«ՀԱՅՓՈՍՏԻ» ՓՈԽԱՐԵՆ՝ ՀԱՄԱԼԻՐ ՇԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 1-ին Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը եւ «Ռենշին» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանը ստորագրել են Համաշխարհային առեւտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիր։
Կնքվել է նաեւ մեկ այլ եռակողմ պայմանագիր՝ ՀՀ կառավարության, «Ռենշին» ՍՊԸ-ի եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից, որով կստեղծվի «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» փակ բաժնետիրական ընկերությունը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 210 մլն ԱՄՆ դոլար։
Ծրագրով նախատեսվում է ստեղծել կոնֆերանս դահլիճներ՝ միջազգային ֆորումների, գագաթնաժողովների եւ այլ միջոցառումների իրականացման համար. մշակութային հարթակ՝ համերգասրահ, ցուցասրահներ ժամանակակից արվեստագետների համար, EXPO սրահ, գործարար կենտրոն՝ նոր ստարտափների, նախաձեռնությունների եւ գործարար ակտիվություն ծավալելու համար: Զբոսաշրջության նոր լոկացիա՝ այս վայրը կձեւափոխվի հյուրերի հետ շրջանցման ենթակա վայրից այցելության համար պարտադիր վայրի։ Ստացվում է, որ Սարյան 22 հասցեում գտնվող «ՀայՓոստ»-ի շենքի փոխարեն՝ Սարյան եւ Պարոնյան փողոցների միջնամասում կստեղծվի մեծ համալիր շենք։
Հիշեցնենք, որ «Ռենշին» ՍՊԸ-ն գտնվում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հովանավորության ներքո։ Թեպետ ինքը՝ Գրիգորյանը չի հաստատում այդ լուրերը, սակայն «Ռենշին» ՍՊԸ-ի հետ պարբերաբար կնքած պայմանագրերը այլ բան են փաստում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱԺ քառօրյա նիստերից առաջ ֆրակցիայի փակ նիստ են արել, որին մասնակցել է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները: Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ասել է, որ ակտիվ լինեն թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ երկրորդ նախագահի հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում, իսկ վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի վերջին. «Ապրիլի 26-ին մեր ֆրակցիան նիստ է արել, որին մասնակցել է նաեւ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, քննարկվել են կարեւոր հարցեր՝ երկրում ստեղծված իրավիճակը եւ մեր անելիքները»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Օհանյանը:

ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր հայտարարագրի «նվերներ» բաժնում գրել է, որ 2023 թվականի ընթացքում Twins Buick Gmc ֆիրմայից ստացել է 49.9 հազար ԱՄՆ դոլար։ Նվիրատուն, ըստ երեւույթին, գործունեություն է ծավալում Ավստրալիայում։ Ինչի համար է նվեր ստացել քաղաքապետը, ինչ ծառայության դիմաց՝ անհասկանալի է:

ԲԴԽ նախագահ, ՔՊ-ական Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը հայտնվել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցում: Կազմակերպությունն արձանագրել է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարումն ուղեկցվել է մի քանի դատավորների նշանակման ու ազատման վիճահարույց որոշումներով։ Freedom House-ը մասնավորապես մտահոգիչ է համարել այն, որ կարգապահական խիստ միջոցներ են կիրառվում այն դատավորների նկատմամբ, որոնք կասկածի տակ են դրել Բարձրագույն դատական խորհրդի անկախությունը, կամ էլ որեւէ կերպ փոխկապակցված են նախկին իշխանությունների հետ. մինչդեռ այն դատավորները, որոնք համերաշխ են ՔՊ-ի հետ, կատարում են նրանց հրահանգները, խրախուսանքների են արժանանում: Կազմակերպությունը նկատում է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից անձեռնմխելիության ստուգման բացասական արդյունք ստացած եւ քաղբանտարկյալներին դատապարտելու պատմություն ունեցող Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ՝ առաջացրել է Հայաստանի իրավապաշտպան հանրության արձագանքը։ Իրավապաշտպան կազմակերպությունը իր զեկույցում մտահոգիչ է համարել նաեւ այն, որ Հայաստանում կալանքը, որպես խափանման միջոց, հաճախ է կիրառվում. «Չնայած նրան, որ 2021 թվականից ի վեր Հայաստանը որդեգրել է խափանման այլընտրանքային մեթոդներ՝ ինչպիսիք են տնային կալանքը եւ պաշտոնանկությունը, բայց նախնական կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան եւ կիրառվում է մի շարք ընդդիմադիր գործիչների նկատմամբ»,-ասվում է զեկույցում։




Լրահոս