Իրավապահ մարմիները գործընթաց են սկսել Արցախի պետական մեքենաների հավաքագրման մասով ու ստուգումների արդյունքում պարզվել է, որ 2023թ. օգոստոսի 23-ից 2023թ. սեպտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության պետական մարմինների անվամբ, կամ պետության կողմից ստեղծված կազմակերպությունների անվամբ հաշվառված թվով 149 տրանսպորտային միջոց վերագրանցվել է ֆիզիկական անձանց անվամբ:
Հիշյալ պետական կազմակերպությունների ցանկում առավելապես ներառված են ԼՂՀ ՆԳՆ ավտոմեքենաներ՝ 141 հատ (առավելապես, «ՈՒԱԶ», «CHEVROLET NIVA», «HYUNDAI ELANTRA 1.6» «TOYOTA COROLLA 1.6» տեսակի) պաշտպանության նախարարության ավտոմեքենա՝ 1 հատ՝ «CHEVROLET NIVA» տեսակի, և պետության կողմից ստեղծված այլ կազմակերպությունների ավտոմեքենաներ՝ 7 հատ:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների ԼՂՀ պետական մարմինների, համայնքների, դրանց հիմնարկների, դրանց կողմից ստեղծված կազմակերպությունների անվամբ հաշվառված են 1282 տրանսպորտային միջոցներ (923 պետական մարմինների, համայնքների և դրանց հիմնարկների, հիմնադրամների, 359-ը՝ պետական կամ համայնքային ՓԲԸ-ներին պատկանած):
Արդյունքում՝ ArmLur.am-ի ձեռքում հայտնված փաստաթղթերի հիման վրա, հիշյալ 1282 տրանսպորտային միջոցներից, ըստ ձեռք բերված նախնական տեղեկությունների, 2023թ. սեպտեմբեր ամսին ՀՀ սահմանը հատել են թվով 265 տրանսպորտային միջոցներ:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի վերոգրյալ տվյալներից առանձնացվել են ԼՂՀ պետական մարմինների, համայնքների, դրանց հիմնարկների, դրանց կողմից ստեղծված կազմակերպությունների անվամբ հաշվառված 2016թ. և ավելի բարձր տարեթվի արտադրության ավտոմեքենաները, ինչի արդյունքում պարզվել է, որ առկա են այդպիսի 125 տրանսպորտային միջոցներ, որոնցից ըստ նախնական տեղեկությունների 20 տրանսպորտային միջոցները գտնվում են ՀՀ-ում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ տեղափոխված վերոգրյալ տրանսպորտային միջոցները ԼՂՀ նախկին պաշտոնատար անձիք, ինչպես նաև դրանք տեղափոխած այլ անձինք չեն հանձնել ՀՀ իրավասու մարմիններին և օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ, իրենց իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով, պահպանում են իրենց տիրապետման տակ՝ օգտագործելով անձնական կարիքների համար, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել հասարակության և պետության օրինական շահերին:
Ձեռնարկվում են միջոցառումներ ՀՀ տեղափոխված ողջ տրանսպորտային միջոցների հստակ քանակը, դրանց գտնվելու վայրը և դրանք շահագործող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեում այս պահին քնարկվում է քրեական վարույթ նախաձեռնելու հարցը:
Ըստ էության այս քրեական վարույթի շրջանակներում էլ առգրավվեցին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան ու փնտրում են մյուս պաշտոնյաներին:
Մանրամասներըւ՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան