ՏԵՍԱՆՅՈՒԹ․Խոշոր չափի տուգանքներ ՊԵԿ-ից, գործունեության դադարեցում․ պայթած լցակայանն աշխատել է խախտումներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-ի գիշերը Երևան-Սևան ճանապարհին պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Պայթյունի վայրում այս պահին էլ աշխատանքներ են իրականացվում: Ըստ Առոջապահության նախարարության հոսպիտալացվել է 7 քաղաքացի։
Գազալցակայանը, որը պայթել էր պատկանում է «Գազ օիլ» ՍՊԸ-ին, այն մի քանի անգամ պետական մարմինների կողմից տուգանվել է։
Առաջին անգամ տուգանվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման հիմքով 2022 թ. ՊԵԿ-ի կողմից ավելի քան 1 մլն դրամով:

Այս տարվա փետրվարի 14-ին Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարել էր, որ իրականացրել է ստուգում և պարզել, որ հեղուկ գազի մանրածախ առևտրով զբաղվող «Գազ օիլ» ընկերությունը գործունեություն է ծավալում չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, այն է՝ թերլիցքավորում է անում։ Ընկերությունը ենթարկվել էր վարչական պատասխանատվության, և լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել էր պաստառ՝ «մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար»:

Փետրվարի 19-ին էլ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն էր հայտարարել, որ հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Երևան-Սևան մայրուղի 6/1 հասցեում «Գազ օիլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող գազա-բենզալցակակայանում:

Արձանագրվել է, որ այս լցակայանը շահագործվում է՝ առանց արտադրական վտանգավոր օբյեկտների (ԱՎՕ) ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության:
«Հետք»-ը գրել էր, որ, ըստ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության՝ 2021-ի դեկտեմբերին հիմնադրված ՍՊԸ-ն 2023 թ.-ից սկսած հայտնվել է տարբեր արգելանքների տակ։ Ըստ այդմ՝ վերջին արգելանքը դրվել է ժամեր առաջ՝ հունիսի 6-ին: Արգելանքները գլխավորապես առնչվում են պետբյուջեի օգտին գումար բռնագանձելու պահանջներին:

Ավելին՝ Սնանկության դատարանը (դատավոր՝ Լիլիթ Կատվալյան) օրեր առաջ՝ մայիսի 24-ին, վարույթ է ընդունել ՊԵԿ-ի դիմումը «Գազ օիլ» ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին։ Ստացվում է՝ ընկերությունը հնարավոր է առաջիկայում սնանկ հայտարարվի։

Ընկերության տնօրենը 2021-2022 թթ. եղել է հենց Ռաֆայել Այվազյանը, իսկ 2022-ին նրան փոխարինել է երևանցի Էրիկ Հայրապետյանը։ Վերջինս սեփականատեր է «Յուգ-Գազ Գրուպ» և «Ասօիլ» ՍՊԸ-ներում, որոնք երկուսն էլ սնանկ են ճանաչվել 2019-ին։ Երկու դեպքում էլ դիմումատուն եղել է ՊԵԿ-ը:




Լրահոս