43 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում օգոստոսի 20-27-ը մի շարք ուժային կառույցների աշխատակիցների մասնակցությամբ բանակային խաղերի անցկացման համար կտրամադրվի 43 մլն դրամ, որից շուրջ 30 մլն դրամը մրցանակային ֆոնդն է: Համապատասխան նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

 

Նախատեսված է, որ 2023թ. օգոստոսի 20-27-ը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում եւ ՊՆ-ի մարզաբազաներում կանցկացվեն բանակային խաղեր՝ մի քանի կառույցների մասնակցությամբ: Բանակային խաղերին կմասնակցեն Պաշտպանության նախարարության, ԱԱԾ-ի, Ներքին գործերի նախարարության, Փրկարար ծառայության, Պետական պահպանության ծառայության, ՊԵԿ-ի, Քննչական կոմիտեի եւ Գլխավոր դատախազության աշխատակիցները՝ թե կանայք, թե տղամարդիկ: Յուրաքանչյուր կառույց կարող է ներկայացնել մեկական թիմ:

«Բանակային խաղերում ներառված են լինելու հետեւյալ մարզաձեւերը՝ բանակային քառամարտ, որն ընդգրկում է ձգումներ պտտաձողից, կանանց դեպքում՝ իրանի ծալում եւ տարածում, վազք՝ 100 մետր եւ 3000 մետր, կանանց համար՝ 1000 մետր, եւ նռնակի նետում նշանակետին մրցաձեւերը: Երկրորդ ձեւը ռազմականացված կրոսավազքն է, որը կիրականացվի թե՛ անհատական, թե՛ թիմային ձեւերով, այս պարագայում՝ արդեն փոխանցումավազքի ձեւով, ամեն կառույցից 3-ական մասնակցով: Լինելու է կողմնորոշում, որն իրականացվելու է որոշակի տեղանքի համար տրվող քարտեզով: Այնուհետեւ երեք տարբեր հրաձգության ձեւեր են՝ ինքնաձիգից, ատրճականից եւ հրացանից տարբեր դիրքերով»,-ասաց Անդրեասյանը:

Նախատեսվում է, որ առաջինից երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները կպարգեւատրվեն հավաստագրերով, մեդալներով եւ դրամական պարգեւներով, առաջին տեղը գրաված թիմերը՝ գավաթներով: Առաջին տեղի համար նախատեսված է 1 մլն դրամ պարգեւ, երկրորդ տեղի համար՝ 500 հազար, իսկ երրորդ տեղի համար՝ 300 հազար դրամ: Փոխանցումավազքի մրցանակակիր թիմերը կպարգեւատրվեն համապատասխան գավաթով, իսկ յուրանքաչյուր մասնակից՝ մեդալներով, պատվոգրերով եւ դրամական պարգեւներով: Առաջին տեղի համար յուրաքանչյուր մասնակիցը կստանա 300 հազար դրամ, երկրորդ տեղի համար՝ 200 հազար, երրորդ տեղի համար՝ 150 հազար դրամ:

«Այս նախագծով մեր նախարարությանը հատկացված միջոցներից վերաբաշխում ենք իրականացնում բանակային խաղերի կազմակերպման եւ անցկացման նպատակով՝ 43 մլն դրամի չափով: Ընդ որում՝ սրանից 30 մլն դրամը մրցանակային ֆոնդն է»,-ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ հայտերն ընդունվում են մինչեւ օգոստոսի 1-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարեւորեց այս միջոցառումը: «Կարեւոր եմ համարում, որ ծառայողների համար սոցիալական շփման որոշակի միջավայր ձեւավորվի: Շատ դեպքերում տեսնում ենք, որ այդ ծառայությունների մեջ ամենատարբեր հանգամանքների բերումով մարդիկ սոցիալականացման հարթակներ չունեն: Հաջորդ հանգամանքը մրցակցության ոգին եւ հմտությունների շարունակական զարգացման մի խթան ունենալն է»,-ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ ուժային կառույցների փոխադարձ շփումը նաեւ այսպիսի հարթակներում էականորեն կավելացնի ծառայությունների փոխգործակցության որակը:

 

 

 

ԲՈՒՀԵՐԻ ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ

Ակադեմիական քաղաք հիմնելու հայեցակարգը նախատեսվում է ընդունել ընթացիկ տարվա սեպտեմբերին: Այս մասին նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։

 

«Հայեցակարգի հիմքում դրված է բուհերի խոշորացումը։ Նախատեսված է ունենալ պետական ֆինանսավորմամբ մինչեւ 8 բուհ։ Սահմանվել են հետեւյալ ուղղությունները՝ դասական համալսարան, բժշկական, արվեստի, կրթական, սպայական, տեխնոլոգիական ուղղությամբ համալսարաններ։ Ակադեմիական քաղաքում կձեւավորվեն կլաստերներ՝ կրթական-սպայական, արվեստի եւ տեխնոլոգիական»,-ասաց Լուսինե Գրիգորյանը։ Հայեցակարգում հստակ ժամանակացույց է սահմանվելու նախագծման, կառուցման, բուհերի տեղափոխման փուլերի վերաբերյալ։ Ակնկալվում է, որ 2030 թվականին քաղաքը պատրաստ կլինի։

Այդ քաղաքում տեղակայվելու հնարավորություն է տրվելու նաեւ միջպետական համաձայնագրերով գործող մասնավոր բուհերին։ Լինելու է շուրջ 44 հազար մարդու համար նախատեսված ակադեմիական քաղաք։ Ակադեմիական քաղաքն ունենալու է բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, Երեւանից ապահովվելու են տրանսպորտային երթուղիներ։ Աշխատանքներն իրականացնելու, համակարգելու համար ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը։

Ինչ վերաբերում է մարզերում գտնվող բուհերին, ապա Լուսինե Գրիգորյանը նշեց, որ դրանց ճակատագրի հարցը քննարկվում է։

Հայաստանի բուհերում ընդունելության համար այս տարի հատկացված 15 հազար 984 վճարովի տեղերից ընդունելություն իրականացվել է 7242-ի չափով, այսինքն՝ 45.3 տոկոսով:

«Այս տարի մեր դիմորդների թիվը 13 հազար 314 էր, որը համադրելի է նախորդ 2 տարիների թվի հետ: Ընդունվածների ընդհանուր թիվը 9147 է, ինչը կրկին համադրելի ցուցանիշ է նախորդ տարիների հետ: Անվճար տեղերի թիվը եղել է 2128, անվճար ընդունվել են 1782-ը, որը 83.7 տոկոսն է: Վճարովի տեղերը հատկացված են եղել 15 հազար 984-ի չափով, ընդունելությունն իրկանացված է 7242-ի չափով: Սա, իհարկե, շատ ցածր ցուցանիշ է՝ 45.3 տոկոսը, եւ սա նորություն չէ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ սա ներառում է ե՛ւ պետական, ե՛ւ ոչ պետական բուհերի ցուցանիշները:

Օրինակ՝ ոչ պետական բուհերի պարագայում հատկացված է եղել 3700-ից ավելի տեղ, ընդունելությունը եղել է շուրջ 3 տոկոս: Նախարարը նկատեց՝ ոչ պետական բուհերում գրեթե ընդունելություն չի իրականացվում:

Նա ներկայացրեց որոշ մտահոգիչ ցուցանիշներ եւս: Շատ ցածր ու մտահոգիչ է շարունակում մնալ ագրարային ուղղությամբ ընդունելությունը. Ագրարային համալսարանում հատկացված տեղերի ցուցանիշով ընդունելությունը կազմում է ընդամենը 7 տոկոս: Անդրեասյանը շատ մեծ աշխատանքի կարիք է տեսնում այս ուղղությամբ:

 

 

 

ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՑՎԵՆ

Դիմորդների շրջանում ագրարային եւ մանկավարժական մասնագիտությունների նկատմամբ գրավչությունը ավելացնելու նպատակով առաջարկվում են փոփոխություններ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիատական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը նշել է, որ նախ վերանայվելու է կրթաթոշակի չափը։

«Նախատեսում ենք կտրուկ բարձրացնել կրթաթոշակի չափը։ Ներկայիս 5-6 հազար դրամի փոխարեն կսահմանվի 70-77 հազար դրամ։ Կրթաթոշակ տրամադրվելու է ինչպես անվճար, այնպես էլ վճարովի սովորող ուսանողներին։ Գերազանց սովորողները կստանան 10 տոկոս հավելավճար»,-ասաց Լուսինե Գրիգորյանը։

Նախարարության ներկայացուցիչը վստահ է, որ այս նախաձեռնությունը կնպաստի նշված մասնագիտությությոնների նկատմամբ գրավչության բարձրացմանը։

Նախագիծը շուտով կներկայացվի կառավարությանը։ Այն հաստատվելուց հետո հավանական է, որ հենց այս ուսումնական տարվա սկզբից ագրարային եւ մանկավարժական մասնագիտություններով ընդունված ուսանողները ստանան բարձրացված կրթաթոշակ։

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ նախատեսվում է նաեւ կատարել փոփոխություններ ընդունելության մեխանիզմների վերաբերյալ։ Լուսինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ այժմ քննարկվում է այն հարցը, ըստ որի՝ ավագ դպրոցից, ինչպես նաեւ ագրարային ուղղվածության միջին մասնագիտական հաստատություներից Ագրարային համալսարան անցումը կապահովվի հեշտացված կարգով։

«Դիտարկվում են, միգուցե, առանց քննության ընդունվելու կամ մասնագիտական քննություն հանձնելու տարբերակները։ Նախագիծը շուտով կդրվի հանրային քննարկման։ Մեր կողմից քայլերը շարունավելու են ագրարային մասնագիտությունների գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ։ Ագրարային համալսարանը վերջին տարիներին բավական աշխատանք է իրականացրել կրթական ծրագրերը, ենթակառուցվածքները բարելավելու ուղղությամբ։ Կարծում եմ, որ պետք է ակտիվ աշխատանք տարվի հանրային իրազեկման ուղղությամբ, որ դիմորդները տեղեկանան համալսարանի գրավիչ մասնագիտությունների, շուկայի պահանջարկի վերաբերյալ»,- հավելեց նախարարության ներկայացուցիչը։

 




Լրահոս