ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասա­րաններում 2023-2024 ուստարում ուսումնական գործընթացի կազմա­կերպման ուղեցույցը:

 

Հաստատությունը ուսպլանի պետական, դպրոցական եւ անհատական բաղադրիչներով սահմանված ժամաքանակի տնօրինմամբ կազմում է տվյալ տարվա իր ուսումնական պլանը:

Վերոնշյալ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվում է Հանրակրթության պետական չափորոշչի եւ առարկայական նոր չափորոշիչների ու ծրագրերի պահանջներին համապատասխան:

2-րդ, 5-րդ եւ 7-րդ, ինչպես նաեւ մյուս դասարաններում ուսումնական պարապմունքների սկսվելու, ավարտվելու, ինչպես նաեւ արձակուրդների ժամկետները սահմանվում են «Հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» համաձայն:

2023-2024 ուսումնական տարվա 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների ուսումնական պլանն ունի երեք՝ պետական, դպրոցական եւ անհատական (ընտրովի) բաղադրիչ։

Պետական բաղադրիչը ներառում է, ըստ դասարանների, պետական պարտադիր առարկայացանկը եւ առարկայացանկում ընդգրկված ուսումնական առարկաներին հատկացված պարտադիր նվազագույն ժամաքանակները:

Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ուսպլանի պետական բաղադրիչով եւ հաստատության կողմից սահմանված առարկաներին: Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է սովորողների նախասիրություններին, հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով: Դպրոցական բաղադրիչի ժամերը հատկացվում են՝ հաշվի առնելով տվյալ դասարանում առարկայի դասավանդման համար պահանջվող տարեկան անհրաժեշտ ժամաքանակը։ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում դպրոցական բաղադրիչի ամբողջ ժամաքանակի բաշխումը պարտադիր է:

Անհատական (ընտրովի) բաղադրիչի ժամերը հատկացվում են հաստատության սահմանած ուսումնական խմբակներին եւ ուսումնական նախագծերին՝ համապատասխան կարգի պահանջներին համաձայն: Անհատական բաղադրիչի ժամերը հատկացվում են՝ հաշվի առնելով խմբակի կամ նախագծի իրականացման համար պահանջվող տարեկան ժամաքանակը։ Անհատական (ընտրովի) բաղադրիչի ժամաքանակից ժամեր են հատկացվում «Առողջ ապրելակերպ» ուսումնական խմբակին (5-րդ եւ 7-րդ դասարաններ):

Հաստատության 7-րդ դասարանում յուրաքանչյուր սովորող տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից (առարկաներից)։

Ուսումնական պլանի անհատական (ընտրովի) բաղադրիչով պարապմունքները կազմակերպվում են պետական եւ դպրոցական բաղադրիչների ժամաքանակի շրջանակում իրականացվող պարապմունք­ներից հետո: Անհատական բաղադրիչի ժամաքանակը հաստատությունը բաշխում է՝ ըստ կրթական աստիճանների, եւ 7-րդ դասարանից սկսած՝ հաշվի առնելով յուրաքանչյուր սովորողի կողմից իրականացվող առնվազն մեկ ուսումնական նախագծի ուղղվածությունն ու բովանդակությունը:

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է նաեւ Տավուշի մարզի հիմնական (ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ) պետական առարկայական չափորոշիչներ եւ ծրագրեր փորձարկող ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում 2023-2024 ուստարում ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ ուղեցույցը:

 

 

 

ԶԵԿՈՒՅՑ՝ ՆՈՐ ՓԱՍՏԵՐՈՎ

Ադրբեջանը դիտավորությամբ հոգեկան տառապանքներ է պատճառել հայ զինծառայողների մայրերին, քույրերին եւ նրանց ընտանիքների մյուս անդամներին:

Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը փաստերով նոր զեկույց է ներկայացրել։

Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 2020թ. 44-օրյա եւ 2022թ. սեպտեմբերի 13-14 պատերազմների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կատարել են բազմաթիվ պատերազմական հանցագործություններ, այդ թվում՝ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց խոշտանգումներ, արտադատական սպանություններ։ Դրանց հիմքում այդ երկրի իշխանության հայատյացության եւ թշնամանքի, ֆաշիստական շարունակվող քաղաքականությունն է։

Արհեստական քրեական հետապնդումներով եւ շինծու դատական ակտերով մինչ օրս Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց։ Այդկերպ Ադրբեջանի իշխանությունը մտադրված հոգեկան տառապանքներ է պատճառում հայ ընտանիքներին թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։

Այս զեկույցը քննարկում եւ իրավական գնահատական է տալիս ադրբեջանական այդ հանցավոր արարքներին։ Օրինակ՝ ադրբեջանական զինծառայողները խոչընդոտել են որոնողական աշխատանքներին, թաքցվել եւ չեն վերադարձվել զինծառայողների մարմիններ եւ այլն։

«Facebook», «Twitter», «TikTok» եւ այլ սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտահաշիվներով, թիրախավորելով հայկական լսարանը, տարածվել եւ անմիջապես ընտանիքներին են ուղարկվել իրենց ընտանիքների զինծառայող անդամների լուսանկարները սպանված եւ խոշտանգված վիճակում։

Ուսումնասիրությունները հաստատում են, որ նշված հանցանքները խրախուսվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Դրանք նպատակ ունեն ծանր հոգեբանական ցավ պատճառել ընտանիքներին եւ պահպանել լարվածությունը հայ հասարակությունում։

Սույն զեկույցի մշակման աշխատանքները ներառել են նաեւ հարցազրույցներ զինծառայողների ընտանիքների հետ եւ անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրություններ։

 

 

 

ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ

Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու ալրաղացներում շուրջօրյա աշխատանք է տարվում ալյուրի եւ հացի պահանջարկն ապահովելու ուղղությամբ, իսկ Մարտակերտի ալրաղացը մեծ դժվարություններով կգործարկվի. հայտնում են Արցախի գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից:

«Ստեփանակերտի հացի արտադրամասերում հերթերը կառավարելու եւ ձեռք բերվող հացի քանակը վերահսկելու համար պետնախարարի հանձնարարությամբ տեղում ներկա են գտնվելու Արցախի պետական եկամուտների կոմիտեի ու պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները: Իրականացվող արտակարգ միջոցառումների արդյունքում երկու օրից աստիճանաբար կկարգավորվի հացի սղության խնդիրը:

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ իրավիճակին եւ հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ

Աշխարհի 179 քաղաքի ավելի քան 7000 հայ մարզիկ օգոստոսի 5-ից 19-ը կպայքարի լավագույնի կոչման համար. Team Telecom Armenia-ի աջակցությամբ Հայաստանում կանցկացվեն Համահայկական ամառային 8-րդ խաղերը։

Խաղերի օրակարգում ընդգրկված է 19 մարզաձեւ։ Մրցաշարերը անց են կացվելու Երեւանում, Շիրակի, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում։

Team Telecom Armenia-ն միացել է 8-րդ խաղերին թիմային սպորտաձեւերի տարածումը եւ զարգացումը երիտասարդների շրջանում խրախուսելու նպատակով։

«Ուրախ ենք հյուրընկալել մեր հայրենակիցներին այստեղ նման մասշտաբային միջոցառման շրջանակում, որը ոչ միայն սպորտի, այլ նաեւ համախմբման ու թիմային հաղթանակների մասին է»,- ասում է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Խոսելով Համահայկական խաղերի գաղափարի մասին՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշում է, որ 25 տարի առաջ ծնված մարզական տոնի հիմքում համահայկականությունն է, հայկական աշխարհի ամրությունը:

«Համահայկական խաղերն ուղղված են հայկականությանը եւ հայապահպանությանը։ Ուզում եմ հատուկ կարեւորել մեր հովանավորներին, բարերարներին, որոնց շնորհիվ է նաեւ, որ խաղերը իրականություն են դառնում»,- հավելում է նա։

Համահայկական խաղերն անցկացվում են օլիմպիական սկզբունքով՝ 4 տարին մեկ անգամ։ Առաջին անգամ Համահայկական խաղերն անցկացվել են 1999 թվականին Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման նպատակով:

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է բջջային եւ ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային եւ ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունը առաջին տելեկոմն է, որ իրականացնում է IPO Հայաստանում՝ դառնալով է՛լ ավելի բաց ու հանրային։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը. 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը որակյալ ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր մարզերը։




Լրահոս