Սողոմոն Խաչատուրի Թեհլիրյան, Թեհլերյան, (ապրիլի 2, 1896, Բագառիճ, Օսմանյան կայսրություն- մայիսի 23, 1960, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանության վերապրող։ Գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։ ՀՅԴ անդամ։
Կենսագրություն
Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1896 թվականին Բագառիճում (Երզնկայի գավառ, Արևմտյան Հայաստան), ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կեդրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913 թվականին փոխադրվել է Սերբիա։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։
1921 թվականին Թեհլիրյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչել նրան։ Թեհլիրիյանը պաշտպանվում էր երեք դատապաշտպանների կողմից, որոնցից մեկը դոկտոր Թեոդոր Նիմայերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր Քիլի համալսարանից, երկրորդը Ադոլֆ ֆոն Գորդոնն (իրավական գաղտնի խորհրդական) էր, իսկ երրորդը՝ Յոհաննես Վերթաուերը (իրավական խորհրդական)։
Արդարացված Թեհլիրյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945 թվականից հետո բնակություն է հաստատել նախ Կազաբլանկայում (Մարոկկո) և ապա ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թվականի մայիսի 23-ին։ Թաղվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանոցում։ Ի հիշատակ Թեհլիրյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյի իր գերեզմանում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։
2019 թվականին Թեհլիրյանի որդին՝ Զավենը, Մայր Աթոռին է նվիրել մի շարք բացառիկ փաստաթղթեր հոր արխիվից։