ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴՎՈ՞ՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արդեն քանի օր է` «արմատախիլ» է անում հին աշխատողներին եւ նշանակում նորերին: Ընդ որում, նոր կադրերն ապահովում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը: Եթե այսպես շարունակվի, ապա ռազմական ոստիկանությունը քիչ-քիչ կմնա առանց աշխատողների, եւ համակարգը կքանդվի:
Երեկ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Գարբուզյանն ազատվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնից եւ նշանակվել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության առաջին վարչության (միգրացիայի) պետ: Հիշեցնենք՝ մենք նախօրեին գրել էինք, որ Գարբուզյանին, ում կնոջ սրճարանում երիտասարդ աղջկան աշխատեցրել ու չէին վճարել, ազատել են պաշտոնից: Տեղեկացանք նաեւ, որ ներքին անվտանգության վարչության պետ է նշանակվել Արմեն Հակոբյանը. վերջինս աշխատում էր հատուկ քննչական ծառայությունում:
Վլադիմիր Գասպարյանի հրամաններով աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ են տեղափոխվել ճանապարհային ոստիկանության 1-ին հաշվառման քննական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մարգարյանը, ՃՈ Երեւան քաղաքի 2-րդ հաշվառման քննական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Մանվել Մամիկոնյանը, ոստիկանության տնտեսական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գրիշա Մարտիրոսյանը:  ՊՆ-ից տեղափոխվել է նաեւ գնդապետ Ռազմիկ Խանզրադյանը, ով նշանակվել է ոստիկանության տնտեսական վարչության պետ: «Ժողովուրդ»-ի աղբյուրների համաձայն` ՌՈ 7-րդ վարչության պետ Աշոտ Ավագյանը եւս ազատվել է աշխատանքից ու նշանակվել ոստիկանության գաղտնալսումների պետ:
Մեր տեղեկությունների համաձայն` ռազմական ոստիկանության կայազորի Կոտայքի մարզի պետ Արայիկ Մարգարյանը (Վ.Գասպարյանի փեսան), ազատվելով այդ պաշտոնից, նշանակվել է ԿՀԴՊԳՎ (6-րդ վարչության) 3-րդ վարչության պետի տեղակալ: Այս տեղեկատվությունը հաստատեցին նաեւ ոստիկանության  լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Գեղարքունիքի մարզի ոստիկանական համակարգում եւս փոփոխություններ են եղել: Տեղեկացանք, որ պաշտոնից ազատվել է Վարդենիս քաղաքի ոստիկանապետ Սամվել Գալստյանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների`  հիմնական պատճառը եղել է Վարդենիսում տեղի ունեցած ինչ-որ կովերի գողության դեպքը: Պարզվում է` Գալստյանը տեղյակ է եղել, թե ով է գողությունն իրականացնողը, եւ թաքցրել է, ինչի պատճառով էլ նրան հեռացրել են աշխատանքից: Սակայն մեզ հետ զրույցում Վարդենիսի ոստիկանապետն  ասաց,  թե նման բան չկա. «Սուտ, սխալ բաներ են խոսում, նման բան չի եղել, եւ ես էս պահի դրությամբ աշխատում եմ»:
Նշենք նաեւ, որ Սամվել Գալստյանի ազատման պատճառը կապվում է ԱԺ պատգամավոր Հրանտ Մադաթյանի` Մոթելի Հրանտի հետ, ով ԱԺ պատգամավոր դարձավ Վլադիմիր Գասպարյանի օգնությամբ, սակայն հետո նրանց միջեւ «սեւ կատու անցավ»: Եւ հիմա Մադաթյանի բարեկամ Գալստյանը, բնականաբար, պետք է լքի ոստիկանությունը:
«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` աշխատանքից ազատվել է նաեւ ՌՈ Գեղարքունիքի մարզային վարչության պետ Մանվել Շահինյանը, ում փոխարեն  պետք է նշանակվի ՌՈ «սպեցնազի» հրամանատար Վարդան Նադալյանը: Աշոտ Ահարոնյանը եւս հաստատեց մեր տեղեկությունը: Ի դեպ, Սամվել Գալստյանն ու Մանվել Շահինյանն այս պահին արդեն անցել են կադրերի տրամադրության տակ, ինչից, սակայն, Ս.Գալստյանը տեղյակ չէ: Հավելենք, որ մեր տեղեկություններով` օրերս պետք է ազատվի նաեւ ԿՀԴՊԳՎ (6-րդ վարչության) պետ Գագիկ Ավետիսյանը:
Ամփոփելով ոստիկանական համակարգում իրականացվող աննախադեպ «կադրային ջարդը»` նկատենք, որ ռազմական ոստիկանությունում շուտով կադրային «դատարկություն» է լինելու: Այսինքն` համակարգում մարդ չի մնա: Թե ինչ է մտածում համակարգի փլուզման մասին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արամ Տեր-Սահակյանը, փորձեցինք տեղեկանալ հենց իրենից:
Նախ` շատ դժվարությամբ կարողացանք կապ հաստատել  պարոն Տեր-Սահակյանի հետ, քանի որ նա Տավուշի մարզի զորամասերից մեկում էր եւ զբաղվածության պատճառով մեր զանգերին չէր պատասխանում: Երկար փորձերից հետո էլ վերջապես պատասխանեց «նեղացածի տոնով»: Նշենք, որ մենք վերջերս լուր էինք հրապարակել, որ Տեր-Սահակյանն աշխատանքի չի գնում այն պատճառով, որ քեֆ-ուրախություններից հետո չի սթափվում: Վերջինս վստահեցրել էր, որ նման բան չկա, սակայն այդ օրվանից ՌՈ պետը նեղացել է եւ մեր հարցերին պատասխանում է «հա» կամ «չէ» տարբերակով:
«Ի՞նչ արտահոսք, ի՞նչ է նշանակում կադրային արտահոսք, նրանք հրաժարականներ չեն տալիս, նրանց գործուղում են ներքին գործերի նախարարություն, ինչպես ես եմ ժամանակին գործուղվել»,-վստահեցրեց ՌՈ պետը: Իսկ մեր այն դիտարկմանը, թե ինքը զրուցել է այն մարդկանց հետ, որոնք հեռանում են ՌՈ-ից, եւ արդյոք կան դժգոհություններ՝ իր անձի հետ կապված, ասաց. «Իհարկե խոսել եմ, դժգոհություն չունեն, դա իրենց իրավունքն է, իրենք ուր ուզում` աշխատում են, իրենց գնալն ու գալը որոշվում է երկու գերատեսչությունների կողմից: Ես աշխատել եմ այդ մարդկանց հետ,  մենք աշխատանքային ընկերներ ենք, 10 տարի ներքին գործերում աշխատել ենք, սա աշխատանքային բնույթ է կրում»:
 Տեր-Սահակյանը վստահեցրեց, որ ՌՈ-ն չի քանդվում, եւ կադրերի խնդիր չի լինելու: Տեսնենք: Մեր աղբյուրներն այլ բան են ասում` փաստելով, որ ՌՈ աշխատակիցները պարզապես չեն կարողանում աշխատել Տեր-Սահակյանի հետ, քանի որ թույլ ղեկավար է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս