Օգոստոսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ։
Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: ՀՀ ԱԳ նախարարը մասնավորապես նշել է, որ խախտված են 120000 բնակչության տարրական իրավունքները, առկա է սննդի ու դեղորայքի սուր պակաս, խաթարված է ԼՂ-ին գազի և էլեկետրաէներգիայի մատակարարումը։
Արարատ Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներն Ադրբեջանի կողմից իրականացնելու, Լաչինի միջանցքի արգելափակումն անհապաղ վերացնելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումը կանխելու հրամայականը: Շեշտվել է առկա գործիքակազմը միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ և իր անդամ պետությունների կողմից արդյունավետ գործածելու կարևորությունը։
Արարատ Միրզոյանը նշել է, որ պաշտոնական Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի շարունակական սրումը հարվածի տակ է դնում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը: