ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որ դատավորն է քննելու հափշտակված 36 կգ ոսկու գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով նախաքննության ավարտ է հայտարարվել 7 մեղադրյալների մասով, և աղմկահարույց գործը ուղարկվում է դատարան։

Սակայն ուշագրավն այն է, որ աղմկահարույց դեպքից անցել է գրեթե 6 ամիս, բայց հիմնական դերակատարները չկան, իսկ կալանավորվածը՝ մեկ կարևոր խմբի մասնակիցը, ցուցմունք չի տալիս, գողոնի մեծ մասն էլ չկա ու չկա։

Եվ մինչ իրավապահները 6 ամիս է նրանց են փնտրում, ու գործը դատարան ուղարկում, ենթադրյալ հանցագործները վայելում են ձեռք բերածը։

Այս գործը քննելու է դատավոր Ջոն Հայրապետյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս գործով իրավապահների տեսադաշտում է հայտնվել մի դատավոր Արշակ Պետրոսյանին։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, և ժամը 07:15-ից մինչև 07:20-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի դիմաց արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից, զենքի գործադրման սպառնալիքով, կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Կանգնեցնելուց հետո՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով և դիմակավորված, դուրս գալով ավտոմեքենայից՝ ներկայացել են իբրև ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ և ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի կիրառումով բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից:

Այնուհետև, րեք անձանց ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, դիմել են փախուստի:

Քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 12 անձի նկատմամբ, որոնցից 5-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 3-ի նկատմամբ՝ այլ խափանման միջոցներ, 4 անձի ձերբակալելու որոշում է կայացվել և ոստիկանությանը տրվել է նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։

Ի դեպ, գրել էինք, որ քրեական վարույթով իրավապահների տեսադաշտում է հայտնվել նաև «օրենքով գողի» փեսան»։

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան

 




Լրահոս