Հունիսի 27-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացել է «Ներսես Շնորհալի. հրեշտակ երկնավոր» խորագիրը կրող գիտաժողովը, որով մեկնարկել են Ներսես Շնորհալու 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։ Նույն օրը տեղի է ունեցել նաեւ նույնանուն խորագրով ցուցադրության բացումը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում ընդգրկված հայ միջնադարյան հայտնի մտածող Ներսես Շնորհալու հիշատակի միջոցառումներին մասնակցում է նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը:
«Ներսես Շնորհալի. հրեշտակ երկնավոր» խորագիրը կրող գիտաժողովին մասնակցել են Մատենադարանի, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի, Ֆրանսիայի գիտական շրջանակների ներկայացուցիչները, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Վատիկանի ներկայացուցիչը, քույր եկեղեցիների հոգեւոր հայրեր, ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դեսպաններ, հրավիրված հյուրեր։
Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար Քրիստիան Տեր Ստեփանյանը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Վատիկանի ներկայացուցիչը։
Գիտաժողովի հիմնական զեկուցողներն էին ֆրանսիացի անվանի հայագետ Ժան Պիեր Մահեն, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Գուրգեն Գասպարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան հայր Շահե աբեղա Անանյանը: Գիտաժողովը վարել է Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմինե Մելքոնյանը։
Ելույթի ընթացքում բանախոսներն արժեւորել են Շնորհալու ստեղծագործական ժառանգությունը, նրա դերակատարությունը համաքրիստոնեական արժեքների տարածման գործում։
Գիտաժողովին հաջորդել է նույնանուն խորագրով ցուցադրությունը, որի բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է մշակութային կարեւոր եւ աննախադեպ իրադարձության կապակցությամբ. «Այսօր մենք առիթ ունենք վերստին նշանավորելու հայոց հոգեւոր պատմության ամենաերեւելի անուներից մեկին՝ Սուրբ Ներսես Շնորհալուն։ Վստահ եմ՝ այսօր մեկնարկած գիտաժողովի շրջանակում տրվել են ստույգ գիտական գնահատականներ, գեղեցիկ եւ խորիմաստ բնութագրումներ, եւ, այդուհանդերձ, դժվար է սահմանել այն դերն ու նշանակությունը, որ ունեցել է մեծանուն Հայրապետը հայ աստվածաբանական ու գեղագիտական մտքի ձեւավորման մեջ»։
Նախարարի նշմամբ՝ ցուցահանդեսը եւս մեկ հնարավորություն է ծանոթանալու Ներսես Շնորհալու ժառանգությանը եւ գիտակցելու նրա դերը մատենագրության, գրավոր մշակույթի պատմության մեջ։
«Նմուշների բնագրերը պահպանվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, եւ առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մաշտոցյան Մատենադարանին պատկերազարդ ձեռագրերի թվային պատճենները տրամադրելու համար»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը նման հնարավորություն ստեղծելու համար:
Ելույթներ են ունեցել նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար Քրիստիան Տեր Ստեփանյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ էդուարդ Ֆիրմին Մատոկոն։
Ցուցադրությունը ներկայացրել է ««Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի գլխավոր ավանդապահի ժամանակավոր պարտականությունները կատարող Դավիթ Ղազարյանը:
ԳՆԱՑՔԻ ՇԱՐԺՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԿՓՈԽՎԻ
Երեւան-Սեւան-Շորժա-Երեւան մերձքաղաքային էլեկտրագնացքը կշարժվի ոչ թե «Ալմաստ» կանգառից (Քանաքեռ-Զեյթուն համայնք), այլ «Երեւան» (Սասունցի Դավթի հրապարակին հարող) կայարանից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
«Այս տարի ունենք նոր երթուղի. էլեկտրագնացքը «Երեւան» կայարանից շարժվելու է «Շորժա» կայարան։ Նախորդ տարիներին երթուղին մեկնարկում էր «Ալմաստ» կայարանից, բայց քանի որ մեր ուղեւորները շատ հարցումներ էին ուղարկել մեզ, որոշեցինք երթուղին սկսել Երեւանի կենտրոնին ավելի մոտ»,- ասել է Մելնիկովը։
Նշվում է, որ երթուղին սկսել է աշխատել հունիսի 16-ից։
Ա. ՍԻՄՈՆՅԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՕԳՆԱԿԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը 2022 թվականի հայտարարատու տարում հայտարարագրել է մեկ բնակարան Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում: Ըստ հայտարարագրի՝ ունի մեկ մարդատար մեքենա՝ 2015 թվականի արտադրության Hyundai մակնիշի, որը ձեռք է բերել 2021 թվականին:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախկին օգնական, ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանը հայտարարգրել է 33 մլն 100 հազար դրամ արժողությամբ փոխառություն «Արմ Կոնստրակտ» ՍՊԸ-ից: Հակոբյանի կանխիկ դրամական միջոցները տարեվերջին կազմել են 500 հազար դրամ, իսկ բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 835 հազար դրամ:
Հայտարարատու անձի եկամուտները տարվա ընթացքում կազմել են 37 մլն 712 հազար դրամ, որից 8 մլն 022 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից, իսկ 29 մլն 690 հազար դրամը վարկ է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից: Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 41 մլն 714 հազար դրամ:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԿԻՍՎՈՒՄ Է
Հունիսի 26-ին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Տավուշի մարզպետարանում հանդիպում է ունեցել Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Տավուշի մարզպետարանի պաշտոնյաներ: Մարզպետարանից հայտնում են, որ քննարկման հիմնական հարցերը վերաբերել են 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին եւ սեպտեմբերից բոլոր դպրոցներում փորձարկվող հանրակրթության նոր չափորոշչին։ Այդ նոր չափորոշիչը նախորդ երկու տարում արդեն փորձարկվել է Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում, իսկ նոր ուսումնական տարվանից ներդրվելու է մյուս մարզերի եւ Երեւան քաղաքի բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարաններում։ Նախարարի տեղակալը հայտնել է նաեւ, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր համակարգով՝ դպրոցների կառավարման բովանդակային եւ վարչական գործառույթները տարանջատված են։ Կրթության որակի ապահովման գործառույթն ամբողջովին վերապահվում է տնօրենին, իսկ տնտեսական կառավարումը՝ վարչական համակարգողին։ Վարչական կառավարման մեջ ներառվում են հաշվապահությունը, գնումների գործընթացը, սննդի եւ մաքրության կազմակերպումը, անվտանգության ապահովումը, ընթացիկ տեխնիկական սպասարկումը: Տավուշի մարզի դպրոցների տնօրենները լարված դեմքերով են լսել այն լուրը, որ այսուհետ դպրոցների տնտեսական կառավարումն իրականացնելու են ոչ թե իրենք, այլ դպրոցի վարչական համակարգողը։ Սա դուր չի եկել հանրակրթական դպրոցների տնօրեններին, որոնք սովոր են տնօրինել իրենց դպրոցի ֆինանսական, նյութական ռեսուրսները:
6 ԺԱՄԻՑ ԱՎԵԼ՝ ԱՌԱՆՑ ՀՈՍԱՆՔԻ
Նոյեմբերյան քաղաքը եւ Նոյեմբերյան համայնքի բոլոր 18 գյուղերը հունիսի 27-ի ժամը 14:00-ից մինչեւ նույն օրը՝ ժամը 19:45, հոսանքազրկված էին։ Դրա պատճառը Լոռու մարզու Ալավերդի համայնքում՝ Թեղուտի հանքավայրի մոտ տեղացած ուժեղ կարկուտն ու քամին, քամուց 110 հազար վոլտ լարման էլեկտրական հոսանքի հենասյան տապալումն էր։ Այդ բարձրավոլտ գծից են սնուցվում Նոյեմբերյան համայնքի բոլոր 19 բնակավայրերը։ Էլեկտրամատակարարումը վերականգնելու համար բարձրավոլտ գծի նորոգման աշխատանքներ կատարվեցին։ Նոյեմբերյան համայնքի առեւտրի օբյեկտների տերերը մտավախություն ունեին, որ 6 ժամ հոսանքազրկման հետեւանքով իրենց խանութների սառնարաններում պահվող պաղպաղակի ողջ քանակը կարող է հալվել, փչանալ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ