Երևանում բացվել է Հայ-իտալական ինստիտուտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիա միջազգային համալսարանը (Հայաստան), Տուշիայի համալսարանը (Իտալիա) և Պերուջայի օտարերկրացիների համալսարանը (Իտալիա) համատեղ Երևանում պաշտոնապես ազդարարեցին Հայ-իտալական ինստիտուտի մեկնարկը։ Այն Եվրասիա միջազգային համալսարանի ստորաբաժանումներից է, կգործի որպես առանձին միավոր, իսկ կառավարման խորհրդում կընդգրկվեն երեք հիմնադիր բուհերի ներկայացուցիչներ:

Հայ-իտալական ինստիտուտը իրականացնելու է Իտալիայի համալսարանների հետ համատեղ կրկնակի դիպլոմի ծրագրեր, նպատակային հետազոտական նախագծեր, սովորողների և դասախոսների փոխանակման ծրագրեր, համալսարանի ուսանողների և հանրության լայն շրջանակների համար իտալերեն լեզվի դասավանդման դասընթացներ, հայ-իտալական համագործակցության և Հայաստան-ԵՄ ինտեգրման խթանմանը միտված տարբեր ծրագրեր, մշակութային երկխոսության և բիզնես փոխգործակցության զարգացման նախագծեր և այլն։

«Մինչ այժմ մեր առանձին ստորաբաժանումներ բնականոն համագործակցություն են զարգացրել Իտալիայի բուհերի հետ, և այդ շարքում կցանկանայի հատուկ շեշտադրել Տուշիայի համալսարանի հետ մեր ավելի քան 10-ամյա արդյունավետ աշխատանքը։ Առաջիկայում մենք մեր ուսանողներին և հանրությանը կառաջարկենք իտալերեն լեզվի դասընթացներ։ Միաժամանակ հայ-իտալական քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ուղղություններով կձեռնարկվեն կրթագիտական տարբեր նախագծեր»,- իր ելույթում ընդգծեց «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը:

Տուշիայի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ստեֆանո Ուբերտինին և Պերուջայի օտարերկրացիների համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վալերիո դե Սեզարիսը իրենց ելույթներում կարևորեցին հայկական կողմի հետ նոր գործակցությունը և պատրաստակամություն հայտնեցին իրականացնելու կրթագիտական ու կրկնակի դիպլոմի նոր ծրագրեր:

Պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունից հետո Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ նաև կլոր-սեղան քննարկում «Հայ-իտալական հարաբերություններ. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով։ Մասնակիցները քննարկեցին հայ-իտալական բազմաբովանդակին հարաբերությունների արդի վիճակը, միջպետական համագործակցության և Հայաստանի եվրոպական ինտեգրման հետ կապված խնդիրները, ակադեմիական, սոցիալական, մշակութային և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերը և այլն։

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան ներկայացուցիչները։




Լրահոս