ՀԱՐՑ. Ինչի՞ համար է մուծվում գազի ներտնային սպասարկման վարձը, եթե սարքավորումների փչանալու դեպքում համապատասխան մասնագետները չեն վերանորոգում: Մեր ջրատաքացուցիչը փչացել էր, զանգահարեցինք, 3 օր սպասեցինք, չեկան: Ստիպված դրսից ուրիշ մասնագետ ենք կանչել, վճարել ենք, նոր միայն վերանորոգել են: Այնքան ենք բարկացել, որ չենք էլ ուզում այսուհետ սպասարկման գումարը վճարել: Մասնագետները պատճառաբանում են, որ իրենք պարտավոր չեն սարքավորումները վերանորոգել: Հետաքրքիր է իմանալ` սարքավորումների փչանալու դեպքում ո՞ւմ դիմենք:
ՊԱՏԱՍԽԱՆ. Պատասխանելով քաղաքացու հարցին` տեղեկացնում ենք, որ ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացվում է` ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005թ. դեկտեմբերի 9-ի N 199-Ն որոշմամբ հաստատված` «Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման» համաձայնագրի:
Ներտնային գազասպառման համակարգի պլանային տեխնիկական սպասարկումը ներառում է`
• գազատար խողովակների եւ գազօգտագործող սարքավորումների արտաքին զննումը, զոդակարերի, պարուրակային միացումների կիպության ստուգումը, իսկ գազի արտահոսքի առկայության դեպքում` դրա վերացումը,
• գազասարքերի ծխատար խողովակների հավաքակցման, ծխատար ուղուն միացման, օդափոխության եւ այրման համար անհրաժեշտ օդաքանակի ներհոսքի համար նախատեսված բացվածքների զննումը, ծխաօդատար ուղիներում քարշի ստուգումը, որի բացակայության (խաթարված լինելու) դեպքում ծխաօդատար ուղիների մաքրումը (ծխաօդատարի մաքրումն ընդգրկում է այն բոլոր աշխատանքները, որոնք անհրաժեշտ է կատարել ծխաօդատարի քարշն ապահովելու համար, այն է` մաքրել ծխաօդատարը մեխանիկական եղանակով (ծանրոցի օգնությամբ), ինչպես նաեւ վերացնել ցանկացած արգելք, բացառությամբ այն դեպքերի, որոնք կապված են ծխաօդատարի կառուցվածքային ամբողջության խաթարման հետ):
«Էյ-Ի-Ջի սերվիս» ՍՊԸ-ի տնօրենի առաջին տեղակալ Մկրտիչ Ջալալյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Հայռուսգազարդ»-ի բաժանորդները ոչ մի կերպ չեն հաշտվում ամեն ամիս գրեթե հենց այնպես 475 դրամ վճարելու մտքի հետ: Թեեւ գազի վարձավճարն այնքան մեծ գումար է կազմում, որ մեր հայրենակիցները լուռումունջ վճարում են նաեւ նշված գումարը: