Առցանց տաքսին զգալիորեն դուրս է մղել շուկայից ավանդական տաքսի ծառայությունները. ՄՊՀ ուսումնասիրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրել է էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայությունների (առցանց տաքսի) մատուցման ոլորտը՝ դիտարկելով «Թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրման ծառայությունների պատվերների գրանցման, փոխանցման և ուղևորափոխադրման ծառայությունների կազմակերպման ծառայություն» ապրանքային շուկան։

Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ

Էլեկտրոնային հարթակների արագ զարգացումը զգալիորեն դուրս է մղել շուկայից ավանդական տաքսի ծառայություններին: Գրանցված 3162 կազմակերպություններից 2787-ը 2018-2023 թթ. այս ոլորտում որևէ գործունեություն չի իրականացրել, մնացածների վճարած հարկերը զգալի անկում են ապրել։
Ներկայումս օրենսդրորեն սահմանված չեն էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայությունների վերահսկման և կարգավորման մեխանիզմներ՝ կապված ծառայությունների որակի կամ հարթակների պատասխանատվության հետ:
Հարթակներում ուղևորափոխադրման հիմնական տեսակների մասին տեղեկատվությունը լիարժեքորեն ներկայացված չէ: Մյուս կողմից հարթակների գաղտնիության քաղաքականությունը թույլ է տալիս օգտագործել օգտատերերի մասին տեղեկատվությունը բավականին լայն շրջանակի նպատակների համար։
Դիտարկված ապրանքային շուկայում կենտրոնացվածությունը շարունակում է աճել. գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողի մասնաբաժինը 2021-2023 թթ. ավելացել է:
Առաջարկներ

Սահմանել «էլեկտրոնային հարթակ» հասկացությունը նաև նման հարթակներով բեռնափոխադրման մասով և տրանսպորտի ոլորտի կարգավորման դաշտի լայնացման միջոցով դիտարկել հարթակի միջոցով մատուցվող ծառայությունների համար հարթակի սեփականատիրոջ պատասխանատվության շրջանակը, հարթակի աշխատանքի մեխանիզմն ու նման հարթակների հետ վարորդների և տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների փոխգործակցության կարգավորման հարցերը։ Այս համատեքստում արդյունավետ կարող է լինել նաև վարորդների և ընկերությունների ռեեստրների ստեղծումը, ինչը կօգնի վերահսկել ծառայություն մատուցող վարորդների լիցենզավորված լինելու հանգամանքը և զգալիորեն կբարելավի ուղևորափոխադրման ծառայությունների որակը։

Թե՛ հարթակում տեղեկատվության ներկայացման, թե՛ սպառողներից հավաքագրված տեղեկատվության օգտագործման վերաբերյալ պետք է լինեն հստակ սահմանված կանոններ, որոնք թույլ կտան սպառողներին հիմնավորված որոշումներ կայացնել, միաժամանակ արդյունավետորեն կպաշտպանեն նրանց մասին հավաքագրված տեղեկատվության օգտագործման չարաշահումներից։




Լրահոս