Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) թույլատրել է ռուսաստանցի թենիսիստներին մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը։
Ռուսաստանի թիմի նախնական հայտացուցակում է ընդգրկվել նաև աշխարհի 22-րդ ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը: Նախնական հայտացուցակում են նաև Դանիիլ Մեդվեդևը, Անդրեյ Ռուբլյովը, Ռոման Սաֆիուլինը, Դարիա Կասատկինան, Լյուդմիլա Սամսոնովան, Եկատերինա Ալեքսանդրովան և Միրրա Անդրեևան։
«Պատասխանը եկավ ITF-ից, մեր բոլոր թենիսիստներն իրավունք ստացան մասնակցել Օլիմպիական խաղերին։ Վերջնական հայտացուցակը կուղարկենք մինչև հունիսի 19-ը։ Գլխավորն այն է, որ մենք կազմի ձևավորման սահմանափակում չունենք։ ITF-ից հայտնեցին, որ ամեն ինչ կախված է միայն մեր մարզիկներից, մեր դեմ ոչ մի բողոք չկա»,- հայտնել է Տարպիշչևը «Матч ТВ»-ին:
Խաչանովը Տոկիոյում կայացած նախորդ Օլիմպիական խաղերում դարձել էր արծաթե մեդալակիր, եզրափակիչում պարտվել էր Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևին: