ԲՀԿ-Ն ԿՄԱՍՆԱԿՑԻ՞ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանի հետ` պարզելու համար, թե արդյոք իրենց կուսակցությունը մասնակցելու է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին: Մեր զրուցակցից փորձել ենք պարզել, թե ով է այս պահին առաջադրված թեկնածուներից համարվում ֆավորիտ: Մանրիկյանը նշել է նաեւ, թե Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի առաջադրումից ինչ փոփոխություններ կարող են լինել ավագանու ընտրությունների ելքում:

 

-Պարո՛ն Մանրիկյան, պաշտոնապես հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 17-ին տեղի կունենան ավագանու ընտրություններ, իրավիճակն էլ գնալով կթեժանա: Նախ՝ Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք, եւ արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը  մասնակցություն ունենալո՞ւ է Երեւանի ավագանու ընտրություններին:

-Կուսակցությունում ակտիվ քննարկումները՝ պարոն Ծառուկյանի գլխավորությամբ, իհարկե, շարունակվում են: Պարոն Ծառուկյանը հանդիպում է տարածքային գրասենյակների ղեկավարների հետ, կուսակցության ակտիվի հետ, եւ մասնակցելու կամ չմասնակցելու հետ կապված առաջիկայում կլինի պաշտոնական հայտարարություն:

-Ինչի՞ շուրջ են նման երկար քննարկումները: Թեկնածուների՞ հետ է կապված, թե՞մրցակցության, կամ միգուցե կա այլ պատճա՞ռ:

-Ցանկացած ընտրության դեպքում՝ դա կլինի ՏԻՄ ընտրություն, թե համապետական ընտրություն, կուսակցությունը մոտենում է լրջագույն տեսանկյունից: Մենք չենք ուզում մասնակցել մասնակցելու համար, պետք է նաեւ քննարկումներ ունենանք, լսենք մեր թիմակից ընկերների բարձրաձայնած առաջարկները, մտահոգությունները, խնդիրները, նոր կայացնենք որոշում: Եթե մասնակցում ենք, պետք է ունենանք արդյունք: Այդ իսկ պատճառով ակտիվի հետ կատարվում են քննարկումներ, մնացածը մոտ ապագայում կհայտնենք:

-Ի՞նչ կարծիքներ կան՝ ընտրությունների ելքի հետ կապված: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ամեն բան արդեն որոշված է, եւ մենք ունենք արդեն քաղաքապետ՝ Տիգրան Ավինյանը: Ձեր կուսակցությունը ի՞նչ կարծիքներ է քննարկում:

-Թե՛ կուսակցության, թե՛ հանրության  հետ շփվելիս, ընկերական շրջապատում այնպես չէ, որ միանշանակ համոզված են, որ արդեն ելքը որոշված է: Նախ պետք է հասկանալ՝ վերջնական ցուցակում ովքեր են ներառված, թե ովքեր են վերջնական թեկնածուները, որովհետեւ, ինչպես հասկացա, մեկ տասնյակից ավելի կուսակցություններ ու դաշինքներ են մասնակցելու, եւ ինչպես մնացած բոլոր ընտրություններում, ֆավորիտ թեկնածու է համարվում իշխանության թեկնածուն. դա չգրված օրենք է եւ նորմալ է: Կարծում եմ՝ թեկնածուների նախընտրական ծրագիրը ներկայացնելուց 7-10 օր անց մենք կհասկանանք, թե ինչ ակնկալիքներ պետք է ունենալ ընտրություններից:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ

Ինչպես արդեն հայտնի է, սեպտեմբերի 17-ին տեղի են ունենալու Երեւանի ավագանու ընտրությունները:

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինանը, որը ղեկավարելու է Երեւանի ավագանու իշխանական ցուցակը, արդեն մոտավորապես ծրագրել է, թե ովքեր են լինելու ավագանու ընտրությունների ցուցակում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախ պլանավորված է, որ Ավինյանի հետ ցուցակում պետք է պարտադիր լինի եւ բոլոր քարոզարշավներին մասնակցի Լեւոն Հովհաննիսյանը, որն այս պահին քաղաքապետի տեղակալն է, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է:

Ցուցակում պարտադիր լինելու են նաեւ Արմեն Կոտոլյանը, Արմեն Հարությունյանը, որը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եղբայրն է, Արմեն Ղալիչյանը, Արմեն Գալջյանը, Նուարդ Վարդանյանը, որը արդեն հայտնի է, որ կզբաղեցի կուսակցության 3-րդ համարը, Լեւոն Զաքարյանը, Արթուր Իսպիրյանը, Մարատ Թոխյանը, Լուսինե Գեւորգյանը, Արմեն Սարգսյանը, Աշոտ Սարգսյանը, որն առողջապահության նախկին նախարար, ներկայիս պատգամավոր Արսեն Թորոսյանի ընկերն է, Արթուր Մայիլյանը, Վազգեն Դարբինյանը, Հայկ Միրզոյանը, Պավել Սարգսյանը, Դիանա Քերոբյանը, Գառնիկ Վարդանյանը, որը կառավարությունում է աշխատում, եւ  Մանուել Մարգարյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ վերոնշյալ ցուցակը գրեթե հաստատված է, բայց պետք է վերջնական քննարկվի Նիկոլ Փաշինյանի հետ: Այս ցուցակում ուզում են ներառել նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թիմակիցներին։ Հարությունյանը նշել է, որ պետք է մարդիկ ունենա Երեւանի ավագանու կազմում: Պետք է մարդիկ ներգրավված լինեն նաեւ պաշտպանության նախկին նախարար Սուրեն Պապիկյանի թիմակիցներից, եւ վերջինիս ասվել է, որ ցուցակ ներկայացնի: Ըստ շրջանառվող լուրերի՝ Արսեն Թորոսյանը եւս ցանկանում է իր վստահելի մարդկանցից մի քանիսին ներառել այս ցուցակում:

Հիմա թեժ պայքար է ընթանում այս անձանց ցուցակում ներառելու համար. յուրաքանչուրն ուզում է իր ցանկալի մարդուն ներառել, բայց վերջնական որոշումը պետք է կայացնի Փաշինյանը: Վերոնշյալ մարդիկ այս պահի դրությամբ արդեն վերջնական ներառված են:

ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

 

 

 

ԲԱՎԱՐԱՐ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի շուրջ կատարվածը ընդամենը շոու էր։ Ինչպես հայտնի է, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Գեւորգ Սիմոնյանը կալանավորվել էր, ապա ազատ արձակվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա ակտիվ անցել է աշխատանքի Երեւանի քաղաքապետարանում։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ Սիմոնյանը նորմալ աշխատանքի է հաճախում եւ իր շուրջ ստեղծված իրավիճակը փուչիկ է որակել։ Նշենք, որ Կորոնավիրուսի տարածման շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով դեռ մարտ ամսին կալանավորվել էր նաեւ «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրենը, 10 բուժաշխատողներ ձերբակալվել էին, անգամ ծանուցագիր էր ուղարկվել առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին, սակայն մինչ օրս այս մասին որեւէ նորություն առկա չէ՝ նախկին նախարարը հարցաքննվեց, թե ոչ: Այսինքն՝ հայտարարություն եղավ, թե չարաշահումներ են եղել, մարդիկ կալանավորվեցին, սակայն մինչեւ օրս վերջնական բացահայտում դեռ չկա:

 

 

 

 

ԽՆԴԻՐՆԵՐ՝ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը շարունակում է մնալ աղբի ու գարշահոտության մեջ: Օրեր շարունակ չեն դատարկվում աղբամանները, աղբը թափված է ամենուր, իսկ վարչական շրջանի ղեկավարը չի էլ մտածում  լուծել աղբահանության խնդիրները: Ամբողջ վարչական շրջանով մեկ աղբակույտեր են, աղբամաններից աղբը դուրս է թափվում, այն էլ՝ տուրիստական այս թեժ շրջանում։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Երեւանի Մալաաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի հետ՝ պարզելու, թե ինչու է նման իրավիճակ վարչական շրջանում:

Բարխուդարյանի խոսքով՝ աղբահանություն իրականացնող ընկերությունում այս պահին խնդիրներ կան:

«Աղբահանության հիմնարկում տեխնիկական խնդիրներ են առաջացել, եւ այդ մասին հրապարականորեն հայտարարված է. մոտ օրերս խնդիրը կլուծվի»

ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

 




Լրահոս