհություններին լուծում ենք տվել, որովհետեւ իրենք 75%-ի դեպքում էին խնդիր տեսնում:

-Պարո՛ն Պապոյան, մեզ ահազանգած կառուցապատողները պնդում էին, որ նախագիծը նպատակ ունի մենաշնորհ ապահովել «Ռենշին» ընկերության  համար, որը կառուցապատմամբ է զբաղվում:

-Ես չգիտեմ՝ ինչ է «Ռենշին»   ընկերությունը, երբեւէ որեւէ կառուցապատողի չեմ հանդիպել՝ հանրային հանդիպումներից զատ: Այս նախագծի նպատակը ՀՀ-ում այս պահին 60000 ընտանիքի շահերի պաշտպանությունն է: Հենց այս պահին ունենք 3 կառուցապատող, որոնք արդեն իսկ խնդիրներ են ստեղծել: Դրանցից մեկը 120 երիտասարդ գիտնականներից գումարներ է վերցրել՝ 90-100% հասանելիությամբ, բայց շինարարությունը 3-4-րդ հարկերում դադարեցված է: Մեր խնդիրը սա է: Մենք ունենք կառուցապատող, ով մարդկանցից գումարներ է վերցրել Դավիթաշենում բնակարաններ կառուցելու համար, եւ շինարարությունը էլի կանգնած է: Երբ այս ծավալները հանկարծ մեծացան, դրա դեմը կանգնեցնել մենք այլեւս չենք կարողանա: Մենք ընդամենը առաջարկում ենք կառավարել ռիսկերը: Ես այժմ յուրաքանչյուր ընթերցողի հարցնում եմ՝ արդյոք իրենք պատրաստ են հենց այնպես ինչ-որ մեկին վճարել 20-30 մլն դրամ այն հույսով, որ այդ ինչ-որ մեկը 3 տարի հետո իրեն բնակարան է տալու: Ինձ թվում է, որ մարդկանցից շատերը ուղղակի տեղեկացված չեն, եւ մենք մեր քաղաքացիներին պետք է ուղղակի պաշտպանենք: Լոբբինգը ինձ մոտ չի աշխատում, ինձ մոտ լոբբինգ կարող են անել միայն ՀՀ հազարավոր քաղաքացիները: Ինձ հետ նման շանտաժի եղանակով խոսելը անիմաստ է, դրա փոխարեն առաջարկում եմ, որ այն կառուցապատողները, որոնք կիսատ են թողել շինարարությունը, գնան շարունակեն իրենց գործը, նրանք թող ուղղակի մոռանան, որ հնարավոր է ՀՀ քաղաքացուն «գցել»:

Ես, իհարկե, հասկանում եմ մի քան հարուստ, շատ հարուստ տնտեսվարողների, կառուցապատողների, խոշոր կապիտալ ունեցող մարդկանց, որոնք կարող են գնել ամեն ինչ: Այդ մարդկանց նախագծով ստիպում եմ ոչ միայն իրենց մասին մտածել, այլ նաեւ հազարավոր մարդկանց, ուստի պատրաստ եմ որոշակի հարվածների. դրանք կարող են լինել հոդվածների, արշավների տեսքով, բայց ես վստահ եմ, որ սա հազարավոր մարդկանց համար է, պետության, շուկայի համար է, հետեւաբար չեմ պարաստվում ընկրկել որեւէ հարցի առաջ: Ուստի ի սկզբանե պատրաստ եմ եղել հարվածներն ընդունել, այդ խմբակներին էլ խորհուրդ եմ տալիս ոչ թե հոդվածներ պատվիրել կամ մարդկանց ուղղորդել իմ նախագծի դեմ,  այլ մտնել մասնագիտական քննարկման դաշտ: Նշեմ նաեւ, որ նախագծին դրական եզրակացություն է տվել կառավարությունը, Կենտրոնական բանկը:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՊԵՏԻ ՀԵՏԵՎԻՑ ԵՆ ԸՆԿԵԼ

Իրավապահ համակարգը ընկել է  ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի  կամ բոլորին հայտնի Մուրացանի հոսպիտալի նախկին պետ Արամ Ասատուրյանի, ինչպես նաեւ Սիսիանի զինվորական  հոսպիտալի  ներկայիս պետ Դանիել Մկրտչյանի հետեւից: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել դիզվառելիք  յուրացնելու եւ պետությանը շուրջ 25 միլիոն դրամի վնաս հասցնելու համար:  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ անգամ ծառայության պետ  Վահան Օսեյանի  տան լոգարանի պետքարանի եւ հավաբնի վրա նախաքննական մարմինը արգելանք է դրել:

Մուրացանի հոսպիտալի նախկին պետ Արամ Ասատուրյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը «Ժողովուրդ»  օրաթերթին հայտնեց, որ սա աբսուրդ քրեական գործ է, որն արդեն գտնվում է  Հակակոռուպցիոն դատարանում: «Նախ՝ նշեմ՝ մոտ 20 միլիոն դրամի յուրացման մասին է խոսքը, եւ ինքներդ կարող եք գալ դատարան արդեն ու տեսնել, թե ինչպես են մարդկային կյանքեր փրկած անձանց դիզվառելիքի հափշտակման մեջ մեղադրում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց փաստաբանը:

 

 

 

 

ԱԶԱՏԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գոհար Դարբինյանը 2023 թվականի հունիսի 16-ից կազատվի Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով եւ «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Գոհար Դարբինյանին 2023 թվականի հունիսի 16-ից ազատել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած հավաստի աղբյուրները փոխանցում են, որ Գոհար Դարբինյանը տեսչության նախկին պետ Հակոբ Ավագյանի բարեկամուհին էր, ու վերջինս, կարելի է ասել, տեսչությունում մատնված էր անգործության: Հակոբ Ավագյանի հովանավորության ներքո Դարբինյանն ամեն կերպ փորձել է իր պաշտոնը պահել՝ իշխանությունների մոտ ծանոթ գտնելով, սակայն նրան դա չի հաջողվել: Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը չի հանդուրժել Գոհար Դարբինյանի անգործությունը, ինչի համար էլ վերջինս ազատման դիմում է ներկայացրել:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում պետք է նաեւ որոշվի տեսչության ղեկավարի նշանակման հարցը,  ու չի բացառվում, որ Սլավիկ Սարգսյանը նշանակվի այդ պաշտոնին:

 

 

 




Լրահոս