Պարզվել են «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի եւ երկու աշխատակիցների կողմից, նախնական համաձայնությամբ, փաստաթղթերի կեղծմամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքերի հանգամանքները:
Դեռեւս 2022թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննությամբ պարզվել է, որ 2017-2022թթ. ընկած ժամանակահատվածում ՓԲ ընկերության առանձին աշխատակիցներ սոցիալապես անապահով եւ հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված 20 անձանց տվյալներով կազմել են 526 կեղծ բժշկական պատմագրեր, որոնք որպես պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական ծառայություններ, մուտքագրել են ՀՀ ԱՆ էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգ եւ պետական բյուջեից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով ստացել եւ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 4գ5 մլն ՀՀ դրամ գումար:
Վարույթի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությունից ստացվել են ՓԲ ընկերությունում պետպատվերի շրջանակներում «Սոցիալապես անապահով, հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով «ԱՐՄԵԴ» էլեկտրոնային առողջապահության համակարգով փոխհատուցման ներկայացված բժշկական օգնության եւ սպասարկման ընդհանուր այդ 20 անձանց վերաբերյալ թվով 526 դեպքերի տվյալները:
Համադրելով ՀՀ ՍԷԿՏ համակարգից արտատպված վերոգրյալ անձանց սահմանահատումների վերաբերյալ տվյալների հետ, պարզվել է, որ որոշ դեպքերում անձինք առհասարակ բացակայել են ՀՀ-ից, սակայն նրանց կենսաչափական տվյալներով պետպատվերի շրջանակներում մատուցվել են բժշկական ծառայություններ:
Նախաքննության ընթացքում ընկերությունից առգրավվել եւ զննության են ենթարկվել վերոհիշյալ 20 անձանց վերաբերյալ բժշկական պատմագրերը:
Պարզվել է, որ որոշ դեպքերում էլ անձինք նշված կենտրոնում բուժում ստացել են, սակայն ոչ թե «Արմեդ» համակարգ մուտք կատարած ժամանակահատվածում, այլ՝ նույն տարվա ընթացքում՝ այլ ամիսների եւ օրերի:
Անհամապատասխանություններ են ի հայտ եկել նաեւ բուժվող անձանց պատմագրերում նշված բուժման օրերի եւ «Արմեդ» համակարգ մուտքագրման օրերի միջեւ:
Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վերոնշյալ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՈՐՈՇՈՒՄ
Խաչատուր Ռուբենի Խնձրցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, զբաղեցնելով Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պաշտոնը, 2023 թվականի դեկտեմբերի 29-ին իր աշխատասենյակում՝ Արտակ Համլետի Հարությունյանի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում, վերջինիցս ստացել է 300.000 ՀՀ դրամ կաշառքի գումար՝ «Ույուտ Սենթր» ՍՊ ընկերության եւ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի միջեւ 2023 թվականի մարտի 30-ին կնքված թիվ «ՇՄԱՀ-ԳՀԱՇՁԲ-23/16» ծածկագրով պայմանագրի շրջանակներում իրականացված՝ ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Տոնականյան 38-րդ բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի ստորագրման եւ կնքման գործընթացը՝ իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով իրականացնելու համար:
Մկրտիչ Ասատրյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդված 2-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդված 2-րդ մասի 1-ին կետով, այն արարքների համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, զբաղեցնելով Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը, 2 դրվագով խմբի կազմում ստացել է ընդհանուր՝ 70.000 ՀՀ դրամ կաշառքի գումարներ:
Գործով նախաքննության ավարտ է հայտարարել եւ այն ուղարկվել է դատարան։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
1 ՏՈՆՆԱ ԿՈԿԱԻՆԻ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել. «Այսօր հրապարակվեց, որ մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով կալանավորված բոլոր անձինք ազատ են արձակվել:
Ժամանակին այս գործը խիստ քաղաքականացվեց Ազգային ժողովի ամբիոնից՝ կապելով Միհրան Պողոսյանի անձի հետ, այդ կերպ ներկայացնելով, թե իբր նախկիններն առնչվում են թմրամիջոցի ապօրինի շրջանառությանը:
Դեռեւս 2023 թվականի հունիսի 28-ի հրապարակմամբ ՀՀ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը վերլուծության էր ենթարկել մաքսանենգության այս դեպքը եւ հանգել հետեւության, որ մեկ տոննա կոկաինը նախատեսված չի եղել Հայաստան ուղարկելու համար, այն մաքսավորների հետ հանցավոր համաձայնությամբ հանվելու էր Իտալիայում, եւ բեռն արդեն մաքուր, առանց թմրամիջոցի, առաքվելու էր Հայաստան, ինչը սակայն խաթարվել է մեզ դեռեւս անհայտ պատճառով: Այսինքն՝ «Մրգենի» ՍՊ ընկերությունն օգտագործվել է «կուրորեն»:
Ցավոք, մեկ տարի առաջ արված այդ վերլուծությունը պարզապես հաշվի չառնվեց, այլապես մարդիկ, այդ թվում եւ նրանց մեջ կին, այսքան ժամանակ կալանքի տակ չէին պահվի նման ծանր մեղադրանքով:
Չպետք է ամեն ինչ քաղաքականացնել, հարմարեցնել քաղաքական նպատակներին։ Պրոֆեսիոնալ հարթակում, հատկապես ԱԱԾ-ում, դա ընդունելի չի եղել։ Համակարգն ունեցել է իր դեմքը, խոսքի կշիռը, եւ այն հաշվի է առնվել»։
ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԲՌՆԱԳԱՆՁԵԼ ՇՈՒՐՋ 20 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 23-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանից եւ նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝
3 անշարժ գույք.
2 տրանսպորտային միջոց.
8 իրավաբանական անձանցում մասնակցություններ, բաժնեմասեր եւ բաժնետոմսեր.
2 տրանսպորտային միջոցի միջին շուկայական արժեքին համարժեք գումար.
2 մլրդ 632 մլն 342 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել.
18 մլրդ 593 մլն 643 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ.
Շուրջ 101 մլն դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք:
ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը եւ հետախուզվող անձ Ս.Մ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից։
Ս.Մ.-ն մեղադրվում է ապօրինի ձեռք բերած, հրազեն հանդիսացող ինքնաձիգով 2019 թվականի սեպտեմբերի 4-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, դիտավորությամբ ապօրինաբար երկու եւ ավելի անձանց կյանքից զրկելու փորձի եւ Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ս.Մ.-ի տեղափոխումը Երեւան: