Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Մոսկվան մնում է Երևանի գործընկերը և վճռորոշ ներդրում է ունեցել ռազմական գործողությունների դադարեցման գործում, մասնավորապես՝ 2020 թվականի աշնանը։ ՌԴ-ն շարունակում է նպաստել Հայաստանի պարտության հետ կապված էլ ավելի բարդ իրավիճակի կանխմանը։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, Մոսկվան մշտապես մեծ ուշադրություն է դարձրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերին։
«Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է ռազմագերիների, կալանավորների փոխանակմանը, անհետ կորածների որոնմանը և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը: Ռուսաստանը պատրաստ է շարունակել այդ ջանքերը, որոնք տանում են դեպի խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում»,- ասել է Զախարովան։