Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավորներ պահանջել են ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելից պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական ագրեսիայի համար։ Այս մասին գրել է Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուիզոն:
«Եվրախորհրդարանի ավելի քան 60 անդամներ աջակցել են ինձ և պահանջում են, որ Եվրոպան պատժամիջոցներ սահմանի Իլհամ Ալիևի վարչակարգի դեմ ՝ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ հարձակման համար»,- գրել է Լուիզոն։
Նրա հրապարակած նամակում պատգամավորները կոչ են անում ԵՄ-ին միջոցներ ձեռնարկել կանխելու «էթնիկ զտումները» և «նոր պատերազմը»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը հրետանու և անօդաչու թռչող սարքերի միջոցով սկսել են գնդակոծել Ստեփանակերտի գյուղերը և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքները։
Պաշտոնական Բաքուն հայտարարեց «տեղական հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկի մասին՝ պնդելով, որ հարվածներ է հասցնում գերճշգրիտ զենքի կիրառմամբ միայն ռազմական թիրախներին։
Սակայն քաղաքացիական ենթակառուցվածքները կրակի տակ են ընկել, զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 13 երեխա: Ընդհանուր առմամբ, ադրբեջանական գնդակոծության զոհերի թիվը կազմել է առնվազն 200 մարդ, առնվազն 400-ը վիրավորվել են։
Զոհերի ստույգ թիվը դեռևս հայտնի չէ կապի բացակայության պատճառով: Սեպտեմբերի 20-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին։
Օֆելյա Հովհաննիսյան