Նախադպրոցական կրթական ծրագրերն ու ծառայությունները մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը պետք է գործունեության լիցենզիա ստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 14-ի N ՀՕ-217-Ն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ սահմանվել է, որ պարտադիր լիցենզավորման են ենթակա ոչ միայն նախադպրոցական այլընտրանքային (բացառությամբ փորձարարական), այլև՝ նախադպրոցական ծառայությունների ծրագրերը:

ԿԳՄՍ նախարարի՝ հոկտեմբերի 31-ի N 138-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել նախկին N 81-Ն հրամանում՝ ազդարարելով գործընթացի մեկնարկը:

Այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են հեղինակային կամ այլընտրանքային կրթական ծրագրեր, պետք է իրենց ծրագրերը ներկայացնեն ԿԳՄՍ նախարարության հաստատման, որից հետո կկարողանան դիմել լիցենզավորման:

Ըստ սահմանված ժամկետի՝ նախադպրոցական կրթական ծրագրերն ու ծառայությունները մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը պետք է գործունեության լիցենզիա ստանան, այլապես նրանց գործունեությունը կդիտվի անօրինական և կդադարեցվի

Նախադպրոցական ծառայությունն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ դրա ստորաբաժանման կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանը և զարգացմանը միտված ծառայություն է, որն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած ծրագրի հիման վրա:

Նախադպրոցական կրթական ծրագիր (ծրագրեր) և (կամ) նախադպրոցական ծառայություն կարող է (են) կազմակերպվել պետական, համայնքային և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունում, հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների նախակրթարանում, պետական և ոչ պետական կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումում, լրացուցիչ կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունում (կամ դրա ստորաբաժանումում), երեխայի կրթության և զարգացման կազմակերպությունում՝ համապատասխան լիցենզիայի առկայության հիմքով։

Նշենք՝ սահմանվել են նաև նախադպրոցական այլընտրանքային, լրացուցիչ կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների բովանդակությանը ներկայացվող պահանջները և դրանց տևողությունը: Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջների սահմանումը նպատակ ունի առավել դյուրին դարձնել նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների կողմից համապատասխան ծրագրերը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատմանը ներկայացնելը:

Նշենք, որ ներկայում Հայաստանում գործում են ավելին քան 300 կազմակերպություններ` հիմնականում զարգացման կենտրոնների անվան ներքո, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային) և նախադպրոցական ծառայություններ:

Նմանօրինակ կենտրոնները գտնվում են նախարարության վերահսկողությունից դուրս, սակայն փաստացի զբաղվում են երեխաների կրթությամբ, զարգացմամբ` շատ դեպքերում անտեսելով տվյալ տարիքի երեխաների զարգացման առանձնահատկությունները:




Լրահոս