
Ըստ մամուլի հրապարակումների` Լուսակերտի զորամասի անցագրային կետի մոտ օրերս տեղի ունեցած ծեծկռտուքի անմիջական մասնակիցներ են եղել նաև “Մարիաննա” կաթնամթերք արտադրող ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին և “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի ազգականները, որոնք Չորրորդ գյուղի` Հաղթանակի բնակիչներ են: Սմբատ Այվազյանը թերթի հետ զրույցում ասել է, որ միջադեպի մասնակիցներից մի քանիսն իր համագյուղացիներն են և այդ առումով հարազատ մարդիկ, բայց արյունակցական կապ չկա: Երեկ պարոն Այվազյանն այցելել էր նրանցից մեկին` Հարություն Թորոսյանին, որը, նրա խոսքով, այն աստիճանի ծեծված վիճակում է եղել, որ “դեմքն անճանաչելի է դարձել”: Հարցին, թե ինչ պատմեց, ընդդիմադիր գործիչը պատասխանեց, որ Հարությունն ի վիճակի չի եղել որևէ բան պատմել: