ՈՒԶՈՒՄ Է ՀԱՆԴԻՊԵԼ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը դեռեւս սույն թվականի հուլիսին գրել էր, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի 24, բն. 33 հասցեում բնակվող  Արա Խաչատրյանը տանից դուրս էր եկել եւ այլեւս չէր վերադարձել: Արայի քույրը` Աննան, «Ժողովուրդ»-ին պատմել էր, որ հունիսի 2-ին` ժամը 18:10-ի սահմաններում, եղբայրն ինչ-որ Արսենի ուղեկցությամբ տանից դուրս է եկել` գնալու  հոր գերեզմանին, ու այլեւս չի վերադարձել: Երեկ տեղեկացանք, որ շուրջ 170 օր է` ոստիկանությունը չի կարողանում պարզել,  թե իրականում ինչ է եղել երիտասարդ տղայի հետ:
Արայի քույրը` Աննա Խաչատրյանը, եղբոր անհետացման մեջ մեղավոր է համարում  Արայի ամենամոտ ընկերոջը` Գարիկին, որը մեզ վստահեցրել էր, թե ինքը որեւէ կապ չունի այդ անհետացման հետ եւ տեղյակ չէ, թե իր ընկերն այժմ որտեղ է գտնվում:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Սյունիքի մարզային վարչության պետ Վախթանգ Ավագյանի հետ` պարզելու, թե Արա Խաչատրյանին գտնելու համար ինչ է արվել մինչ այսօր: Նախ` պարոն Ավագյանն ասաց, որ ինքը շատ զբաղված է եւ մեր հարցերին չի կարող պատասխանել. «Ես խորհրդակցության եմ, հետո՛ զանգեք»:  Մի քանի ժամ անց մենք կրկին փորձեցինք զրուցել Ավագյանի հետ, սակայն վերջինս այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
Իսկ Կապանի բաժնի ոստիկանության պետ Արմեն Գեւորգյանն ասաց, թե այդ գործով դեռեւս ոչ մի նորություն չկա. «Դա մեր ամենօրյա աշխատանքն է եւ մեր ուշադրության կենտրոնում է, մենք ամեն օր աշխատում ենք, ուղղակի դեռեւս վերջնական արդյունքի չենք հասել: 27 տարի է` ես աշխատում եմ, ու ասենք, որ սպանություն լինի, եւ մենք չբացահայտենք, նման դեպք չի եղել, եւ սա էլ կրիմինալ չէ… բայց թե հիմա ինչի համար է տղան տանից դուրս եկել, ինչ է եղել, դրանով կոնկրետ բան չկա»:
Կապանի բաժնի ոստիկանության պետը հավաստիացրեց, որ Արա Խաչատրյանին գտնելու որոնողական աշխատանքները շարունակվում են, եւ իրենք յուրաքանչյուր օր այդ հարցով են զբաղված: Իսկ մեր այն դիտարկմանը, թե վեց ամիս է անցել, եւ որեւէ փոփոխություն չկա այդ աշխատանքներում, Գեւորգյանն ասաց. «Մեզ մոտ 2006 թվականի հուլիսի 16-ին մարդ էր կորել, եւ դրանից անցել է 5 տարի ու կես, սեպտեմբերին այդ մարդը հայտնաբերվել է. էլի քրեական գործ էր հարուցվել` սպանություն հոդվածով, պարզվեց, որ ինքը գնացել էր Վրաստան, այնտեղ էր ապրում: Սա էլ կարող է նման դեպքերից մեկը լինել»:
Գեւորգյանը հավելեց, որ փաստ է այն, որ Արա Խաչատրյանին չեն սպանել եւ առեւանգել: Որեւէ վարկած դեռ չկա, թե իրականում ինչ է կատարվել: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ իրենք ամեն օր որոնողական աշխատանքները շարունակում են եւ հուսով են, որ շուտով 30-ամյա երիտասարդը կգտնվի:
Զրուցեցինք նաեւ անհետացած Արա Խաչատրյանի քրոջ` Աննայի հետ: Վերջինս շատ սրտնեղած էր եւ լացակումած ասաց, որ ինքն այլեւս չի հասկանում,  թե ինչ կարող է պատահած լինել իր եղբոր հետ: Աննայի կարծիքով` ոստիկանությունը լավ չի աշխատում, իսկ որոնողական աշխատանքները նորմալ հունով չեն ընթանում, եւ դա է պատճառը, որ Արային շուրջ 6 ամիս է` չեն կարողանում գտնել:
Աննա Խաչատրյանն ասաց, որ ինքն ամեն ինչ անում է ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ հանդիպելու համար: Աննան հույս ունի, որ եթե ոստիկանապետը տեղեկանա Արայի անհետացման գործի մասին, որոնողական աշխատանքներն ավելի արագ կընթանան, եւ եղբորը կգտնեն:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս