Ավարտվել է Գորիս քաղաքում Տիգրան Խաչատրյանի կողմից հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու եւ խուլիգանական դրդումներով մեկ անձի մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը. այս մասին հայտնում են ՔԿ-ից:
«ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2023թ. հունիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Տ. Խաչատրյանն իրեն պատկանող Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ գնացել է Գորիս քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետ մինչ այդ ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով։
Անվադողերի վաճառքով զբաղվող՝ Գորիս քաղաքի 46-ամյա բնակչի հետ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու եւ այդկերպ հանդուգն վարքագիծ դրսեւորելու մոլուցքով տարված, խուլիգանական դրդումներով նա վիճաբանություն էր հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Այնուհետեւ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ավտոտեխսպասարկման կետի հարեւանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց էր արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով առողջության միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք, եւ հեռացել դեպքի վայրից՝ թաքնվելով նաեւ քննությունից։
Վերջինս հետագայում հայտնաբերվել էր Երեւան քաղաքում եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Տ. Խաչատրյանին վերջնական մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 12-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ հաստատելու վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը, ինչը դատարանի որոշմամբ բավարարվել էր, եւ Տ. Խաչատրյանը կալանավորվել էր։
Վարույթի նյութերն ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
Հավելենք նաեւ, որ վարույթով տուժող՝ Գորիս քաղաքի 46-ամյա բնակիչը, զգուշացված լինելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ ցուցմունք տալու, ինչպես նաեւ 218-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ հարցերին ճշմարտացի պատասխանելու պարտականություն ունենալու մասին, չհանդիսանալով իր, ամուսնու, մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալու պարտականություն չունեցող անձ, ապօրինի հրաժարվել է Տ. Խաչատրյանի կողմից կատարված միջին ծանրության եւ ծանր հանցագործությունների դեպքերի առնչությամբ իրեն հայտնի հանգամանքների մասին ցուցմունք տալ:
Նշված փաստի առթիվ նախաձեռնված առանձին վարույթի շրջանակներում որոշում է կայացվել 46-ամյա անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 503-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, եւ նրան ներկայացվել է մեղադրանք:
Այս մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԲԻԶՆԵՍՄԵ՞Ն, ԹԵ՞ ԿՈՌՈՒՊՑԻԱ
«Ընդհանուր առմամբ, ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակում 90-ից ավելի հայցեր են ներկայացված, հայցագինը գերազանցում է 510 միլիարդը, սակայն սա դեռ վերջնական գումարը չէ։ Հայցերի քանակն ու թիվը աճելու է, քանի որ ուսումնասիրությունը տեւում է առավելագույնը երեք տարի»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
«Ուսումնասիրությունը սկսվում է, եթե առկա են երկու հիմքերը. դրանք են՝ կոռուպցիոն հանցագործությունների մեջ մեղադրանքը կամ օպերատիվ մարմնի հայտնած տեղեկությունը։ Եթե այս երկու հիմքերը առկա են, վարչությունը սկսում է ուսումնասիրությունը եւ ունի առավելագույնը երեք տարի կա՛մ հայց ներկայացնելու, կա՛մ կարճելու։ Առաջիկա տարիների ընթացքում հայցերի քանակը կաճի, քանի որ, օրինակ, 2021 թվականի ուսումնասիրությունների վերջնաժամկետը 2024 թիվն է։ Կարծում եմ՝ հայցագրերի թիվն այնպիսին է, որ կարելի է աղմկահարույց մեկնաբանել»։
Ըստ դատախազի՝ դրանց թվում են Քոչարյան եւ Խաչատրյան ընտանիքի գույքի վերաբերյալ գործերը, որոնք ձեռք են բերվել ոչ օրինական ճանապարհով։
«Հիմնական գործառություները իրականացվել են Սեդրակ Քոչարյանի միջոցով, քանի որ, ըստ իրենց պնդման, նա այն անձն է, որ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Հիմնական անհանգստությունն ու անվստահությունը, որ մեզ մոտ ձեւավորվել է, այն է, որ 19 տարեկանում անձը սկսել է զբաղվել եւ մեծ ծավալի գույքերի սեփականության նկատմամբ իրավունք է ունեցել»,- ասել է Վարդապետյանը։
Հաղորդավարի դիտարկմանը, թե Սեդրակ Քոչարյանը տաղանդավոր բիզնեսմեն է, Աննա Վարդապետյանը նկատել է. «Դռնբաց դատական քննությունը ցույց կտա՝ անձը տաղանդավոր բիզնեսմեն է, թե մենք գործ ունենք ապօրինի գույքի հետ։ Թվերը մեծ են, բայց մի քանի խոշոր անշարժ գույքեր են, եւ չհիմնավորված ֆինանսական հոսքեր, որոնք կա՛մ ծախսերի տեսքով են, կա՛մ բանկային հաշիվների ձեւով»։
ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅԱՄԲ
«Շատ իրավացի եւ ճիշտ գործ եք մեջբերում»,-երեկ Հանրային հեռուստաընկերության տաղավարում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ արձագանքելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, որ, օրինակ, Գագիկ Խաչատրյանի գործը, որը 2020 թվականի օգոստոսի 14-ից սկսվել է, եւ հիմա, որ արդեն 2023 թվականն է ավարտվում, կարծես ոչինչ չի փոխվել:
Վարդապետյանը նկատել է, որ հենց այդ պատճառով էլ բոլորովին վերջերս դատախազությունը ստիպված միջնորդություն է ներկայացրել՝ իրավունքի չարաշահման հիմքով Գագիկ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու պահանջով: Գլխավոր դատախազի խոսքով՝ դատարանը մերժել է դատախազության պահանջը, որը պատրաստվում են բողոքարկել:
«Վերջին ութ ամիսների ընթացքում 14 դատական նիստ է տեղի ունեցել, 12 դատական նիստ չի կայացել Գագիկ Խաչատրյանի առողջության վատթարացման պատճառաբանությամբ: Մեզ համար անհասկանալի զուգադիպությամբ Գագիկ Խաչատրյանի առողջությունը վատթարանում է նիստից մեկ օր առաջ: Մինչ այդ ամբողջ ընթացքում չի եղել որեւէ տվյալ, որ Գագիկ Խաչատրյանը, օրինակ, ստացիոնար բուժման մեջ է գտնվել: Գտնվել է իր տանը, նիստից առաջ վատ է զգացել, կամ գալիս է դատարան, նիստը բացում են, Գագիկ Խաչատրյանը լավ չի զգում եւ, օրինակ, գնում է սանհանգույց, եւ 20 րոպե հետո պարզվում է, որ Գագիկ Խաչատրյանը չի կարող ներկայանալ նիստերի դահլիճ,- ասել է Վարդապետյանը եւ հավելել:- Ընդամենը մնացել է մի քանի նիստի աշխատանք, որ պետք է դատախազությունն իրականացնի, մեկ անձի հարցաքննություն, եւ արդեն ավարտական փուլն է: Մենք դեռեւս չենք կարող բովանդակային դատաքննության անցնել. դա է պատճառը, որ նման ծայրահեղ քայլի ենք գնում եւ կարծում ենք, որ գոնե խափանման միջոցի փոփոխությունը այս իրավունքի չարաշահման գործընթացը կկասեցնի, եւ գոնե շահագրգռված կլինեն, որպեսզի մենք բովանդակային երկու, երեք նիստ անենք եւ ավարտենք»:
Խոսելով վերջինիս որդիների մասին՝ գլխավոր դատախազն ասել է, որ մեկ շաբաթ առաջ մեղադրական եզրակացությունը դատախազը հաստատել է եւ ուղարկել դատարան. «Ամենամեծ կտորը մեղադրանքի վերաբերում է մոտավորապես 115 միլիոն ԱՄՆ դոլարի փողերի լվացմանը: Այս պահին որպես մեղադրյալ, ի թիվս այլոց, անցնում են Գագիկ Խաչատրյանի կրտսեր որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, եւ եղբորորդին՝ Արամ Խաչատրյանը, ավագ որդին՝ Գուրգենը, դեռեւս գտնվում է հետախուզման մեջ»:
Նա նաեւ նշել է. «Մենք էլի ակնկալում ենք, որ դատարանը հետեւողական նիստեր կնշանակի եւ հնարավորություն կտա մեղադրանքի կողմի հրապարակային դատաքննության շրջանակներում ներկայացնել մեղադրանքը, որպեսզի բոլոր ասեկոսեները մեղադրանքի շուրջ կարողանանք փաստով հաստատել կամ հերքել»: