Համագործակցության առանցքը չի եղել կոնյակ բառը հանելը․ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը խոսել էր այն մասին, որ «Կոնյակ» անվանումը տեղանուն է, և որպես խմիչք այն համարվում է Ֆրանսիայի ոչ նյութական արժեքը, իսկ Հայաստանում արտադրվողը ոչ թե կոնյակ է, այլ բրենդի։

Համացանցը փոթորկած այս արտահայտությունը, ձնագնդի պես գլորվելով, աստիճանաբար դարձավ մեծ սկանդալ, որի արդյունքում համացանցը սկսեց մե՛կ արդարացնել, մե՛կ մեղադրել Նիկոլ Փաշինյանին։

Շատերը գրեցին, որ այդ համաձայնագիրը կնքվել է դեռ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» շրջանակներում, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից։

Ըստ այս համաձայնագրի՝ Հայկական կոնյակ արտադրողները պետք է աստիճանաբար այս անվանումից հրաժարվեն նախ տեղական շուկայում վաճառվող (մինչև 2032 թվականը), ապա արտահանվող խմիչքի համար (մինչև 2043 թվականը)։

ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ «Կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման ուղղությամբ անհրաժեշտ գործընթացներ են իրականացվում։

Նախկիններին ուղղված թեզերը հասկանալու համար ArmLur.am-ը դիմեց ԱԺ ՀՀԿ նախկին  պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանին, ով ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ անգամ ներքին զրույցներում կոնյակի վերաբերյալ խոսակցություններ չեն եղել։

«Նման համաձայնագիր չեմ հիշում, բայց մեր իշխանության օրոք հիշում եմ՝ նման քննարկումներ, նույնիսկ ներքին քննարկումներ, չեն եղել։ Հայաստան-Եվրամիություն տնտեսական համագործակցության առանցքը չի եղել կոնյակ բառը հանել կամ չհանելը։ Ազատ առևտրի և մնացած բաների մասին քննարկումներ եղել են, արտոնությունների վերաբերյալ խոսակցություններ եղել են, բայց կոնյակի անունը փոխել դնել բրենդի, այդ կարգի բաներ չեմ հիշում, որ քննարկված լինեն։ »,- ասաց Արտակ Զաքարյանը։

Էմմա Միքայելյան




Լրահոս