Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը խնդիր է գյուղական բնակավայրերում ապրող երեխաների ծնողների համար: Որքան էլ դժվար է պատկերացնել, բայց մեր երկրում կան շատ բնակավայրեր, որոնք ունեն թե՛ համացանցի հասանելության եւ թե՛ դրանից օգտվելու խնդիրներ:
Ի դեպ, հիշեցնենք, որ 2023-2024 թթ. ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 12-ից եւ կիրականացվի 3 փուլով։ Առաջին փուլով՝ հունիսի 12-ից հայտագրումը բաց կլինի բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ՝
գ տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին եւ տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին (այս կետի արտոնությամբ հայտագրումը կշարունակվի մինչեւ հունիսի 25-ը ներառյալ),
գ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչեւ տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին,
գ տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան՝ ՀՀ տարածքում ներքին գործուղման հետեւանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաներին:
Երկրորդ փուլով հունիսի 27-ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։
Երրորդ փուլով հուլիսի 4-ից հայտագրում կիրականացվի նաեւ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի) համար: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը թվարկված որեւէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի, հայտագրումը կարող է կատարվել ծնողի ընտրությամբ՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:
Մեր զրուցակիցները հուսով են, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ի վերջո կփորձի այնպիսի մեխանիզմներ մշակել, որը կհեշտացնի առաջին դասարանցիների ընդունելության կարգն, ու այս բյուրոկրատական քաշքշուկից իրենք զերծ կմնան: Այս պրոցեսը ոչ թե գլխացավանք կդառնա իրենց համար, այլ իրենք կկարողանան շատ մատչելի ձեւով իրենց զավակներին ընդունել դպրոցներում:
«Ժողովուրդ» օրաթերթն առաջիկայում կներկայացնի կրթության ոլորտի փորձագետի եւ ԿԳՄՍ նախարարության տեսակետն այս հարցի վերաբերյալ:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Wildberries-Ը՝ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ինչպես արդեն գրել էինք, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից ռուսական Wildberries ընկերության վերաբերյալ:
Ըստ քաղաքացիների բողոքների՝ Wildberries ընկերությունն անհասկանալի պատճառներով պարբերաբար թանկացնում է գնված ապրանքի վերադարձի գումարը: Այժմ, նախկին 450-դրամի փոխարեն, այն դարձել է 850 դրամ: Քաղաքացիներին զայրացրել է նաեւ այն հանգամանքը, որ երեխաների համար նախատեսված կաշաները, նպարեղենը չեն կարողանում հատով գնել, քանի որ Wildberries-ը փոխել է գնման ձեւը. այն այսուհետ պետք է գնել որոշակի քանակով, ինչը մեծ անհարմարություններ է պատճառել եւ վրդովմունք առաջացրել քաղաքացիների շրջանում: Քաղաքացիների ահազանգերին եւ մեր հարցադրումներին ի պատասխան՝ Wildberries ընկերությունը պարզաբանել է, որ ապրանքների քանակի սահմանափակում չեն դրել պատվերների մեջ։ Միակ պայմանը պահեստում ապրանքի անհրաժեշտ քանակի առկայությունն է։ Իսկ հետադարձ առաքման վճարների թանկացման մասին ընդգծել են. «Ինչ վերաբերում է հետադարձ առաքմանը, ապա դրա արժեքն աճել է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ բոլոր երկրներում, որտեղ ընկերությունը գործում է։ Կախված ապրանքից՝ նվազագույն արժեքը սկսվում է 150 ռուբլուց եւ փոխակերպվում տեղական արժույթի. Հայաստանում 710 դրամ է»։
Եվ չնայած այս սահմանափակումներին եւ անհարմարություններին՝ Wildberries-ը մեծ պահանջարկ ունի Հայաստանում:
Լ.ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԽՈՐՎԱԹԻԱՅՈՒՄ
Հայաստանի մարմնամարզության հավաքականի մի խումբ ներկայացուցիչներ մեկնարկում են World Challenge Cup-ում:
Խորվաթական Օսիջեկ քաղաքում կայանալիք World Challenge Cup-ի հերթական փուլին Հայաստանը կներկայացնեն Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Թովմասյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Մանե Պողոսյանը: Մարզիչները կլինեն Հայկ Նազարյանը եւ Քնարիկ Բրսոյանը: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարների շարքում:
Մրցաշարը կմեկնարկի հունիսի 8-ին: Այս փուլին մասնակցում են Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մի շարք մրցանակակիրներ:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները 4 մեդալ էին նվաճել Բուլղարական Վառնա քաղաքում կայացած World Challenge Cup-ում: Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել հենացատկի վարժությունում եւ բրոնզե մեդալներ` նժույգ-թափերում ու օղակների վարժությունում: Արթուր Ավետիսյանն էլ ոսկի էր նվաճել օղակների վարժությունում:
ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ՝ ԴԵՊԻ ՏՈՒՆ
Աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը մեկնաբանել է մասնակցությունը Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Հայ թենիսիստը քառորդ եզրափակիչում պարտվել էր աշխարհի երրորդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչին։ Խաչանովը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակում կվերադառնա լավագույն տասնյակ։
«Ոչ մի ափսոսանք չկա. եւս մեկ լավ մրցելույթ ունեցա «Մեծ սաղավարտի» մրցաշարում, շատ լավ փորձ էր։ Մի քանի տարի ասում էի, որ նպատակս լավագույն տասնյակ վերադառնալն է։ Գլխավոր նպատակ չէ, բայց, ամեն դեպքում, լավ է, որ հասա այդ նպատակիս։ Տուն եմ վերադառնում հպարտության զգացումով»,- Խաչանովի խոսքը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Խաչանովը 2019թ. նոյեմբերից հետո առաջին անգամ կլինի լավագույն տասնյակում։ Պատմության մեջ առաջին անգամ տասնյակում կընդգրկվի երեք ռուսաստանցի՝ Խաչանով, Դանիիլ Մեդվեդեւ եւ Անդրեյ Ռուբլյով։