Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրում պատասխան խաղով Հայաստանի հավաքականը երեկ հյուրընկալվել էր Թուրքիային։ Չնայած, որ մեր հավաքականը մինչեւ վերջ պայքարեց եւ լավ խաղ ցուցադրեց, բայց խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւս ֆուտբոլի հավաքականի հետ Թուրքիա էր մեկնել եւ պարբերաբար իր սոցիալական ցանցի էջերի «սթորի» բաժնում լուսանկարներ եւ տեսանյութեր էր հրապարակում խաղից:
Եվ քանի որ մեր թիմն իսկապես լավ եւ նվիրված խաղ էր ցուցադրել, հավաքականի երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում մեծ ոգեւորությամբ են դիմավորել մեր ֆուտբոլիստներին:
Բայց, չգիտես ինչու, Սիսակ Գաբրիելյանը որոշել է մեր հավաքականի հաջողությունն իրեն վերագրել. հրապարակել է ֆուտբոլիստների՝ Հայաստան ժամանելու կադրերը եւ տեսանյութին կից գրել. «Մեզ Երեւանում այսպես դիմավորեցին»:
Թե ի՞նչ կապ ունի Սիսակ Գաբրիելյանը ֆուտբոլի հավաքականի հետ, որ հիմա էլ որոշել է նրանց հաջողություններն իրեն վերագրել, դժվար է ասել:
Ի դեպ, Սիսակ Գաբրիելյանի Թուրքիա մեկնելն ԱԺ կայքում ձեւակերպված չէ որպես գործուղում, հարց է ծագում, թե ու՞մ հաշվին է նա մեկնել ու որքան գումար է ծախսել գործուղման համար։