armlur.am -ին ՀՀ ԿԳՆ -ից տեղեկացնում են, որ Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Վեհափառը, ողջունելով հայկական պատվիրակության այցը Լիբանան, հաջողություններ է մաղթել և ներկայացրել հայկական գաղթօջախի կրթական հաստատությունների հիմնախնդիրներն ու իրականացվող ծրագրերը: Նախարար Արմեն Աշոտյանը Վեհափառին ներկայացնելով այցի նպատակը` տեղեկացրել է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքի, Սփյուռքի կրթօջախների զարգացման հետ կապված ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին, միաժամանակ պատրաստակամություն արտահայտելով աջակցել հայկական կրթօջախների հիմնախնդիրների լուծման ու զարգացման ծրագրերին: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման, նոր ուսումնական գրականության ստեղծման, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, համացանցում հայալեզու ռեսուրսների ընդլայնման, գաղթօջախների հայկական դպրոցներում կրթության որակի բարձրացման հետ կապված հարցեր:Նախարարն այսօր Անթիլիասում այցելել է Հայ գրքի ցուցահանդես, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին: ՀՀ կրթության և գիտության նախարարը ծանոթացել է տարբեր տարիներին Լիբանանում և սփյուռքահայ այլ գաղթօջախներում հրատարակված հայկական գրատպության նմուշներին: Այսօր նախարար Արմեն Աշոտյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի մատուռ:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ընդունել է ՀՀ ԿԳ նախարարին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ