ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ԵՆ ՍԱՐՔԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս ինտերնետում կրկին հայտնվեց Սոնա Շահգելդյանի ռուսերեն ելույթը, որը, հետո պարզվեց, հենց ինքը` Սոնան է տեղադրել` ապացուցելու, որ այս տարի ինքը շատ ավելի լավ է խոսել ռուսերեն, քան անցած տարի:
-Ես կարծում եմ, որ շատ լավ եմ խոսել, շատ ընտիր: Չեմ հասկանում` հիմա ինչի համար են խոսում: Այս տարի, երբ «Նոր ալիք»-ի հյուրն էի, շատ ճիշտ եմ խոսել: Հիմա ի՞նչ են ուզում ասած լինեն: Այդ հոլովակը ես եմ տեղադրել:  
-Հիշում եմ` անցած տարվա թերի ռուսերենով արտահայտվելուց հետո մի հարցազրույցում նշել էիք, որ արդեն պարապում եք, աշխատում այդ ուղղությամբ:
-Այս ձայնագրության մեջ, որ հիմա ես գցել եմ, բացարձակապես ոչ մի սխալ չկա: Իմ ընտանիքում բոլորը շատ լավ ռուսերեն են խոսում, իսկ այն, որ մի բառ վրիպել եմ,  չի նշանակում, որ ռուսերեն չգիտեմ: Անցած տարվանը ես շատ լավ գիտեմ` ով է սարքել ու գցել: Նա, ով ինձ նախանձում է: Ասեմ, որ առաջին ձայնագրության մեջ էլ լավ եմ խոսել, պարզապես մոնտաժ են արել եւ այնպիսի պահերն են գցել, որտեղ մի քիչ դժվարանում եմ խոսել: Այսինքն` դիտավորյալ են սարքել: Հիմա ամեն ինչ էլ կարողանում են անել: Դե թող իմ լավ ելույթից խոսեին, բայց ոչ, մի քանի մարդ իրեն շատ վատ է զգացել այն փաստից, որ ես հաղթել եմ:
-Այդ մարդիկ Հայաստանի՞ց են:
-Այո՛, եւ այդ ամենն արվեց իմ հաղթանակից հետո: Բարի նախանձ արտահայտություն չկա, բոլոր մարդկանց էլ, որոնք հաջողությունների են հասել, կնախանձեն:
Իսկ ինչ վերաբերում է այս անգամվա իմ խոսելուն, համաձայն չեմ բացասական կարծիքների հետ, թող կարողանան իմ կեսի չափով իրենք էլ խոսեն: Անկեղծ ասած, ինձ համար կարեւոր էր, որ ես լավ երգեմ, ոչ թե ցույց տամ իմ ռուսերենի իմացությունը: Ու դրսում մարդիկ ինձ սիրել են, միայն Հայաստանում են այսպես արձագանքել:
-Կարծում եք, որ երգչուհու համար պարտադիր չէ՞ լեզուների իմացությունը, կարեւորը լավ երգե՞լն է:
-Իսկ ամերիկացին կամ ռուսը քո հայոց լեզուն գիտի՞: Մեր բոլոր երգիչ-երգչուհիները լա՞վ են խոսում ռուսերեն: Ովքե՞ր են լավ խոսում, ուզում եմ իմանալ: Բնականաբար միայն նրանք, ովքեր ունեն ռուսական կրթություն: Ամոթ չէ չխոսելը: Ես ինքս անգլերեն շատ լավ գիտեմ, խնդիր չունեմ, միշտ էլ լավ եմ երգել օտար լեզուներով,  առանց ակցենտի: Բայց խոսելն ու երգելը մի քիչ տարբեր բաներ են: Դու կարող ես լավ ռուսերեն, անգլերեն երգել, բայց լավ չխոսել:
-Իսկ երբ լսում եք կարծիքներ, որ Սոնան լավ ռուսերեն չի խոսում, ինչպե՞ս եք արձագանքում:
-Ես կարծիքներ չեմ լսում, այնքան բան կա Հայաստանում երգիչների  մեջ շտկելու: Հենց մեկը այն, որ երգել չգիտեն, բայց բարձրանում են բեմ: Ուղղակի երգիչ կամ երգչուհի չեն լինում, այդպես ծնվում են: Միգուցե կան մարդիկ, որոնք ուզում են սարքեն իրենց, որ շոու բիզնեսի մեջ մտնեն, բայց չի ստացվում: Գիտեք, երգելը լեզուների մրցույթ չէ, մենք միջազգային հարաբերությունների բաժին չենք ընդունվում, այլ բեմական արվեստ ենք ցույց տալիս: Հիմա ասե՛ք, մարդիկ, որոնք չեն կարողանում ինչ-որ լեզվով վարժ խոսել, ծիծաղե՞նք իրենց վրա:
-Դե Ձեր ռուսերենի չիմացությունը դարձել է համընդհանուր քննարկման թեմա:
-Ոչինչ, թող քննարկեն, ես չեմ նեղվում: Միեւնույն է, ես այնպիսի մեծ հաղթանակ եմ բերել, թող բոլորը գնան, դրանից բերեն: Իսկ հիմա ռուսերեն կխոսեմ, թե չեմ խոսի, դա էլ արդեմ իմ խնդիրն է: Ես ինձ համարում եմ կայացած երգչուհի ու չեմ վախենում արտահայտվել: Տեսնում եմ` ով իրենից ինչ է ներկայացնում: Ոչ մեկին չեմ ուզում փնովել, նրանց մեջ ունեմ որակյալ ընկերներ:  
-Խոսքի մեջ մի քանի անգամ նշեցիք, որ Հայաստանում շատ բան կա փոխելու:
-Ես չեմ փնովում մեր հայրենիքը, բայց ամեն բնագավառում էլ շատ բան կա, որ պետք է փոխվի: Ամեն ինչ էլ ինձանից շատ լավ գիտեք: Դա արդեն ես չէ, որ պետք է որոշեմ: Շտկել պետք է թեկուզ հենց այն երեւույթը, որ մեկը 2-3 տարի երգում է ու մեկ էլ  ժյուրիի կազմում է նստում եւ իր կարծիքն արտահայտում:
-Լավ, իսկ մրցանակաբաշխությունների մասին ի՞նչ կարծիք ունեք:
-Այդքան էլ լուրջ չեմ նայում: Գիտեք, որ ես 15 տարի երգում եմ, բայց ոչ մի մրցանակի չեմ արժանացել: Մրցանակներով չի որոշվում ամեն ինչ: Մեր հայերը սիրում են, որ ինչ-որ մի տեղ գնաս, մասնակցես, երեւաս, հետո հետ գաս, եւ այդ ժամանակ ուշադրությունը մեծ կլինի: Լավերին ուշադրություն չեն դարձնում:
-Անցած տարվա մրցանակաբաշխությունից նեղվե՞լ եք:
-Ո՞վ է այդպիսի բան ասում: Ես, ծիծաղը դեմքիս, նստած եմ եղել եւ այդպես էլ դուրս եմ եկել դահլիճից: Իսկ այն, որ իմ ընտանիքի անդամները նեղված են եղել, դա էլ իրենց անձնական կարծիքն է: Ես կեղծավոր բաներ չեմ սիրում, բոլորին էլ բարեւում եմ, բարեւն Աստծունն է:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս